«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համոզված է, որ Էթիկայի հանձնաժողովը բուտաֆորիա է, որը Հայաստանում իր տեսակով կլինի երկրորդը` Հանրային խորհրդից հետո: Նրա խոսքով, սա իմիտացիա է, եւ եթե մինչ այս Հանրային խորհրդի միջոցով ներկայանում էինք որպես հանրային ազգ, հիմա էլ էթիկայի հանձնաժողովի միջոցով ներկայանում ենք որպես էթիկական ազգ: Ա. Սեդրակյանի խոսքով` նման հանձնաժողովներով հնարավոր չէ մարդկանց խաբել, որովհետեւ «մեր ազգը շատ լավ գիտի իր ներքին էթիկական եւ հանրային ռեսուրսը»: «Իրական խնդիրներին լուծում տալու փոխարեն` ստեղծվում են ինչ-որ բուտաֆորիկ համակարգեր: Ես հասկանում եմ, ուզում ենք մեզ ներկայացնել իբրեւ էթիկական ազգ, բայց հասարակությունը ինքը շատ լավ գիտի իր ներքին էթիկան: Ինչպես ժամանակին փորձեցին հանրությունը փոխարինել հանրային խորհրդով, այնպես էլ հիմա փորձում են էթիկան փոխարինել էթիկական հանձնաժողովով»,- ասել է նա: Բանավեճի մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հակադարձել է` ասելով. «Այս հանձնաժողովը պաշտոնյաների համար դառնալու է զսպման, զգոնության ինստիտուտ: Պետք չէ թերահավատորեն վերաբերվել մի կառույցի, որ ընդամենը մի քանի օր է, որ գործում է»: