ՀԺԿ-ն չի կողմնորոշվում

23/11/2005

Եթե «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը բոյկոտի եւ հանձնաժողովների իր անդամներին ետ կանչելու հարցում երեկ կարողացավ միաձայն համաձայնության գալ, ապա «Արդարություն» դաշինքն իր նիստի ժամանակ հանձնաժողովների անդամներին ետ կանչելու հարցում դեռ չի կողմնորոշվել: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի տեղեկացմամբ, պետք է քննարկեին քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների անդամների՝ տեղամասերում մնալ-չմնալու հարցը: Սակայն հետո որոշում է կայացվել՝ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ դաշինքի այսօրվա նիստը: Մանավանդ, որ այս հարցի շուրջ դաշինքում լուրջ տարաձայնություններ կան: Դաշինքի անդամներից Արշակ Սադոյանն, օրինակ, դեմ է հանձնաժողովների անդամների դուրս գալուն ու դա համարում է դավաճանություն: Մինչդեռ դաշինքի անդամ կուսակցությունների զգալի մասը կողմ է, որ հանրաքվեի օրը հանձնաժողովների անդամները դուրս գան: «Վաղը կանդրադառնանք հանձնաժողովների հարցին, պարզապես քննարկումը որոշակի տեխնիկական հարցերի հետ է կապված, որոնք այսօր կճշտվեն եւ վաղը վերջնական որոշում կկայացվի»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: Ինչ վերաբերում է Սադոյանի հայտարարություններին ու դաշինքի դիրքորոշման վերաբերյալ անհամաձայնությանը, ապա Վիկտոր Դալլաքյանը դրանում ոչ մի սարսափելի բան չի տեսնում: «Պարոն Սադոյանի այդօրինակ հայտարարություններին դուք արդեն սովորել եք ու իմունիտետ արդեն ձեռք բերել եք: Նույնը եւ ես»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դաշինքի անդամները պարտավոր են ենթարկվել որոշումներին: Դալլաքյանի տեղեկացմամբ, երեկվա նիստում որոշում է կայացվել նոյեմբերի 24-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «18+8» ֆորմատի հետ համատեղ հանրահավաք կազմակերպել: