ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին, հայտարարել է, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011թ. վերահաստատել է վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումներն էլ, ըստ նրա` հիմնավորել են ընտրված մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը:
Նալբանդյանի դիտարկմամբ` դրա ապացույցն էին մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, մայիսի 26-ին Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, հունիսի 24-ին Կազանում կայացած ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդին Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը: Նալբանդյանի խոսքով` 2011թ. նշանավորվել է նաեւ հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչն արտացոլվել է երկկողմ հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի նախագահի առաջին պետական այցով Ռուսաստանի Դաշնություն: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ՀՀ հարաբերություններին, ապա Էդ. Նալբանդյանի խոսքով` դրանք նույնպես անցյալ տարում հաջողվել է «որակական նոր մակարդակի» բարձրացնել: Ավելին, ըստ նրա` «բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա ասել է. «Վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից»: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված (Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատիժ սահմանող) որոշմանը հաջորդած Թուրքիայի արձագանքներին ու հնչեցրած փաստարկներին, ապա, ըստ Էդ. Նալբանդյանի` դրանք թույլ ու անհիմն են: «Իսկ այն փաստարկները, որոնք հնչում են, թե իբրեւ Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահեր կան, եւ եթե այս օրենքը ընդունվի, ուրեմն կարող է խոչընդոտել նրան, որ Թուրքիան ինչ-ինչ դեր կարող էր խաղալ տարածաշրջանային այս կամ այն հարցում, կարծում եմ, որ, գիտեք, այստեղ մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս անգամ»: