Ինչպե՞ս է վարչապետը «թռնում» Քաջարանի հարցից

17/01/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին:

«ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, թե տեղական որոշ չինովնիկներ, ինչպես նաեւ կառավարության ոլորտի պատասխանատու անդամները իրականությանը ոչ այնքան մոտ պատկեր են իրեն «հրամցրել»: Մեր աղբյուրները պնդում են, որ կառավարության ղեկավարն արդեն հասցրել է մի լավ բարկանալ ոլորտի պատասխանատուների վրա, իսկ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի»,- ասվում է լրատվական կայքում: Ինչպես ասում են` եփած հավի ծիծաղը եկավ. նախ` «ձեռքը սեղանին խփելու» մասով, ապա` ապատեղեկացվելու: Փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանին «ապակողմնորոշելու» պատճառով բոլորովին պատահականորեն 2011թ. ապրիլի 28-ին իր իսկ գլխավորած Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով փաստացի ոչնչացման վտանգի տակ է դրել Քաջարան գյուղի գոյությունը (հիշեցնենք, որ նշյալ որոշումը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին է): Նշյալ որոշմամբ` 500 հա հող հատկացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որից 181,7 հա հողը կազմում է Քաջարան գյուղի տարածքը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր եւ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով գյուղացիներին, ավելի հստակ` սյունեցիներին, սպառնում է օրվա «մի կտոր» հացը կտրելով, վերջերս շատ «հանգիստ» խղճով տրակտորներ էր բերել գյուղի գերեզմանոցի տարածք` գերեզմանոցները քանդելու նպատակով: Մ. Հակոբյանը նաեւ հայտարարել էր, թե ինքն այդպիսով ՀՀ Կառավարության որոշումն է կատարում, ինչին քաջարանցիներն ընդդիմացել էին` ասելով, որ իրենք երբեք չեն լքի իրենց հողերը եւ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ: Բանը հասավ նրան, որ գյուղացիները պայքարելով ստիպված եղան տրակտորների դիմաց կանգնել, որին խառնվեցին նաեւ ոստիկանական ուժերը: Այդ աղմուկը հասավ մինչեւ անգամ ՀՀ Կառավարություն, որտեղից «հատուկ» պատվիրակություն ուղարկեցին գյուղ: Պատվիրակները զարմացել էին, որ նշյալ վայրում գյուղ էին տեսել. նույնիսկ չէին կարողացել զսպել իրենց զարմանքը, ինչին ի պատասխան` գյուղացիները պատասխանել էին. «Ինչի՞, զարմացել եք, որ էստեղ գյուղ կա՞, մարդի՞կ կան»:

Այս ամբողջ պատմության զավեշտալի դրվագներից մեկը դարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե իրեն իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել, ապակողմնորոշել են: Ձեռքն էլ սեղանին է խփել… Չենք զարմանա, եթե մի օր էլ Տ. Սարգսյանը հայտարարի, թե երկրի տնտեսական ծանր վիճակի մասին իրեն սխալ են զեկուցել, սխալ տվյալներ են ներկայացրել: Նախորդ տարվա դեկտեմբերին նույն այս վարչապետը աշխատանքային խումբ էր ուղարկել Քաջարան գյուղ, իսկ աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանն էր: Օրեր առաջ Կառավարության պատվիրակությունը նամակ է ուղարկել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Նամակը Կառավարության աշխատանքային խմբի գյուղ կատարած այցի արձանագրությունն է, որտեղ հանգամանորեն նշվել են պատվիրակների ելույթներն ու առաջարկությունները, ապա հայտնել են աշխատանքային խմբի որոշումը, ըստ որի` ընկերությանը, այսինքն` ԶՊՄԿ-ին, առաջարկվել է այլընտրանքային ուղիներ եւ խնդրի կարգավորման լուծումներ: «Կառավարության ուղարկած թղթի մեջ ասվում է, որ գյուղի տեղահանման հարցն է դրված, որ ձեռները քաշեք: Իրենք մեր հողերն են ուզում, մենք չենք տալու»,- ասաց Քաջարանի գյուղապետը` անդրադառնալով նաեւ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի այն հայտարարություններին, թե գյուղի հողերն իրենց առայժմ պետք չեն: «Մաքսիմ Հակոբյանն ի՞նչ ա ասում: Մաքսիմ Հակոբյանը թող խելքը հավաքի գլուխը: Մենք հող չենք տալիս, ինքն էլ ստիպված ասում ա, որ իրենց առայժմ պետք չի, թող մեզ հանգիստ թողնի, մենք հող տվող չենք: Իրան ասեք` թող հանգիստ մնա»,- մեզ հետ զրույցում ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը` նշելով, թե եթե կոմբինատին պետք չէին հողերը, ապա ինչո՞ւ տրակտորներ գցեցին գյուղ, ինչո՞ւ դիմեցին Կառավարության օգնությանը: «Դե, եթե էդ հողերը պետք չեն, թող դիմեն Կառավարությանը` որոշումն անվավեր ճանաչելու համար»,- ավելացրեց գյուղապետը: Մեր այն դիտարկմանը, թե օրեր առաջ մենք ինքներս տեսանք գյուղի եկեղեցու տարածքում հայտնված դեղին տրակտորը, ի՞նչ նպատակով էր այն օգտագործում, գյուղապետը պատասխանեց, որ այդտեղ տրակտոր չի տեսել, կամ, հավանաբար, այդ տրակտորը տանում էին կարիեր` բաց հանք: «Երեւի պատահական էիք տեսել»,- հավելեց Քաջարանի գյուղապետը, ում փոխանցմամբ` ինքը ետ չի վերցրել գյուղապետի պաշտոնից իր հրաժարականի դիմումը: «Ես դիմումը գրել եմ, գցել իրենց առաջը: Հարցը լուծե՞լ են, որ ես դիմումս հետ վերցնեմ»,- նշեց Ռ. Աթայանը` կրկին հիշատակելով ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումը:

Քաջարանը` Ամանորյա տոներից հետո

Ամանորից մի քանի օր անց նստեցի առաջին իսկ պատահած տաքսին եւ այցելեցի Քաջարան գյուղ: Վարորդը գորիսեցի էր, բայց աշխատանքի բերմամբ ապրում էր Քաջարանում: Մինչ գյուղ հասնելը հարցուփորձ էր անում, ապա մատնացույց էր անում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ահռելի տարածքները, բաց հանքը, կորամեջք, խեղճացած բանվորներին: «Սաղին խեղճըցնում են, տու գյուդում չըս: Սաղ զզված ըն, բայց կարալ չըն խոսան, թե չէ` խըզըկոթներին կտան, դուրս կհանեն»,- գյուղի ճանապարհին զայրացած պատմում էր գորիսեցի վարորդը: Քիչ անց կանգ առանք` գյուղացի մայր ու տղային մեզ հետ գյուղ տանելու համար: Հոգսաշատ կինն այլեւս չխոսեց ինձ հետ, երբ իմացավ, որ լրագրող եմ: «Մեզանա պեն կախված չէ: Մուք հի՞նչ անենք»,- գյուղի տեղահանման մասին ասում էր կինը: Տաքսին կանգնեց գյուղի հուշարձանի մոտ: Իսկ հուշարձանից փոքր-ինչ վերեւ գտնվում է գյուղի գերեզմանոցը: Վարորդն էլ դուրս եկավ ավտոմեքենայից. բոլորս մի տեսակ լուռ, գլխիկոր նայում էինք սարերին: Գերեզմանոցի ճանապարհին երեւում է գյուղի համայնապատկերը, որտեղ ապրելու մասին վկայում է մերթընդմերթ բարձրացող կապույտ ծուխը: Գյուղի բնակիչներին հրաժեշտ տալուց, ապա մի քանի լուսանկար անելուց հետո իջա գյուղի կենտրոնական հատված: Ցեխառատ ու կեռ ճանապարհներին ցաքուցրիվ տեղակայվել են տնակները` փայտյա դոմիկները, որոնք 1968թ. երկրաշարժից հետո են դրվել: Գյուղն ամբողջապես ավերվել էր երկրաշարժի հետեւանքով: Այսօր էլ ավերված տների մի քանի պատառիկներ դեռ պահպանվում են: Խորհրդային իշխանությունը գյուղացիներին վնասի փոխհատուցում էր տվել, ինչն այսօր քննարկման առիթ է դարձել: Գյուղացի կանանցից մեկի խոսքով` կոմբինատից ասել են, թե պետությունն իրենց փոխհատուցում վաղուց է տվել` Խորհրդային տարիներին, եւ բնակիչներին որեւէ հատուցում այլեւս չեն տալու, եւ, որ ընկերությունն իրավունք ունի տրակտորները գցել գյուղ եւ տները հավասարեցնել գետնին: Այս մասին գյուղի ղեկավարը զարմանքով խոսեց: Նրա պատմելով` գյուղի յուրաքանչյուր տուն ունի պետռեգիստրի վկայական, եւ որ ընկերությունն իրավունք չունի նման կարծիքներ հնչեցնել: Գյուղում ակնհայտ վախի մթնոլորտ է, որի գլխավոր պատճառներից մեկը կրկին հացի խնդիրն է: «Գյուղացիները վրդովվել են, պարզապես վախենում են խոսել: Մարդիկ վախենում են խոսել, վախենում են, որ գործից կհանեն: Ո՞նց հասկանանք պետական գերակա շահը, եթե ընկերությունը սեփական ա: Սեփական հիմնարկ է 7 հոգու համար` ո՞րն է գերակա շահը: Բոլորն էլ հասկանում են, բայց վախենում են, ասում են` գործի չեն ընդունի կամ գործից կհանեն: Իրանք են տերն ու տիրակալները: Լծակն իրանց ձեռն է, վախեցնում են` էս սարն իմն է, էս ձորն իմն է: Հիմի էդ ա: Իսկ կոմբինատի տնօրինությունը գործի ընդունում է իրանց մարդկանց: Իսկ նրանք էլ, որոնք աշխատում են, ուղղակի վախենում են բացահայտ խոսել… հացից կզրկվեն»,- նշեց գյուղացիներից Սերոժ Գրիգորյանը:

Գյուղապետարանի մոտ հանդիպեցի 17-ամյա Արտյոմ Հակոբյանին` ռեզինե երկար սապոգներով արագ-արագ անցնում էր: Արտյոմը սովորում է քոլեջում: Տղայի պատմելով` գյուղում չկա խանութ, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կենտրոն, բուժհիմնարկ, եւ միակ շենքը գյուղապետարանի ու «քելեխների» սրահն է. երկուսն էլ գտնվում են նույն շենքում: Եվ չնայած այս ամենին` Արտյոմը չի պատրաստվում լքել իր գյուղը:

«Ոչ մեկը համաձայն չէ գյուղի հողերը տալ: Քաղաք ձմեռը գնաս, բայց ամառը գյուղն ա լավ: Սիրում եմ իմ գյուղը, էստեղ ինձ կապում են սարերը: Հիմա որ մտածում եմ, եթե գյուղը քանդեն, բա մեր գերեզմանոցը, բա մեր եկեղեցին, բա մեր հուշարձանը: Դրանցից մեկը պայթեցնելու դեպքում դոմիկները քանդվելու են, բա մենք ի՞նչ անենք, որտե՞ղ ապրենք…»,- ասաց գյուղացի տղան` նայելով խնձորենիներին, որոնց ճյուղերին ձմռան ցրտին պահպանվել էին կուչ եկած նարնջագույն խնձորները… Իսկ սարերում ապրող այս տղայի համար բացարձակ հետաքրքիր չեն վարչապետի խոստումներն ու նրա հնարավոր «սենսացիոն հայտարարությունները»:

Նրան հետաքրքրում են արեւագալը, անասուններին սար տանելն ու ընտանիքի հոգսերի բեռը թոթափելը…