«Corriere della Sera» թերթի հաղորդմամբ` Իտալիայում արտառոց եւ հազվագյուտ երեւույթ է տեղի ունեցել. երկնքից թափվել է «քիմիական ձյուն»: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուժեղ քամիները Ռուսաստանի արտադրական աղտոտված շրջաններից քշել-հասցրել են քիմիական վտանգավոր էլեմենտներ, որոնք ձնախառն թափվել են Իտալիայի Միլան քաղաքի վրա: Ձնահոսքի հետեւանքով օդն աղտոտվել է քիմիական մի շարք թունավոր էլեմենտներով` պղնձի սուլֆատով, պղնձի օքսիդով, սնդիկի յոդատով, կադմիումով, սիլիկատներով, եւ այլն:
Միլանի սարսափած բնակիչները սպասում են, թե երբ է դադարելու վտանգավոր ձյունը, որն, ըստ գիտնականների, կթափվի այնքան ժամանակ, մինչեւ կավարտվեն Ռուսաստանից ներհոսած քիմիական տարրերը: «Էկոլոգների համար այս ֆենոմենը մի ազդանշան է ամբողջ աշխարհին, որ օդի աղտոտվածությանը, որտեղ էլ այն լինի, պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ բոլոր ազգերն ապրում են մեկ ընդհանուր մոլորակի վրա»,- գրում է թերթը: