ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ազգային ժողովում խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ իրեն բավական տարօրինակ է պահել:
Հատկապես խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների հետ հանդիպելիս նա շատ անհանդուրժող կեցվածք է ընդունել: Չի ցանկացել խոսել այս խմբակցությունների անդամների կողմից առաջիկա ընտրությունների շուրջ բարձրացրած խնդիրներից, այն դեպքում, երբ օրեր շարունակ հրապարակվող հաղորդագրություններում նշվում էր, թե համազեկուցողի հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը լինելու է հենց այս հարցը: Երեկ այս երկու խմբակցությունների անդամները
Ջ. Պրեսկոտի հետ հանդիպումից դուրս եկան բարկացած: Պրեսկոտը կտրականապես հրաժարվել է քննարկել ընդդիմության` 100% համամասնական ընտրակարգին վերաբերող առաջարկը: Հիշեցնենք, որ տարեվերջից սկսած այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում թե այս երկու կուսակցությունների, եւ թե արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների կողմից: Անցած շաբաթ խորհրդարանական ընդդիմությունն այս կապակցությամբ համապատասխան օրենսդրական առաջարկություն է ներկայացրել խորհրդարան: Իսկ ՀՀ իշխանությունները թեեւ ընդունում են դա որպես սկզբունք, բայց մերժում են կիրառել գարնանը տեղի ունեցող ընտրությունների ժամանակ: Եվ այնպես է ստացվել, որ իշխանությունների այս տեսակետը համընկել է համամասնական ընտրակարգի նկատմամբ Ջ. Պրեսկոտի ունեցած վերաբերմունքի հետ: Վերջինիս անհանդուրժողականությունն այս հարցի նկատմամբ երեկ այնքան է սրվել, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, երբ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը փորձել է խոսել այդ առաջարկի մասին, համազեկուցողն ընդհատել է եւ ձեռքով հարվածել սեղանին: «Իմ դիտարկումը, չգիտես ինչու, զայրացրեց պարոն Պրեսկոտին, ինչը անհասկանալի էր: Եվ այդտեղ բանավեճը տաքացավ մեր մեջ: Ես, բնականաբար, հակադարձեցի, թե ձեր առջեւ հարց ենք բարձրացնում, բարի եղեք այդ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է այսօր Հայաստանում: Եվ որպես զեկուցող` պարտավոր եք անդրադառնալ առկա տեսակետներին եւ անել ամեն ինչ, որպեսզի ընտրություններից առաջ մեծանա վստահությունը ընտրությունների նկատմամբ: Չէ՞ որ դա է ԵԽ ԽՎ-ի բանաձեւերի մեջ կարմիր գծով գնացող պահանջը»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքերով` Ջ. Պրեսկոտն ընդհանրապես հրաժարվել է խոսել ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրություններից եւ հայտարարել է, թե ինքը դիտարկելու է միայն գոյություն ունեցող իրավիճակը: Նա նաեւ չի ցանկացել անդրադառնալ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մանրամասներին` խոսելով միայն դրանց հետ կապված ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջած դատաիրավական եւ Ոստիկանության համակարգերում կատարված բարեփոխումների մասին: Նույնը արել է նաեւ ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ: ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքերով` նա համազեկուցողին ասել է, թե անընդունելի է, երբ Պրեսկոտը ՀՀ է եկել նախընտրական շրջանում եւ ուզում է խուսափել ընտրությունների մասին խոսելուց: «Մենք 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մեր առաջարկը ներկայացրեցինք եւ ասացինք, որ դա նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ցանկությունն է: Եթե նուրբ ասեմ` այդ ժամանակ Պրեսկոտի մոտ ընդվզում տեսա: Ասաց, թե եկել է մարտի 1-ի համար` մոռանալով, որ մարտի 1-ն իր խորքում ունի այլանդակված, խեղված ընտրական պրոցեսներ, որի արդյունքում չիրացված ընդդիմությունը հայտնվեց փողոցում` իր հետ տանելով ժողովրդի այն մասին, ում ձայները գողացվել էին: Եթե Պրեսկոտն այս գիտակցումը չունի, որ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական կայունության հեռանկարը պայմանավորված է արդար ընտրություններով, ես խորապես կասկածում եմ նրա առաքելությանը: Նաեւ հիշեցրեցի, որ մենք Արեւելյան գործընկերության ծրագրի երկիր ենք: Եվ եթե դուք շահագրգիռ եք մեր երկրի խաղաղությանն ու կայունությանը, որ ամեն անգամ ընտրություններից հետո հանձնաժողովներ չգան, ու մենք մոնիտորինգի տակ չընկնենք, մենք գտնում ենք, որ 100 տոկոսանոց համամասնականը կարող է լուծել այդ խնդիրները»,- ասաց պատգամավորը:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավորի` Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նպատակով 2008թ. կազմավորված աշխատանքային խումբը ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ կողմ էր համամասնական ընտրակարգին: Եվ այս ուղղությամբ նույնիսկ քաղաքական համաձայնություն է եղել, սակայն ավելի ուշ իշխանությունները հասկանալով, որ այդ ընտրակարգով նրանք չեն կարող ԱԺ-ում մեծամասնություն ունենալ` հրաժարվեցին դրանից: Իսկ ԱԺ-ում Պրեսկոտի հանդիպումները երեկ գնալով ավելի հետաքրքիր ընթացք են ունեցել: ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ հանդիպումներից հետո համազեկուցողը վերջապես հասկացել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը սկզբունքային հարց է ՀՀ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության համար: Արդեն «Օրինաց երկիր» խմբակցության հետ հանդիպելու ժամանակ ինքն է բարձրացրել այդ հարցը` հասկանալու համար, թե իշխանությունն ի՞նչ դիրքորոշում ունի: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ տեղեկացրեց, որ համազեկուցողին իրենք ասել են, թե դեմ չեն այդ ընտրակարգին, պարզապես դրա հետ կապված սահմանադրական եւ օրենսդրական խոչընդոտներ կան: Եվ այդ խնդիրները վերացնելու համար մինչեւ ընտրություններն ընկած ժամանակը շատ կարճ է: Նրա խոսքերով` բացի այդ, կուսակցություններն իրենք էլ պետք է պատրաստ լինեն, որ «ՀՀ բոլոր շրջաններով խորհրդարանը ծածկենք ՀՀ մարզերի ներկայացուցիչներով»: Եվ սա` այն դեպքում, երբ ՕԵԿ-ն անընդհատ հայտարարում է, թե իրենք կադրային խնդիր չունեն: Իսկ Հ. Բիշարյանի ներկայացմամբ` Ջ.Պրեսկոտը մեր երկրում առաջընթաց, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ եւ դրական փոփոխություններ է տեսել: «Ես նրա դրական արձագանքներից հասկացա, որ համազեկուցողների հաջորդ զեկույցը երեւի կլինի ավելի լավը, քան նախորդը»,- ասաց Հ. Բիշարյանը:
Եվ ահա 100 տոկոսանոց համամասնական ընտրակրագի մասին ՕԵԿ-ի կողմից ներկայացված «հակասահմանադրական» կարծիքը լսելուց հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ Ջ.Պրեսկոտը նորից հրաժարվել է այդ թեմայի մասին կարծիքներ լսելուց: «Նա մեզ խնդրեց հանդիպմանը հատկացված 30 րոպեի ընթացքում չխոսել այդ մասին, որովհետեւ, նրա խոսքերով` Մեծ Բրիտանիայում նույնպես վիճաբանություն կա մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի հետ կապված: Ասաց, թե ընտրություններին մնում է 4 ամիս, եւ չենք հասցնի Սահմանադրության մեջ կամ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ իրականացնել: Սակայն Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումը արտահայտված է մեր ծրագրի մեջ: Եվ 100% համամասնականին մենք կողմ ենք: Եվ մենք պատրաստ են քննարկել այդ հարցը այսօր, վաղը կամ ընտրություններից հետո»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
ՀՀԿ խմբակցությունից Պրեսկոտի հետ հանդիպել էր նաեւ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Համազեկուցողը նրանց հետ նույնպես խոսել էր Ոստիկանությունում եւ դատաիրավական համակարգում ընթացող փոփոխությունների մասին: Եվ այն մասին, թե հետագա ընտրություններն ի՞նչ ընթացք կարող են ունենալ: Այստեղ նույնպես Պրեսկոտը չի ցանկացել խոսել համամասնական-մեծամասնական ընտրակարգերի մասին: Իսկ Հ. Սահակյանը նույնպես գտնում է, որ Սահմանադրությունը խոչընդոտներ ունի ամբողջությամբ համամասնական ընտրակարգի դեպքում: Պատգամավորը վկայակոչեց Սահմանադրության 64-րդ հոդվածը, թե «պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող անձը»: «100 տոկոսի դեպքում պատգամավոր դառնալ ցանկացողը չի կարող իրացնել իր ընտրվելու իրավունքը, եթե որեւէ կուսակցություն չցանկանա նրան ընդգրկել իր համամասնական ցուցակը, կամ մարդն ինքը չցանկանա ընդգրկվել որեւէ ցուցակ: Իմ կարծիքով` կա որոշակի խնդիր»,- ասաց Հ.Սահակյանը:
«Դա Սահմանադրության սխալ մեկնաբանություն է: Ավելին` Սահմանադրությամբ կուսակցություններին վերապահված է ժողովրդի քաղաքական կամքը իրացնելու եւ կամքին համապատասխան ներկայացուցչական մարմին ձեւավորելու իրավունքը: Եվ եթե սա համադրում ենք ԱԺ դերի ու քաղաքական կարգավիճակի հետ` ապա ԱԺ-ն, լինելով քաղաքական մարմին, պետք է ձեւավորվի քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ավելին, այն ժամանակ իրենք էին ասում, որ չի հակասում եւ խոսքը գնում է քաղաքական ինստիտուտի մասին»,- ասում է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք նաեւ, որ անցած երկու տարիներին, երբ խորհրդարանում քննարկվում էր Ընտրական օրենսգրքի նախագիծը, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները մի շարք առաջարկություններ էին ներկայացրել, այդ թվում եւ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի առաջարկը: Այլ առաջարկությունների հետ միասին չընդունվեց նաեւ դա` պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ: Սակայն կոալիցիոն խմբակցությունների կողմից հակասահմանադրականության մասին ակնարկ չհնչեց: «Ավելին, Դավիթ Հարությունյանը, որպես Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար եւ Սահմանադրության գիտակ, ասել է, որ նման խնդիր չկա»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Ջոն Պրեսկոտը երեկ հանդիպել է նաեւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ, իսկ այսօր կհանդիպի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: