Ընդդիմության ավտոշարասյունը շրջեց մարզի գրեթե բոլոր գյուղերով, իսկ ժողովուրդը դուրս էր եկել փողոց ու ոգեւորված հետեւում էր ավտոշարասյանը: «Ժողովուրդ, Քոչարյանը փախել ա, կարո՞ղ ա ձեր մոտ ա»,- Արտաշատի Վերին Դվին գյուղի բնակիչներին հարցրեց ընդդիմության ակտիվիստներից մեկը: «Հա, մի քիչ վերեւ ֆերմա կա, ընդեղ ա»,- եղավ պատասխանը: Ընդդիմադիրների` «Ոչ սահմանադրական փոփոխություններին», «Բոյկոտ» կոչերին, ժողովուրդն արձագանգում էր «Մենք ձեզ հետ ենք» պատասխաններով: Այս անգամ իշխանությունները ոչ թե շարասյան միջից մեքենաներ դուրս բերելու փորձեր արեցին, այլ` մարդկանց արգելեցին դուրս գալ հրապարակ եւ մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Նման փորձեր եղան եւ՛ Արտաշատում, եւ՛ Արարատում: Իսկ Ջրաշեն, Վերին Արտաշատ գյուղերի ճանապարհները, որտեղ ՀԺԿ-ն միայնակ էր գնացել հանդիպում ունենալու, ոստիկանները փակել էին: «Խայտառակ իրավիճակ էր, ոստիկանները, մայորները, առանց համարանիշների ավտոմեքենաներով փակել էին ճանապարհները, մարդկանց չէին թողնում գալ հանրահավաքի: Ժողովրդին վախեցրել էին, Արտաշատի կամրջի մոտ ոստիկանները կանգնած չեն թողնում մարդկանց գալ հրապարակ»,- պատմեց ՀԺԿ քարտուղար, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը` ավելացնելով, որ իրենց ամբողջ քարոզարշավը տեսագրում էին ԱԱԾ աշխատակիցները: Արտաշատի հրապարակին կից «Փոստ»-ի շենքից նույնպես տեսագրում էին ընդդիմության քարոզարշավը, իսկ Արարատում նույն օպերատորը ստիպված էր բարձրանալ «Այո» շտաբի պատշգամբի ճաղերի վրա:
Առաջին կանգառ. Արտաշատ
Արտաշատցի նախկին պատգամավոր, ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը բողոքում էր, որ ժողովրդին վախեցրել են եւ չեն թողնում դուրս գա ընդդիմության հետ հանդիպման: «Արտաշատի կամրջի մոտ ոստիկանները կանգնած ժողովրդին հետ են ուղարկում»,- ասաց նա: Չնայած դրան, քիչ անց Արտաշատի հրապարակը բազմամարդ էր, որտեղ միասնական ընդդիմությունը ժողովրդին խոստացավ նոյեմբերի 27-ին գնալ մինչեւ վերջ, եթե ժողովուրդը հավաքվի Երեւանում: Իսկ եթե իշխանությունները փորձեն խոչընդոտել, ապա Արամ Զ. Սարգսյանը խոստացավ անձամբ Արարատից գնալ Արտաշատ ու նույն ավտոշարասյունով նրանց ուղեկցել Երեւան: «Եթե տանեք` բոլորս էլ կգանք»,- վստահեցրին արտաշատցիները:
Ընդդիմության հետ էր նաեւ Մտավորականների ֆորումի անդամ Երվանդ Մանարյանը. «Եթե ինձ այս տարիների ընթացքում վեց թե քանի անգամ խաբել են, իմ քվեները կեղծել են, ես ապուշ չեմ, որ նորից գնամ, մոտենամ քվեատուփին: Նորից խաբելու են, որովհետեւ այդ մարդկանց ձեռքը սովոր է խաբեբայության, որովհետեւ այդ մարդիկ կեղծիքն ու խաբեբայությունը դարձրել են իրենց ազգի մենթալիտետը: Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չենք գնա եւ չենք քվեարկի: Թե ինչ կլինի դրանից հետո, ես չգիտեմ` թող կուսակցությունները մտածեն, բայց ես պարզերես կմտնեմ տուն եւ կկարողանամ ամենայն անկեղծությամբ գրկել իմ փոքր թոռնուհուս ու ասել` քո ապագայի համար ավելին անել չէի կարող»,- ասաց դերասանը: Ընդդիմության հայտարարություններն այս անգամ շատ կոնկրետ էին: Օրինակ, Արշակ Սադոյանն` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` միակ տղամարդու մասին կոչին, արտաշատցիներին խոստացավ. «Բա մենք էդքան փուչ տղամարդ ենք, որ չգանք ասենք` թող, գնա, հերիք եղավ, բոլ եղավ: Եթե նոյեմբերի 27-ին էլ չկարողանանք, կարող եք ասել` դուք ի՞նչ տղամարդ»: «Սաղս էլ տղամարդ ենք` ի՞նչ է եղել»,- վստահեցրին արտաշատցիները: Իսկ Վիկտոր Դալլաքյանը ժողովրդին բացատրեց, որ բոյկոտելով իրենք մերժելու են Քոչարյան կլանին` Միկա Բաղդասարովին ու Ֆլեշին, ովքեր ժողովրդի վրա բենզին վաճառելով տարեկան գողանում են 55մլն ԱՄՆ դոլար: Այնուհետեւ ելույթի համար խոսք տրվեց Արտաշատում «գալարվող նոր ժամանակների շնչին»` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին, որը մինչ բարձրախոսին միանալը զանգեց «իր մտերիմներից» մեկին ու ասաց. «Լսի, ես եմ խոսում», ու հեռախոսը փոխանցեց թիկնապահին: Վերջինս կանգնեց Ա. Կարապետյանի կողքին ու ելույթի ողջ ընթացքում հեռախոսը պահեց բարձրախոսի մոտ: Նույնը կրկնվեց նաեւ Արարատում: Իսկ իր ելույթում նա հայտարարեց, որ նոյեմբերի 27-ին հենց «կրիտիկական մասսա հավաքվի, իրենք գնալու են Բաղրամյան, նախագահի նստավայր ու ասելու են` Ռոբերտ, հեռացի՛ր: Այս անգամ որեւէ մեկին չի թույլատրվելու կանգ առնել»: Իսկ հետո` դիմելով Ռոբերտ Քոչայանին, ասաց. «Ոչինչ էիք, բերեցին, մարդ սարքեցին ձեզ այս երկրում, ու հիմա եկել-մտել եք մեր տուն ու ուզում եք ասել, թե տղամարդ չկա: Ասել եմ` ձերբակալեք էլ, բռնեք էլ, ինչ ուզում եք` արեք, գնալու ենք մինչեւ վերջ»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` դիմելով ժողովրդին` ասաց. «Որեւէ մեկն իր իշխանությունը հեշտ ու հանգիստ չի տա: Սրանք իրենց «այո»-ի պաստառների նման կպել են ձեր պատերին, ու դրանց էդ պատից պոկել է պետք: Նույնիսկ կասկածում եմ, որ էդ Գալուստ սահակյաններն ու իսագուլյաններն էլ կարող է գնան «ոչ» ասեն: Սրանք բոլորին դավաճանել են, սրանք անընդհատ թիմից թիմ փախնող մարդիկ են եղել: Վախն ու վրեժխնդրությունը եղբայրներ են: Վախեցած մարդը վրեժխնդիր է լինում, մեր ժողովուրդն այդ վախը պահածոյի տուփի մեջ փակել է, հենց բացվեց` շատերն են տուժելու, զգուշացեք, էյ, իշխանավոր տղերք, էդ օրը եկել է,- իշխանություններին զգուշացրեց Արամ Սարգսյանն ու ժողովրդին հիշեցրեց, թե ինչպես էին դողում Շեւարդնաձեի ձեռքերը։- Հեռուստատեսությամբ դուք այդ վիճակում կտեսնեք Քոչարյանին, կառուցելու ենք այն երկիրը, որտեղ անձեռնմխելի է լինելու ոչ միայն նախագահն ու վարչապետ, այլեւ ողջ ժողովուրդը»: Ստեփան Դեմիրճյանին ժողովուրդն Արտաշատում ընդունեց «ոսկի տղա է, վայ ցավդ տանեմ, մեռնեմ կյանքիդ» բացականչություններով, իսկ նա ժողովրդին ասաց. «Ինչ անելու ենք` միասին ենք անելու»:
Երկրորդ կանգառ. Արարատ
Հրապարակում հնչում էր Շուշան Պետրոսյանի «Սպարապետ» երգը: «Այստեղ մեր Վազգենին ենք միշտ հանդիպել»,- ասում էին արարատցիներն ու հավատացնում էին, որ իրենք տեր են կանգնելու նրա հիշատակին: Վիկտոր Դալլաքյանն իր ելույթը սկսեց Ռոբերտ Քոչարյանի որդու` «Պապ, բա քեզ պետք ա՞» խորհրդի մեկնաբանությամբ: «Քոչարյանի տղան Քոչարյանին ասում էր` դու ե՞րբ ես սահմանադրությամբ առաջնորդվել, որ հիմա առաջնորդվես, քո ինչի՞ն է պետք: Դա էր ասում: Դա ցույց է տալիս, որ Քոչարյանն անգամ իր ընտանիքում չի կարողանում քարոզչություն իրականացնել, իր տղան էլ էր կասկածում իր վրա»:
Արշակ Սադոյանն էլ այն արարատցիներին, ովքեր որոշել են գնալ ու «ոչ» քվեարկել, խորհուրդ տվեց քվեաթերթիկների վրա «խաչուփաչ» անել, ջնջել կամ ճղել: Արարատցիներն Արամ Սարգսյանին ընդունեցին «Արամ, Արամ» կոչերով: «Դուք միշտ հզոր եք եղել, ամեն ինչ ձեզանով է սկսվել ու հեղափոխությունն էլի ձեզանից է սկսվելու: Հայրենիքը ձեր կարիքն ունի, դուք ըմբոստ եք, որեւէ ոստիկանապետ, մարզպետ, քաղաքապետ երբեք չի կարողացել ձեր վրա: Այսօր մենք ունենք հստակ անելու բան, իսկապես ես երկիրը համարում եմ վտանգված ու լուրջ անելիք ունենք,- արարատցիներին դիմեց Արամ Սարգսյանն ու դիմացի «Այո» շտաբի երկնագույն պաստառը մատնացույց անելով` ասաց: -«Եվ Գառնիկ իսագուլյաններն այդ երկնագույնին ուզում են «այո» ասել: Է, թող ասեն, նորությո՞ւն է մեզ համար: Մի՛ գնացեք ընտրատեղամասեր, Արարատը պետք է մասնակցության ամենացածր ցուցանիշն ունենա, այս իշխանությունների հետույքները պետք է պոկենք աթոռներից: Նա (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է.-Լ.Ս.) պետք է գնա յուղ փոխելու, իսկ ժողովրդին պետք է ղեկավարի այն մարդը, ում կընտրի ժողովուրդը: Փառք նոր ընտրված ՀՀ նախագահին»: «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանն էլ խոստացավ իշխանություններին տալ եւ՛ ավիակերոսինը, եւ՛ յուղը, որ նրանք վառելով հեռանան այս երկրից: