Վաթերլոոյից Բորոդինոյի ճակատամարտ

23/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Պարզվում է, պարոն Գեղամյանն ընդունում է իր հասցեին արված այն որակումները, թե ինքն ական է: Սակայն ԱՄԿ առաջնորդի վստահեցմամբ, ինքը ոչ թե ընդդիմության, այլ այս իշխանությունների տակ դրված ական է: Ականների ու ականազերծողների մասին` քիչ անց: Իսկ երեկ Արտաշես Գեղամյանն ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու կուսակցության նախագահության նիստում ընդունված որոշման մասին: Այսպիսով, ԱՄԿ-ում որոշում է կայացվել բոյկոտելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացն ամբողջությամբ: Իրենց համակիրներին ոչ միայն կոչ են անում չգնալ ու չմասնակցել քվեարկությանը, այլեւ ետ են կանչել հանձնաժողովներում` ԱՄԿ ներկայացուցիչներին: Ըստ կուսակցության նախագահության որոշման՝ ԱՄԿ կողմից առաջադրված տարածքային եւ տեղամասային հանձնաժողովների անդամները չպետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին՝ ներառյալ հանրաքվեի անցկացման եւ արդյունքների ամփոփման գործընթացները: ԿԸՀ-ում հանրաքվեի հետ առնչվող ցանկացած գործընթաց բոյկոտելու է նաեւ ԿԸՀ-ում ԱՄ ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը: Իսկ այն ԱՄԿ-ականները, ովքեր կհամարձակվեն խախտել կուսակցության նախագահության որոշումն ու կմասնակցեն հանրաքվեին ու դրա արդյունքների ամփոփման աշխատանքներին, կենթարկվեն «կուսակցական խստագույն պատասխանատվության»: Բայց դա չի նշանակում, որ հանրաքվեի օրը ԱՄԿ-ն բացարձակ անգործության է մատնվելու: Արտաշես Գեղամյանի տեղեկացմամբ` իրենք հանրաքվեի ընթացքը վերահսկելու են դիտորդների միջոցով: Եվ նա հատուկ հայտարարեց, որ իրենք հանրահավաքային պայքար չեն ծավալելու: Այսպիսով, առանցքային հարցերի շուրջ հայրենի ընդդիմությունը հերթական անգամ հայտնվել է երկփեղկված վիճակում: Ընդդիմադիր մի հատվածն` ի դեմս «18+8» ֆորմատի ու «Արդարություն» դաշինքի, արդեն հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին իրենք հավաքվելու են Երեւանում եւ հենց այստեղ են տեր կանգնելու իրենց ձայներին: Մինչդեռ, Արտաշես Գեղամյանը տրամագծորեն բոլորովին հակառակն է պնդում: Նա կոչ է անում այդ օրը մնալ տեղամասերում: «18+8» ձեւաչափի, ինչպես նաեւ` «Արդարություն» խմբակցության՝ հանրաքվեին առնչվող ցանկացած որոշման մենք խորը հարգանքով ենք մոտենում: Բայց զուգահեռորեն հայտարարում ենք, որ մենք որդեգրել ենք մեր մարտավարությունը: Իսկ մեր մարտավարությունն իր մեջ չի ներառում նման ժողովների կազմակերպում եւ անցկացում,- հայտարարեց պարոն Գեղամյանն՝ ավելացնելով,- փորձում ենք յուրովի ճանապարհ ընտրենք ու առանձնանանք մեր գործընկերներից»: Ընդդիմությանը հերթական անգամ քցելուց» հետո Գեղամյանին նորից կսկսեն մեղադրել ական լինելու մեջ: Բայց ԱՄԿ առաջնորդն ամենեւին էլ չի վախենում նման մեղադրանքներից: Ավելին, Գեղամյանն ընդունում է, որ իրենք՝ ԱՄԿ-ականները ականներ են: «Եթե ԱՄԿ-ն ական է, ապա ական է այս իշխանությունների տակը դրած: Ես հայի վերջին խելքն եմ գնահատում: Ես գործում եմ Հայաստանում, եւ բոլորը վաղ թե ուշ գիտակցում են, որ ԱՄԿ որդեգրած քաղաքականությունը միակ եւ ճիշտ քաղաքականությունն է, ինչի ականատեսը եղան բոլորը 2003թ. փետրվարի 19-ի ընտրություններից հետո»,- հպարտացավ ականի համբավ ունեցող քաղաքական գործիչը: Իսկ մեր այն հարցին, թե երբ են իրենք պայթելու, Գեղամյանը հայտարարեց. «Իշխանություններն իրենք իրենց են պայթելու, որովհետեւ իրենց բացասական գործողությունները հասել են այն զանգվածին, որ սամավզռիվ ա լինելու»: Չնայած ԱՄԿ-ն, ինչպես միշտ, խուսափում է հանրահավաքային պայքարից, սակայն Արտաշես Մամիկոնիչը երեկ մեծահոգաբար հայտարարեց, որ հարկ եղած դեպքում իրենք ձեռք կմեկնեն ընդդիմադիր իրենց գործընկերներին: Եթե «18+8» ձեւաչափի մաս կազմող ընդդիմությունը նոյեմբերի 27-ին իր խոստման համաձայն գրոհի նախագահականի վրա, ապա Գեղամյանը նրանց հետ կլինի:

Արտաշես Գեղամյանն ամենեւին էլ չի ընդունում այն տեսակետը, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն երկրում իշխանափոխություն իրականացնելու համար ընդդիմության վերջին շանսն է: Ի դեպ, այդ շանսը շատերը համեմատում են Վաթերլոոյի ճակատամարտի հետ: Ըստ Գեղամյանի՝ հանրաքվեն սովորական քաղաքական միջոցառում է: «Բայց եթե անգամ դա ճակատամարտ է, ապա դա մեզ համար ամենեւին էլ Վաթերլոո չի: Դա մեզ համար Բորոդինո է»,- ճակատամարտերի վերաբերյալ մի պատմական էքսկուրս արեց ու այդ թեմայի վերաբերյալ իր գիտելիքներն ի ցույց դրեց պարոն Գեղամյանը: Նա լրագրողներին բացատրեց, թե ինչու հիշեց հատկապես Բորոդինոյի ճակատամարտը. «Դրանից հետո փոքր նահանջ անելու պայմաններում հետագայում ջախջախիչ հաղթանակ կկրենք այս իշխանությունների հանդեպ, կքշենք իրենց: Ավելին, ասեմ, որ ՀՀ-ում ժողովրդավարություն կվերահաստատենք»: Արտաշես Գեղամյանը նաեւ հավելեց, որ եթե հանրաքվեի արդյունքում սահմանադրության այս նախագիծն անցնի, ապա ոչ թե ընդդիմությունը կպարտվի, այլ պարտվողը կլինի ժողովրդավարությունն ու պետությունը: Բայց այդ, «այո»-ն Արտաշես Գեղամյանը իշխանությունների համար համարում է պյուռոսյան հաղթանակ: Եվ այդ պատճառով այսօր իշխանությունը, ԱՄԿ նախագահի խոսքերով. «հանձինս պաշտպանության նախարար Սերժ Ազատիչի, հայտնվել են ցուգ ցվանգի վիճակում, ինչ գործ անում են, պարտվում են»: