Գեղանուշցիները՝ նոր աղետի առջեւ

19/01/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում:

Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, բայցեւայնպես, 2008թ. ապրիլի 25-ից մեծ «շուքով», պաշտոնական արարողակարգով շահագործման հանձնվեց վերոնշյալ ընկերության պոչամբարը: Այդ ժամանակ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան հանդես եկավ ազդեցիկ հայտարարություններով` ասելով, թե Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումները տրվել են` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, որը նվազագույնի է հասցնում պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրում: Ընդ որում, պոչամբարի շինարարական աշխատանքները կազմել են մոտ 6 մլն դոլար, իսկ պոչամբարում հնարավոր կլինի տեղավորել 11 մլն խմ կամ 18 մլն տոննա պոչանք: Ձեռնարկության տնօրենը նաեւ նշեց, թե թափոնաջրերը չեն հոսելու գետ, այլ մաքրված ջրերի շրջանառու համակարգի շնորհիվ վերադառնալու են ձեռնարկություն, եւ որ այդ թափոնաջրերը օգտագործվելու են տեխնիկական նպատակներով: Իհարկե, ընկերության նախկին գլխավոր տնօրենը «մեծահոգաբար» հայտարարեց նաեւ, թե այդ եղանակով իրենք խնայում են բնական ռեսուրսների օգտագործումը: Պարոն Ֆալլետայի այս «վարդագույն» երազներից անցել է ընդամենը մի քանի տարի, բայց այս տարիների ընթացքում ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որեւէ բան չփոխվեց, թերեւս, բացի Ռ. Ֆալլետայի աշխատանքից ազատվելու եւ Շահումյանի բնակիչների` բանավանը հարկադրաբար լքելու հանգամանքներից (ի դեպ, դա կատարվել է ընկերության` ֆինանսական մեծ ռեսուրսների «գնով»): Այսօր ընկերության նպատակներից մեկն է դարձել Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելը, ինչի մասին առայժմ որեւէ հստակ պատասխան չի տրվել, քանի որ, ըստ ընկերության աշխատակիցների, իրենք առայժմ հետազոտական աշխատանքներ են կատարում, եւ որ դեռ վաղ է հանքի բացման մասին խոսելը: Ըստ Գեղանուշի բնակիչների` հանքի բացման դեպքում ամենաշատը տուժել են իրենք` հաշվի առնելով պոչանքների նոր ծավալը, ինչպես նաեւ` Գեղանուշի պոչամբարի սահմանափակ լինելը: Օրեր առաջ մենք ինքներս ուղեւորվեցինք «Դինո գոլդ»-ի Գեղանուշի պոչամբար: Այն, ինչ կատարվում է այդ վայրում, պարզապես աղետալի է:

«Դինոյի» աղետալի պոչը

Գեղանուշի պոչամբարը տեղացիների շրջանում հայտնի է «Կյուտկումա խվոստ» անվամբ: Այն գտնվում է Կապանի երկաթգծային կայարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Պոչամբարն այնքան մոտ է քաղաքին, որ այնտեղ հասել էինք ոտքով, առանց ավտոմեքենայի օգնության: Ճանապարհին գեղանուշցի ուղեկիցս սկզբում պատմեց, որ տարիներ առաջ` պոչամբարի կառուցման ժամանակ, փոխել էին անգամ Գեղանուշի գետի հոսքը: Վայրկյաններ անց զրուցակիցս մատնացույց արեց բետոնե պատնեշներով գետը: Պոչամբարին դեռ չէինք մոտեցել, երբ ճանապարհին մի ավտոմեքենա կանգնեց` տաքսու նշանով: Երկու երիտասարդ տղաներ էին, առաջարկեցին ուղեկցել մեզ: Քիչ անց թեեւ պարզվեց, որ նրանք «Դինո գոլդի» աշխատակիցներից էին, բայց այդպես էլ անհասկանալի մնաց ավտոմեքենայի վրա տեղադրված տաքսի ծառայության նշանը: Նրանք մեզ ասացին, որ իրենք եւս «խվոստ» էին գնում:

Ինչեւէ, ավտոմեքենան կանգնեց պոչամբարից մի քանի մետր հեռավորության վրա: Երբեք նման տեսարանի ականատես չէի եղել` անտառածածույթի սրտում մոխրագույն բետոնի միջով հորդող կեղտոտ ջրեր, իսկ դրանից քիչ հեռու տեղադրված էր մի ցուցանակ, որն այցելուներին արգելում էր առանց համապատասխան ակնոցի եւ զգեստի ներխուժել տարածք: Գեղանուշցի ուղեկիցս, տեսնելով կարկամած վիճակս, սկսեց խոսել: Ասաց, որ նախկինում այդ տարածքում հսկա ընկուզենիներ կային, եւ որ հենց այդտեղով էր անցնում գյուղի ճանապարհը: Ըստ նրա` պոչամբարի կառուցման հետեւանքով գյուղի ճանապարհը փոխել են, ընկուզենիները, ինչպես նաեւ բազմաթիվ մարդկանց այգիներ ոչնչացվել են: «Ա՜յ, էն վերեւի ճանապարհով ենք գյուղ գնում: Բայց, եթե էսպես շարունակվի, մի քանի տարի հետո էս ջրերը կփակեն էդ ճանապարհը, իսկ հետո, գիտես, Կապանը մոտ է գտնվում: Էս ջրերը մեծ փորձանք են դառնալու մեր գլխին»,- տարածքը լուսանկարելուն զուգահեռ` խոսում էր գյուղի բնակիչը: Պոչամբարից անմիջապես վերեւ անցնում է գյուղի ճանապարհը, որը, ինչպես ասաց զրուցակիցս, տարիներ հետո կփակվի` թափոնաջրերի նման քանակության դեպքում: Այդ պահին ակամայից փորձում էի հասկանալ ընկերության նախկին գլխավոր տնօրենի մեջբերած «միջազգային նորմերով պոչամբարը», եթե առանց տրամաբանության էլ ամեն բան պարզ երեւում էր: Իսկ զրուցակիցս զբաղված էր իր հաշվարկներով, թե քանի տարի հետո պոչամբարը կփակի գյուղի միակ ճանապարհը: «Մի 5-6 տարի՞, թե՞..»,- շարունակեց Գեղանուշից ուղեկիցս: Դեռ մի քանի լուսանկար չէի արել, երբ մեզ մոտեցավ պոչամբարի հսկիչներից մեկը` նշելով, թե տվյալ տարածքն «իրենց հիմնարկի սեփականությունն է» եւ արգելվում է լուսանկարել: Հետաքրքիր է` ո՞վ, ինչպե՞ս եւ ե՞րբ է հասցրել բնությունը սեփականաշնորհել, եթե այդտեղ գտնվելու իրավունք ունի մեզանից ամեն մեկը: «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ` պոչամբարի կառուցումից առաջ որեւէ հաշվարկ չէր կատարվել, թե քանի արժեքավոր ծառ էր ոչնչացվել, իսկ ընկերությունը որոշ փոխհատուցում տվել էր այն մարդկանց, ովքեր տարածքներ ունեին վերոնշյալ վայրում: «Ամբողջ խնդիրն այն է, որ ժամանակին այդ գյուղի մարդիկ դեմ էին պոչամբարի կառուցմանը, եւ բավարարված չէին ընկերության որոշմամբ»,- նշեց Ի. Զարաֆյանը` ավելացնելով, որ ընկերությունը պետք է հաշվի առներ համայնքի բնակիչների կարծիքը: «Ընկերությունը պետք է գնահատի ռիսկերը, ապա այդ գնահատականները տրամադրի ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որից հետո նրանք պետք է միջոցառումների պլան մշակեն: Հակառակ դեպքում աղետ կլինի: Եթե ռիսկը չի գնահատվում, ապա անխուսափելի է աղետը»,- ասաց «Էկոլուր» հ/կ-ի նախագահը: