Նոր արձագանքներ

24/12/2011

Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից ընդամենը մի քանի ժամ անց պաշտոնական Անկարան հայտարարել է, թե սառեցնում է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունն ու անորոշ ժամանակով ետ կանչում Փարիզից իր դեսպանին: «Սա պատժամիջոցների առաջին փուլն է միայն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով` Թուրքիան պատրաստ է է՛լ ավելի սրել հարաբերությունները, եթե օրինագիծը հավանության արժանանա նաեւ Սենատում ու հաստատվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: «Այսօրվանից սկսած` մենք ետ ենք կանչում Ֆրանսիայից մեր դեսպանին, դադարեցնում ենք այդ երկրի հետ բոլոր տեսակի շփումները` քաղաքական, ռազմական ու տնտեսական հարցերի շուրջ, չեղյալ ենք հայտարարում համատեղ զորավարժություններն ու հրաժարվում ենք հաջորդ տարի կայանալիք համատեղ առեւտրատնտեսական հանձնաժողովի նիստից: Այսուհետ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները Թուրքիայի օդային տարածքը կհատեն հատուկ թույլտվությամբ, իսկ ռազմանավերը թուրքական նավահանգիստներում խարիսխ գցելու իրավունք չեն ունենա,- ասել է Էրդողանը` ավելացնելով,- Օրինագիծը հիմնված է քաղաքական շահարկումների, այլատյացության ու խտրականության վրա, եւ մենք իրավիճակն այսպես չենք թողնի»: Երեկ այդ օրինագծի ընդունումը դատապարտել է նաեւ Ադրբեջանը: «Տվյալ քայլը հակասում է եվրոպական տարածքում խոսքի եւ կարծիքի ազատության հիմնական ժողովրդավարական սկզբունքներին, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պահպանման` Ֆրանսիայի ստանձնած պարտավորություններին: Ադրբեջանը իր խորին ափսոսանքն է հայտնում այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից տվյալ օրենքի ընդունմամբ միջազգային հանրությունը աչք է փակում այն փաստի վրա, որ հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ էթնիկ զտման են ենթարկվել օկուպացված տարածքներում, իրենց հողերում վերածվել են հարկադիր տեղահանվածների, կոպտորեն խախտվել են նրանց իրավունքները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշման կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Ինձ համար ամբողջությամբ ընդունելի են Ազգային ժողովի այն անդամների մարդասիրական նկատառումները, որոնք հեղինակել եւ սատարել են տվյալ առաջարկը: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այդ օրենսդրական փոփոխությունների վերջնական ընդունումը լուրջ մտահոգություններ կհարուցի արտահայտվելու ազատության միջազգային չափանիշների առնչությամբ»,- ասել է Միյատովիչը` «տագնապ հայտնելով», թե խոսքի ազատության մեծ պատմություն ունեցող պետության կողմից նման օրենքի ընդունումը կարող է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի մյուս երկրներին մղել հետեւելու Ֆրանսիայի օրինակին եւ խախտել խոսքի ազատությունը խրախուսելու իրենց պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ: Նա հույս է հայտնել, թե Ֆրանսիայի Սենատը կմերժի օրինագիծը: