Ով ավելի մեծ սուտ ասի…

24/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրապետական կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրում, բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներ, զարգացումներ նախատեսելուց հետո, նշված է, թե «առաջարկվող ծրագրի իրականացումը պետք է ապահովի Հայաստանի անցումը որակապես նոր մակարդակի, որը բնութագրվում է շարունակաբար զարգացող տնտեսությամբ, արդյունավետ կառավարման համակարգով, պաշտպանված, արժանապատիվ ապրող ժողովրդով, կայացած քաղաքացիական հասարակությամբ, որին բնորոշ կլինեն բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարադատությունը ու համերաշխությունը»: Այս բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀԿ-ն խոստանում էր, որ իր կառավարման հնգամյակում` 2007-2012թթ. ընթացքում մեր երկրում տեղի կունենա համախառն ներքին արդյունքի աճ` 2 անգամ, արտահանման աճ` 2 անգամ, ներդրումների աճ` 3 անգամ, աշխատավարձերի աճ` 2 անգամ, կենսաթոշակների եւ նպաստների աճ` 2,5 անգամ, եւ այս ամենի արդյունքում` աղքատության մակարդակի նվազում` 1,5 անգամ: «ՀՀԿ-ի հնգամյակը» մոտենում է ավարտին: Իսկ նշված ոլորտներում արձանագրած ձեռքբերումները` մեղմ ասած, հեռու են խոստացված ցուցանիշներից: 2007-ից մինչեւ այսօր նվազագույն աշխատավարձը 25.000 դրամից դարձել է ընդամենը 32.500 դրամ: Եվ սա` այն դեպքում, երբ պաշտոնապես դրամով արտահայտված աղքատության գիծը մի փոքր ավելի բարձր է` 33.517 դրամ: Այս 5 տարիներին միջին աշխատավարձը 74.000 դրամից հասել է ընդամենը 114.000 դրամի: Աշխատանքային միջին կենսաթոշակը 21.370 դրամից դարձել է 31.225 հազար դրամ, անապահով խավի ներկայացուցիչներին տրվող նպաստը` 21.100 դրամից` 29.530 դրամ: Այս թվերից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն չի կատարել իր խոստումները բավականին մեծ շեղումներով: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս մասնակի բարձրացումներին զուգահեռ` Հայաստանում հատկապես վերջին մի քանի տարիներին գնաճը թռիչքաձեւ աճ է ունեցել, ապա կարելի է ասել, որ իշխանությունների խոսքն ու գործը չեն համապատասխանել: Եվ դրա արդյունքում` Հայաստանում այս տարիներին աղքատության մակարդակը 27 տոկոսից հասել է 35,8 տոկոսի` աճել է մոտ 9 տոկոսով: Մինչդեռ, ինչպես նշեցինք, նախատեսել էին աղքատության 1,5 անգամ կրճատում: Թե ՀՀԿ-ում, թե կառավարությունում այս անհաջողության պատճառը համարում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «Ես կարող եմ ընդամենն ասել, որ հիմնական պատճառը ճգնաժամն է, որն իսկապես շատ երկրների տնտեսություններում դինամիկան փոխեց էապես: Բնականաբար, դա անդրադարձավ նաեւ Հայաստանի վրա: Եթե ճգնաժամը չլիներ, արդյունքում ցուցանիշներն ամբողջովին հասանելի կլինեին ճիշտ նույն չափով: Դժվարանում եմ ասել, որովհետեւ որեւէ մեկը չի կարող հստակ այդ հարցին պատասխան տալ: Բայց ամեն դեպքում, քանի որ դինամիկայի էական փոփոխություն կա, բնականաբար, ճգնաժամը հիմնական գործոն էր, որը փոփոխություն մտցրեց ցուցանիշներում»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Իշխանությունների շուրթերից վերջին 2 տարիներին այս «ճգնաժամ» բառն այնքան է հնչել, որ թվում է, թե ուր որ է Կառավարությունը ճգնաժամի արձան է տեղադրելու իր շենքի դիմաց` երջանկահիշատակ Վլադիմիր Իլիչի արձանի դատարկ տեղում: Պարզապես մի փոքր ուշացրել է զուտ այն պատճառով, որ այդ նպատակով հայտարարված տենդերի արդյունքում առաջարկներն այնքան շատ են եղել, որ դեռ չի կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ տեսք պետք է ունենա այդ արձանը:

«Մենք հասկանում ենք, որ ճգնաժամը որոշակի ճշգրտումներ պիտի մտցներ այդ ծրագրերի մեջ, սակայն ցավում ենք, որ իշխող քաղաքական ուժերն այդպես էլ ուժ չգտան իրենց մեջ, որպեսզի փոփոխություն մտցնեին կոալիցիոն հուշագրում ստորագրված պարտավորություններում, փոփոխություն չիրականացվեց նաեւ կառավարության ծրագրերում: Արդյունքում` այսօր արձանագրում ենք, որ նախընտրական ծրագրային դրույթների եւ փաստացի ստացված արդյունքների միջեւ առնվազն 70 տոկոս շեղում կա: Իսկ դրա առարկայական դրսեւորումը բնակչության կենսամակարդակի անկումն է, արտագաղթի աճող տեմպերն են, երկրում ձեւավորված սոցիալ-հոգեբանական չափազանց ծանր հոգեվիճակը, ստվերայնության բարձր մակարդակը, տնտեսության մենաշնորհացման եւ գործազրկության բարձր աստիճանը: Այս ամենն իրենց բացարձակ ազդեցությունը թողել են երկրի մրցունակության վրա: Եվ պատահական չէ, որ միջազգային վարկանիշային կազմակերպություններից շատերը ՀՀ վարկանիշը գնահատում են բավական ցածր ու ռիսկային»,- ՀՀԿ-ին ու կառավարությանը հակադարձում է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի դրույթներից ելնելով` ներկայացնենք եւս մի քանի պաշտոնական տվյալներ: 2007թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ն եղել է 2,3 տրիլիոն դրամ, իսկ 2011թ. նույն ժամանակաշրջանում` 3,1 տրիլիոն դրամ: Ինչպես տեսնում եք` կրկնակի ավելացման մասին խոսքը հեռու է իրականությունից: Նշեցինք, որ նախատեսված էր արտահանման կրկնակի աճ, սակայն 2007թ. հոկտեմբերի դրությամբ 939 մլն դոլարի արտահանման ծավալը, այս տարվա նույն ամսվա դրությամբ դարձել է ընդամենը 1 մլրդ 82 միլիոն դրամ: Այսինքն` այս 5 տարիներին մեր երկրում արտահանումն ավելացել է ընդամենը 120 մլն դոլարով: Եվ եթե նորից հիշենք այս տարիների կտրուկ գնաճը, ապա գումարային այս աճը ընդամենը գնաճի, եւ ոչ թե արտահանվող ապրանքի ծավալի ավելացման հետեւանք է: Եվ արդեն միանշանակ է, որ ՀՀԿ-ն չի կատարել իր ծրագրային հիմնական խոստումները: Իսկ ընդամենը մի քանի ամսից այս կուսակցությունը իր ընտրողներին պետք է ներկայացնի հերթական հնգամյակի 2012-2017թթ. նախընտրական ծրագիրը: Սակայն պետք է հաշվետվություն կամ պատճառաբանություն ներկայացնի, թե ինչու չի կատարել իր խոստումները: Ուրեմն` առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին իշխող կուսակցությունն ի՞նչ «երեսով» է ներկայանալու ընտրողներին եւ հերթական անգամ ձայներ խնդրելու: «Բնականաբար, եթե ֆորս-մաժորային (նկատի ունի ճգնաժամը.- Ա.Ա.) ժամանակաշրջան է լինում, հնարավոր չի լինում ծրագրերը մինչեւ վերջ կատարել: Ամբողջ աշխարհում է դա այդպես: Այնպես որ, չեմ կարծում, որ պիտի պաշտպանվենք դրա համար: Բայց պիտի հաշվի առնենք, որ երբ ծրագրերը կազմում եւ ներկայացնում են հասարակությանը, դա, բնականաբար, հիմնովին հնարավոր չի լինում կատարել: Թեեւ բոլոր ուղղություններով որոշակի աշխատանքներ կատարվել է, իսկ 2012թ. համար դեռեւս նոր պիտի սկսենք մշակել մեր ծրագիրը: ՀՀԿ-ն որեւէ բան չի փակում, ՀՀԿ-ն ամեն ինչ տեսնում է շարունակական պրոցեսում: Մեր բոլոր խնդիրները համապարփակ կլինի ծրագրի նախաբանում, այնպես որ, մենք այստեղ չենք տեսնում, որ լուրջ թերություններով ենք ընթացել այս 5 տարիներին: Մենք մեր ասելիքը կձեւակերպենք եւ կներկայացնենք»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Ես կարծում եմ, որ արդեն անցել են այն ժամանակները, որ զուտ խոստումներին կամ բացատրություններին պետք է հավատալ: Որովհետեւ սովորական հայ քաղաքացուն չես կարող բացատրել, որ ճգնաժամ է, դրա համար նվազագույն աշխատավարձը երկու անգամ ավելի քիչ է, քան քեզ անհրաժեշտ սոցիալական նվազագույն զամբյուղն է: Կամ չես կարող բացատրել, որ կենսաթոշակն այդքան ցածր է, որովհետեւ միջազգային ճգնաժամ էր: Ժամանակն է, որ մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ հասկանանք, որ սրանից ներքեւ կենսամակարդակի անկում այլեւս չի կարելի թույլ տալ: Թռիչքաձեւ զարգացումներ են անհրաժեշտ»,- հակադարձում է Ա.Մինասյանը: