Շարունակական չգոյություն

24/12/2011

«Իշխանությունների նախընտրական ծրագրային դրույթների եւ փաստացի ստացված արդյունքների միջեւ առնվազն 70 տոկոս շեղում կա: Իսկ դրա առարկայական դրսեւորումը բնակչության կենսամակարդակի անկումն է, արտագաղթի աճող տեմպերն են, երկրում ձեւավորված սոցիալ-հոգեբանական չափազանց ծանր հոգեվիճակը, ստվերայնության բարձր մակարդակը, տնտեսության մենաշնորհացման եւ գործազրկության բարձր աստիճանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով իշխանությունների նախընտրական ծրագրերի իրականացմանը: Ընդամենը մի քանի ամիս անց իշխանությունները «փակելու» են 2007-2012թթ. հնգամյա ծրագիրը եւ ներկայացնելու են նոր նախընտրական ծրագիրն` այն դեպքում, երբ հինը չեն կարողացել կատարել: Ի՞նչ բացատրություն է տալու իշխող ՀՀԿ-ն ընտրողներին: «ՀՀԿ-ն ամեն ինչ տեսնում է շարունակական պրոցեսում: Մեր բոլոր խնդիրները համապարփակ կլինեն ծրագրի նախաբանում, այնպես որ, մենք այստեղ չենք տեսնում, որ ինչ-որ լուրջ թերություններով ենք ընթացել այս 5 տարիներին: Մենք մեր ասելիքը կձեւակերպենք եւ կներկայացնենք»,- հակադարձել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: