Անցնող տարվա ամենադրական զարգացումը ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի երկխոսությունն էր: Երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Երկխոսությունը կարեւոր է, որովհետեւ նախ` մենք կարիք ունենք երկխոսության, երկխոսությունը պետք է չընդհատվի: Երկրորդ` դա բերեց ընդդիմության դերի բարձրացմանը: Յուրաքանչյուր երկրում հզոր ընդդիմությունը կարեւոր է եւ հասարակության, եւ իշխանության համար»,- ասել է Կիրակոսյանը` 2011 թ. մյուս կարեւոր իրադարձությունների շարքում առանձնացնելով այն, որ իրական կոնֆլիկտը փոխվել է: «Այս կոնֆլիկտը հիմա ընդդիմության եւ իշխանության մեջ չէ, այլ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ է: ՀՀԿ-ից տեսնում ենք լուրջ քայլեր ԲՀԿ-ի դեմ, իսկ ԲՀԿ-ն հակահարված չի տվել: Մենք դեռ չգիտենք` ինչ կարող է ԲՀԿ-ն անել»,- ասել է նա` ավելացնելով, թե 2012 թ. ընտրություններն ամենակարեւորն են, քանի որ առաջինն են 2008թ. մարտի մեկից հետո: «Ընտրությունները կորոշեն` ինչ Հայաստան ենք ունենալու հետո, եւ սա կլինի օլիգարխի՞կ, թե՞ ժողովրդավարական տարի»,- հայտարարել է Ռ. Կիրակոսյանը: Նա բացասաբար է գնահատել 2011-ի տնտեսական քաղաքականությունը` շեշտելով հատկապես այն փաստը, որ Հայաստանում աղքատությունն աճել է` հասնելով 36 տոկոսի: Ըստ Կիրակոսյանի` 2012-ի բյուջեն մարտահրավեր է կառավարությանը, քանի որ հայտարարած 101 մլն-ը պետք է հավաքեն օլիգարխներից, եւ դեռեւս պարզ չէ, թե ով է հաղթելու` կառավարությո՞ւնը, թե՞ օլիգարխները: Ընդհանուր առմամբ, 2012 թ., ըստ նրա, հիմնականում ներքին զարգացումների տարի կլինի: «2012 թվականի Հայաստանի գործունեության կարեւորագույն ոլորտներից են պաշտպանությունը եւ զինված ուժերը, այսինքն` տարածաշրջանում պետք է լինել ամենաուժեղ ռազմական ուժը` հիմնված պաշտպանական ուժի վրա»,- ասել է Կիրակոսյանը` դրա հետ մեկտեղ` չափազանց կարեւոր մարտահրավեր համարելով Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների իրականացումը: «Յուրաքանչյուր հայ զինվորի սպանությունը մեկ այլ հայ զինվորի ձեռքով անընդունելի է: Շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն ներքին կարգապահությունն իրականացնելու համար»,- ասել է նա` ավելացնելով, թե պետք է աջակցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա կարողանա մաքրել ՊՆ-ն, պատժել եւ հեռացնել այն սպաներին, ովքեր չեն վաստակել համազգեստ կրելու իրավունքը: «Պետք է մարտահրավեր նետել Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, մարտահրավեր նետել բոլոր այն սպաներին, ովքեր իրենց պաշտոնները ձեռք են բերել եւ պահում են միայն Ղարաբաղում կատարած գործունեության շնորհիվ: Այսօր Հայաստանի սպաները պետք է սպա լինեն նրա համար, ինչ արել են այսօր, այլ ոչ թե նրա համար, ինչ արել են երեկ»,- ասել է նա: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակից տերությունների դիրքորոշումների հնարավոր փոփոխության մասին, Կիրակոսյանն ասել է, թե միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, Ռուսաստանն է: Ըստ նրա, Հայաստանի դիրքորոշումը բավական պարզ է, Ադրբեջանինը` եւս, քանզի վերջինիս դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարություն է, որովհետեւ նրանք ուզում են ամեն ինչ կամ ոչինչ: Եվ այս դիրքորոշումները, ըստ Կիրակոսյանի, չեն փոխվի նաեւ հաջորդ տարի: Նրա դիտարկմամբ, չեն փոխվի նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները։ «Միակ երկիրը Ռուսաստանն է, որը կարող է փոխվել, որովհետեւ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիվացրել է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- ասել է նա` ավելացնելով, թե Ռուսաստանն այնքան ուժեղ է Հայաստանում, որ Հայաստանը չունի որեւէ լծակ ազդելու վերջինիս վրա` այն դեպքում, երբ Ռուսաստանը ԼՂ հարցում փորձի դառնալ չեզոք կամ հակահայկական տրամադրվածություն ունենա: «Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար` գերագնահատելով Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար»,- ասել է նա: