Դրական կանխատեսումներ չկա՞ն

24/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամեն անգամ տարեվերջին փորձում ենք, այսպես ասած` ի մի բերել անցնող տարին, եւ գրեթե նույն սպասելիքներով ու ձգտումներով դիմավորել գալիք տարին:

2011թ. մամուլը, կարծես, դարձավ քաղաքական ուժերի քաղաքական պայքարի հարթակ: Քաղաքական գործիչները, կուսակցություններն իրար հակադարձելու, հարվածելու լավագույն միջոց ընտրեցին տպագիր եւ էլեկտրոնային մամուլը: Իսկ թե դա ի՞նչ անդրադարձ ունեցավ մամուլի վրա, որքանո՞վ տուժեց այն, 2012թ. նախընտրական տարվա համար քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեն ԶԼՄ ներկայացուցիչները, եւ ընդհանրապես, այս ամբողջ զարգացումներից ի՞նչը կարող է փոխվել շարքային քաղաքացու կյանքում` այս հարցերի շուրջ զրուցեցինք հայաստանյան ԶԼՄ դաշտի ներկայացուցիչներից` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի, «Առավոտ» ինտերնետային կայքի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանի եւ «Ժամ» էլեկտրոնային կայքի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Քաղաքական պայքարը` մամուլում

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի խոսքով` աշխարհում շատ նորմալ է դրված քաղաքական մամուլի խնդիրը, բայց մեզանում մամուլում տարածված է կոռուպցիան: Պ. Ղազարյանի թիրախը տպագիր մամուլն էր։ «Թերթերի ստեղծումն անհայտ է, ֆինանսավորումն` անհայտ է: Մենք տեսնում ենք, որ մի թերթում մի օր կարող են մեկին գովել, մյուս օրն` ինչ ասես ասել, եւ կարելի է եզրակացնել, որ այդ թերթերը ստեղծվում են քաղաքական որեւէ խմբի կամ անհատի կողմից հակառակորդին ոչնչացնելու, սեւացնելու, գնդակահարելու համար: Եվ երբ մի օր այդ պատվերը, փողը պակասում է` մեկ ուրիշն է ֆինանսավորում, եւ այդ դեպքում թերթերը դառնում են լրատվական կիլլերներ, որոնք սպանում են այդ օրվա իրենց պատվիրատուի հակառակորդին` դառնալով իշխանական դաշտում մեսիջ տանող-բերողներ: Դրա համար թերթերը կտրվում են հասարակությունից, եւ հասարակությունը չի կարդում թերթեր, որոնք դառնում են զուտ ռազբորկայի առարկա, գործիք եւ, բնականաբար, այդտեղից էլ գալիս է որակը, եւ հայտնվում են լրագրողներ, որոնք թերթի 3-րդ էջում կարող են խոսել խոսքի ազատության մասին, իսկ 1-ին էջում լրիվ սուտ կամ հայհոյանք գրեն որեւէ մեկի մասին: Այդպիսով մամուլը դառնում է Հայաստանի կոռուպցիոն համակարգի մի մասը»,- անդրադառնալով տպագիր մամուլին` նշեց Պ. Ղազարյանը` նկատելով, որ, այնուամենայնիվ, թերթեր էլ կան, որոնք չեն հայհոյում, փորձում են տարբեր կարծիքներ հաղորդել, աշխարհայացք ու գաղափարներ ունենալ: Ըստ Պ. Ղազարյանի` շատ հաճախ խախտվում են լրագրողական էթիկայի կանոնները, ինչի հետեւանքով այսօր ունենք նաեւ բարոյական ոչ մի նորմ չունեցող մամուլ:

«Ժամ» էլեկտրոնային կայքի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` «Քաղաքական ուժերը պայքարում են իրար դեմ, իսկ մամուլն արտացոլում է այդ պայքարը: Եվ բնական է, որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձեւով են մեկնաբանում այդ պայքարը: Իսկ մամուլը ներկայացնում է հասարակական-քաղաքական հայելին, եւ տրամաբանական է` այն, ինչ կատարվում է մամուլում, արտացոլվում է նաեւ մեր հասարակական-քաղաքական կյանքում: Իսկ մամուլը ցանկացած երկրի հայելին է, եւ այն չի լինում լավ կամ վատ»:

«Առավոտ» օրաթերթի ինտերնետային կայքէջի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանի համոզմամբ` «Քաղաքական ուժերի ակտիվությունը բնական է` հաշվի առնելով, որ նախընտրական շրջան է, եւ անգամ փոքր-ինչ ուշացած ակտիվություն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն է կրում մամուլը, ապա մամուլի այլ տարատեսակների վրա (հեռուստատեսություն, եւն) ներքաղաքական կյանքը շատ քիչ ազդեցություն ունի` ավելի շատ շոու-բիզնեսի մասին է: Իսկ եթե խոսքը տպագիր մամուլի մասին է, ապա գերակշիռ մասն առանց այդ էլ քաղաքական ուժերի խոսափողներն ու խոսնակներն են: Այդ իմաստով որեւէ նորություն, որեւէ տարբերություն նախորդ շրջանի եւ ներկա շրջանի միջեւ չկա»:

Ո՞րն էր 2011թ. նշանակալի իրադարձությունը

Աննա Իսրայելյան. «Կարծում եմ` 2011թ. աննախադեպ իրադարձությունն ընդդիմության մի թեւի եւ իշխանության միջեւ երկխոսության փորձն էր: Կարծում եմ` փոքրիշատե սթափ դատող վերլուծաբանների համար ակնհայտ էր, որ դա ի սկզբանե դատապարտված փորձ էր, բայց միայն այն, որ այդ փորձը եղավ` արդեն իսկ գնահատելի իրադարձություն է»:

Երվանդ Բոզոյան. «2011թ. նշանակալի իրադարձությունը վերջերս Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունումն է, որը ապագայում շատ մեծ հիմք կարող է դառնալ Ցեղասպանության ճանաչման շարժման իմաստով: Մյուս իրադարձությունը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, որը, կարծես, լիցքաթափեց ներքաղաքական լարվածությունը: Երրորդը` քաղաքական պրոցեսներն էին, որոնք բերեցին անորոշ եւ խճճված իրավիճակի»:

Պետրոս Ղազարյան. «2011թ. մենք ունեցանք մի քանի շատ մեծ անորոշություններ: Առաջին մեծ անորոշությունը երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակն է, այսինքն` այս տարի մեր տնտեսական հեռանկարը մնաց անորոշ, ճիշտ է` ներդրումներ եղան, 4% տնտեսական աճ, բայց դա չբերեց որոշակիության: Երկրորդ մեծ անորոշությունը քաղաքական համակարգի անորոշությունն է` ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները: Ինչպես տեսանք, երկխոսության փորձ արվեց, բայց դա, ըստ էության, տապալվեց, եւ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները մնում են նույն ձեւի անվստահության, փոխադարձ ատելության, այսպես ասած` կոնսերվացված վիճակում: Մյուս կողմից` անորոշություն է իշխանության ներսում: Մենք անընդհատ տեսնում ենք անառողջ մրցակցություն, ինչը եւս անորոշության ռեսուրս է պարունակում»:

Կանխատեսումներ` 2012թ.` նախընտրական տարվա մասին

Երվանդ Բոզոյան. «2012թ. Հայաստանի համար շրջադարձային տարի է լինելու: Կարծում եմ` լինելու է լուրջ փոփոխությունների տարի: Հասարակությունը հոգնել է այս վիճակից եւ պահանջում է փոփոխություններ: 2012թ. Հայաստանի համար կլինի զգալի փոփոխությունների տարի»:

Պետրոս Ղազարյան. «Այն, որ թերթերը դառնում են քաղաքական գործիք, հակառակորդին սեւացնելու համար որեւէ նորմի առաջ կանգ չեն առնի, սուտը, հիմարությունը, ապատեղեկատվություն գրելն արդեն սովորական լրագրողական նորմեր են դարձել, եւ այսօր որեւէ մեկը չի զարմանում, երբ որեւէ տեղ սուտ է գրվում: Դա ամենավտանգավոր բանն է, որտեղ հասել ենք: Եթե մարդու օրգանիզմը հիվանդ է եւ չի աղաղակում այդ մասին, դա նշանակում է, որ այդ մարդը մահացել է: Իսկ 2012թ. նախընտրական տարի է, եւ միմյանց դեմ կոմպրոմատները, սեւությունն ու հայհոյանքը շատանալու են: Բնականաբար, 2012թ. լինելու է շատ ավելի վատ, քան 2011թ.»:

Աննա Իսրայելյան.
«Դժվար է կանխատեսումներ անել այն պայմաններում, երբ քաղաքական խաղի կանոնները չեն փոխվել, եւ թվում է` ամեն ինչ զարգանալու է վաղուց ծանոթ սցենարով, այսինքն` իշխանությունը, հօգուտ իրեն, օգտագործելու է իր վարչական եւ այլ լծակներն ընտրություններում` առավելության հասնելու համար, ընդդիմությունն` իրեն հասու լծակները, այսինքն` փողոցներում, զանգվածների վրա` անհամաձայնություն հրահրելու համար: Իսկ թե արդյոք այս անգամ այդ սցենարից կլինե՞ն շեղումներ` դժվար է դատել, այն պայմաններում, երբ շատ են հայտարարությունները, ըստ որոնց` այս անգամ այլ կերպ է լինելու, եւ ընտրությունները չեն կեղծվելու: Գործնականում այդ խոստումների իրականացման ականատեսը չենք եղել անցած տարիներին, եւ չգիտեմ` այս անգամ ինչպե՞ս կլինի»:

2012թ. շարքային քաղաքացու կյանքում կլինե՞ն փոփոխություններ

Պետրոս Ղազարյան.
«Յուրաքանչյուր մարդու կյանքում ամեն ինչ կարող է փոխվել, եթե այդ մարդն, իրոք, ուզում է ինչ-որ բան փոխել, եւ նաեւ պատրաստ է ինչ-որ բան փոխելու` ըստ իր մակարդակի, գիտելիքի եւ իր բարոյական մակարդակի: Նախագահից սկսած` մենք բոլորս շարքային քաղաքացիներ ենք այս երկրում: Եթե դու ուզում ես մի տեղ գործ անել, մի տեղ ինչ-որ բան փոխել, գործողություններ ձեռնարկել` նույնիսկ չհաջողվելու դեպքում, վստահեցնում եմ`շատ բան կփոխվի քո կյանքում»:

Երվանդ Բոզոյան. «Շարքային քաղաքացու կյանքի փոփոխության համար անհրաժեշտ են քաղաքական բարձր մակարդակի փոփոխություններ: Իսկ դրանից կախված է քաղաքացու կենսամակարդակն ու անելիքները: Այսօր քաղաքացին դժգոհ է, եւ ինքը հասարակական պատվեր ունի, որպեսզի երկրում փոփոխություններ կատարվեն, եւ կարծում եմ` 2012թ. կլինեն դրանք»:

Աննա Իսրայելյան. «Քանի որ գնաճն ավելանում է, կյանքը թանկանում է, այս իմաստով որեւէ դրական կանխատեսում չունեմ»: