Ֆրանսիայի Ազգային ժողովի քվեարկությունից դեռ 24 ժամ չանցած հայկական մթնոլորտը լցվեց տարօրինակ դատողություններով, որպիսիք երկար ժամանակ չէին լսվում մեր իրականության մեջ: Խոսքը վերաբերում է համացանցային հրապարակումներին եւ ֆեյսբուքային, ավելի քան աշխույժ, երբեմն էլ` ծայրահեղությունների հասնող հայտարարություններին, անհանգստություններին եւ Մարդու իրավունքի պաշտպանության խնդիրներին: Հարցեր, որոնք ընդհանրապէս մոռացության էին տրված: Ես շտապեցի հորս` գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ Կարեն Ա. Սիմոնյանին այցելության եւ մի զրույց ունեցա, ինչը եւ արձանագրեցի, որպեսզի նույնությամբ հրապարակեմ:
– Ովքե՞ր են հայերի թշնամիները` Թուրքիա՞ն, Ֆրանսիա՞ն, Վրաստա՞նը, Ռուսաստա՞նը…
– Այդ հարցին պատասխանել են դեռեւս 19-րդ դարում եւ շատ ընտիր հայեր… «Հյուսիսափայլի» հրատարակիչը պատասխանել է, որ «Հայերի ամենամեծ ու արյունարբու թշնամիները հենց իրենք` հայերն են»… Իսկ Արփիար Արփիարյանը պարզապես ողբացել է. «Մեր Հայուն մեզի ըրածները ա՛լ Տաճիկին ըրածները մոռցնել կգուտան»: Այսօր, որքան լսեցի, հայերը Մարդու իրավունքի պաշտպանություն են պահանջում Ֆրանսիայի՞ց…
– Ոմանք համարում են, որ ընդունված օրենքն առհասարակ թյուրիմացություն է, որովհետեւ սահմանափակում է մարդու ու խոսքի ազատությունը, մյուսները պնդում են, թե Ֆրանսիան «պարտավոր» էր այն ընդունել դեռեւս տասնամյակներ առաջ, հայ ձախակողմյանները պնդում են, թե «իրենց ժրաջան աշխատանքի պտուղներն» են…
– Քո կարծի՞քն ինչ է:
– Փաստորեն եղել է այն, ինչով արդեն երկու ամիս մարդիկ ոգեւորված էին: Սարկոզին նույնիսկ «ցեղասպանություն» բառն էր գործածել, եւ հայերի ոգեւորությանը սահման չկար: Բայց օրենքն ընդունելուց 24 ժամ էլ չանցած` ինչո՞ւ հանկարծ այդ ոգեւորությունը դարձավ բողոքի եւ մարդու իրավունքի ոտնահարման խնդիր Ֆրանսիայի կողմից:
– Կարծում եմ, մի նոր իրադրություն է ստեղծվել:
– Երեւի… Երբ վտարանդի մտավորականների իրավունքը պաշտպանելու հարցով հանդիպեցինք մեր փաստաբանների հետ, զրույցի ընթացքում նրանք ակնարկեցին, որ…
– …Այո, ակնարկեցին, թե նախագահ Սարկոզին Հայաստանում անհնար է, որ չանդրադառնա մարդու իրավունքի կոպիտ ոտնահարումների փաստերին… Բայց դա մեզ համար նորություն չէ, քանի որ Արեւմուտքի պետություններն ամեն առիթ օգտագործում են բարձրացնելու այդ հարցը, որից, հատկապես Մոսկվան շատ է զայրանում:
– Բայց դա քիչ է նպաստում գործին: Ի վերջո, Հայաստանի մամուլը Նիկոլա Սարկոզիի այցելությունից առաջ եւ այցելության օրերին խանդավառված էր նրա խոստումով:
– Բայց ես չեմ զարմանում, որ ոմանց մոտեցումն արմատապես փոխվեց, քանի որ Ազգային ժողովն իսկապե՛ս ընդունեց խոստացված օրենքը:
– Պնդում են, թե Սարկոզին իր նախընտրական համբավն է բարձրացնում հայերի հաշվին:
– Սարկոզիի եւ Պուտինի միջեւ վիթխարի տարբերություն կա: Սարկոզին արդար ընտրություններով է դարձել նախագահ, իսկ Պուտինն ու ընդհանրապես ետսովետական «անկախ» երկրների նախագահները բոլորն էլ իրավազանց են: Այնպես որ` Սարկոզիին հայերի ձայները չէ, որ պետք են: Ի վերջո, նա ընտրվեց առանց ձախակողմյան հայերի ձայների, որոնք մեծամասնություն են Ֆրանսայում: Նրանց ձայնն այս անգամ էլ որեւէ արժեք չի ունենալու: Ֆրանսիայի նախագահին ընտրում է ֆրանսիացին: Իսկ ձախ հայերն իրենց ձայները տալու են սոցիալիստ Հոլանդին, ով նույնպես խոստացել էր օրենքը ընդունել… միայն թե` ընտրվելուց հետո…
– Իմ կարծիքով, ուրիշ խնդիր կա, որ դարձել է իրարանցումի պատճառ: Գուցե Մոսկվային դուր չի՞ եկել, որ իր բարեկամ Թուրքիան պաշտոնապես ճանաչվել է Հայերի ցեղասպանության անվերապահ եւ անվիճելի ոճրագործ:
– Այդ հանգամանքն անպայման կա: Եվ ոչ միայն… Բանն այն է, որ Սարկոզին մեկընդմիշտ Թուրքիայի ոտքը կտրում է Եվրոպական Միությունից:
– Օրենքի դեմ ելնողները հենց այդ հանգամանքն էլ նկատի ունեն: Քանի որ Եվրոպան մեր խնդիրն օգտագործում է իր շահի համար:
– Այդպես մտածողներին կարելի է միայն ցավակցել: Եթե նրանք իսկապես կարող էին եւ կարող են որեւէ քայլ կատարել հանուն Հայաստանի շահի, ապա դրա առիթը մենք միշտ ունեցել ենք: Սկսած Հայաստանը Մոսկվայի կողմից հայաթափելուց` մինչեւ մեր տնտեսությունն ու ունեցվածքը ֆանտոմային պարտքերի դիմաց յուրացնելը: Երեք նախագահներն էլ սիրով ընդառաջում են Մոսկվային, քանի որ փոխարենը հաստատուն են մնում իրենց կարուսելի նժույգների վրա:
– Ուրեմն, եկանք հասանք այնտեղ, որ մտահոգված ենք Թուրքիայի ապագայով եւ ազգովի պետք է ընդունենք, որ մեր բարեկամի բարեկամը մեր բարեկամն է նաեւ: Հետեւաբար, ինչպես Ռուսաստանի, նույնպես եւ Թուրքիայի հետ որեւէ առնելիք-տալիք չունենք ո՛չ 1915-ի եւ ո՛չ էլ 1937-ի համար:
– Իրավացի ես… Բայց չմոռանանք նաեւ այն երանգները, որոնք հնչում են օրենքի դեմ բողոքողների բերաններից… Նրանք Ֆրանսիային մեղադրում են խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ:
– Պարզվում է, որ ժողովրդի իշխանության հսկողության տակ Ֆրանսիայի կառավարությունը եւ Ազգային ժողովը խոսքի ազատության սահմանները պետք է սովորի մեր օրապակաս հայրենակիցների՞ց: Նրանցի՞ց, ովքեր ծպտուն անգամ չեն հանում Հայաստանի պետության հսկողության տակ գտնվող հեռատեսիլի, մամուլի նաեւ, հասարակական կարծիքի նկատմամբ բռնանալու դեպքում:
– Իսկ իմ տպավորությամբ, մեր փաստաբանների ենթադրությունը ճիշտ է: Այս ամենը տեսնելով ու լսելով, կասկած անգամ չունեմ, որ Ֆրանսիայի նախագահը բավականին խիստ է արտահայտվել Հայաստանում մարդու իրավունքի ոտնահարման փաստերի մասին… Եթե ես որեւէ բան սովորել եմ իմ հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում, ապա նշանակում է, որ Հայաստանի իշխանություններն իրե՛նք են ոտքի հանել «ժողովրդավարական» հասարակության ներկայացուցիչներին` հանդես գալու համար, որ ոչ թե Հայաստանն է ոտնահարում մարդու իրավունքը, այլ հենց ինքը` Ֆրանսիան: Ճիշտ այն անեկդոտի պես, երբ այլեւս փաստարկ չունենալով, հարեւանուհին հիշեցնում է, թե իր դրկիցն էլ արյան ճնշում ունի:
– Շատ հավանական է: Գուցեեւ միակ բացատրությունը… Բայց ինչո՞ւ` Թուրքիային զորավիգ լինելու գնով: Մի՞թե այնտեղ հասանք, որ հանուն արդարազանց, իրավազանց նախագահների բռնատիրությունը չբացահայտելու` պատրաստ ենք նաեւ մեր երկիրն ու հայրերին ոչնչացրած, ոճրագործ Թուրքիայի պաշտպանը դառնալ:
– Եվ այն էլ` խոսքի ազատության եւ մարդու իրավունքի խնդիրներով այսպիսի անամոթ աճպարարությամբ:
Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ-Լե ԿԱԴՐ
Փարիզ