Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22, 4/24 հասցեներում գրանցված բնակիչները դիմել են Սերժ Սարգսյանին
«Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն 04.03.2004 թ. եւ 909գն 17.06.2004թ. որոշումների), 2005թ. գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ` առեւտրային տարածք, բնակարան, մեր առեւտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով եւ կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առեւտրային տարածքները եւ բնակարանները: Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայում պետության այս եւ մյուս սխալները ու օրենքների խախտումները` ՀՀ-ի լիազորված անձի եւ կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ-ի կողմից առեւտրային տարածքների եւ բնակարանների հատակագծերի չտրամադրելը եւ այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում եւ զավեշտ` փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր եւ պայմանագրի թերիություն): 2009թ. ՀՀ կառավարությունը 3 մլն դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար: Ի՞նչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստն այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել: Իմիջիայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի: Անցել է 7 տարի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը: Մեզ մինչ այժմ չի հատկացվել Սեփականության վկայականները, եւ մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ` վաճառք, նվիրատվություն, կտակ: Զրկվելով ապրուստի միջոցներից` մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են: Իրենց նոր բնակարանները չտեսնելով, վարձակալած բնակարաններում արդեն մարդիկ են մահացել, արդեն մարդիկ են լքել հայրենիքը, երիտասարդները, բնակարանի բացակայության հետեւանքով, չեն կարողանում ընտանիք կազմել: Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք ձեր աշխատակազմին, վարչապետին, կառավարությանը, քաղաքապետարանին, հանրային խորհրդին: Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, չնայած այն բանին, որ այդ հարցով զբաղվում է Ֆինանսների նախարարությունը: Արդեն տարուց ավելի է, ինչ մենք դիմել ենք դատարան: ՀՀ-ի լիազորված անձի ներկայացուցչի գրավոր պատասխանից հետեւում է, որ ՀՀ-ի անունից 2005թ. կնքված պայմանագրերը կնքման իսկ պահից կանխամտածված խաբեություն են եղել Ամիրյան փողոցի 26 ընտանիքների հանդեպ: Արդեն շատերիս առեւտրային տարածքները եւ բնակարանները վաճառվել են: Ոչ ձեր վերահսկողական մարմիններին եւ ոչ էլ Դատախազությանը դա չի հետաքրքրում: Պետական պաշտոնյաների արված առաջարկները խաբեության նոր ձեւ է` պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքների փոխարեն` առաջարկում են ուրիշ հարկերում միայն բնակարաններ, ինչը մեր համար անընդունելի է: Պետական պաշտոնյաները հայտարարում են, որ պետությունը հրաժարվում է կատարել պայմանագրով նախատեսված իր գումարային պարտավորությունները, թեկուզ հասնենք Եվրոպական դատարան: Մի՞թե սրանից չի հետեւում, որ դատարանի երեք ատյաններն էլ հրահանգված են, եւ իսկությունը, որը ակնհայտ է բոլորի համար, ով գեթ մեկ անգամ կարդացել է ՀՀ անունից կնքված պայմանագրերը, անհնար է, որ երբեւէ հաղթի ՀՀ դատարաններում: Եթե ՀՀ դատարաններում ակնհայտ արդարությունը չհաստատվի, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան հետեւել պետական պաշտոնյաների «խորհրդին», հասնել Եվրոպական դատարան եւ մի անձի գերշահույթ ստանալու համար ՀՀ անունից կնքված պայմանագրերի դիմաց, ավաղ, արդեն որերրորդ անգամ, վճարելու է պետությունը, այսինքն` ՀՀ ոչ մի մեղք չունեցող հարկատուները: Եթե ՀՀ-ն ցանկություն ունենար, ապա վաղուց եւ շատ հեշտ կլուծեր այս հարցը: Դրա համար ընդամենը պետք էր կատարել սեփական պարտավորությունները, իսկ հետո դատական կարգով իր լիազորված անձից բռնագանձել պետական պարտավորությունների հանրագումարը: Քաղաքակիրթ երկիրը իր բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով ներողություն կխնդրեր գրեթե 7 տարի իր քաղաքացիներին տնից զրկելու համար, այլ ոչ թե կփորձեր պատասխանատվությունը գցել իր լիազորված անձի ժառանգների վրա: Քաղաքակիրթ երկիրը հոգ է տանում սեփական քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման մասին, այլ ոչ թե մի երկու հոգու գերշահույթի մասին։ Ի դեպ, ըստ ՀՀ-ի եւ իր լիազորված անձի միջեւ 2004թ. հուլիսին կնքված պայմանագրի, եթե կառուցապատողը 2007թ. հուլիսին շենքը շահագործման չհանձներ` ՀՀ-ն պարտավոր էր այն վերցնել նրանից: Ինչու ՀՀ-ն դա չի արել, հանելուկ է:
Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թ. տարեկան զեկույցում (էջ 175գ176) եւ Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ընդունված 630 որոշումում շեշտվել է, որ մեր` Մարդու եւ Սահմանադրական իրավունքները ՀՀ-ի կողմից ոտնահարվել են:
Մեծարգո Պարոն նախագահ, խնդրում ենք դադարեցնել ՀՀ անունից կատարվող ապօրինությունները, խաբեությունները, առեւտրային տարածքների գողությունները, բնակարանագողությունները եւ վերջապես վերականգնել արդարությունը ու Սահմանադրության 8 ու 31 հոդվածներով նախատեսված մեր իրավունքները:
Մեծարգո Պարոն նախագահ, եթե չվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը եւ ապաստան հայցել արտերկրում: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս պետական մակարդակով իրականացվող ծաղրուծանակը եւ ապրել մի պետությունում, որը տեր չի կանգնում նույնիսկ իր գրավոր պարտավորություններին ու մի անձի գերշահույթի համար ծաղրուծանակի է ենթարկում իր հարյուրավոր քաղաքացիներին»,- ասված է նամակում: