Ինչ ծեծված արտահայտություն է, այնպես չէ՞: Սակայն, միեւնույն ժամանակ, նաեւ իրականություն է: Երբ Ֆրանսիան իր խորհրդարան բերեց Ցեղասպանությունը հերքողներին քրեորեն պատժելու օրինագիծը, Թուրքիայի օրակարգ մտան Հայերի ցեղասպանության հետ կապված լուրեր ու սյունակներ, որոնք կարդալով եւս մեկ անգամ հասկանում եմ, թե որքան է կրթությունը հետ մնացել ու հատկապես կրթությունը Թուրքիայում, եւ, որ այն օգտագործվում է քաղաքացիների ուղեղը տարբեր գաղափարներ ներմուծելու համար:
Նախ եւ առաջ կարիք եմ գտնում նաեւ ինքս ինձ քննադատել: Ինչպես որ այս երկրի կրթական համակարգը մեր ուղեղներում դաջել է տղամարդու գերիշխանության գաղափարը, այդպես էլ հայերի «վատ» լինելն է տեղավորել մեր ուղեղներում: Կարծես մեր ծածկագրերի հետ միասին թաքցրել է մեր ուղեղներում: Սա ես հասկացա Ջենգիզ Աքթարի1 հետ հարցազրույց անցկացնելիս: Նույնիսկ հոգնածության պատճառով չի կարելի այդ սխալն ընդունելի համարել, քանի որ շուրթերից սայթաքեց «հայերի պնդումները»2 արտահայտությունը:
Հետո ինքս ինձանից ամաչեցի: Սակայն նույնքան էլ բարկացա: Քանի որ ես, որպես այս երկրում մեծացած մեկը, որքան էլ հայկական դպրոցներում եմ սովորել, ամեն դեպքում Թուրքիայի ազգային կրթական համակարգի արդյունքն եմ հանդիսանում: Նմանապես ընտանիքս ու շրջապատս: Հետեւաբար, չեմ էլ գիտակցել, թե ինչպես են այդ խոսքերը դաջվել ուղեղումս: Մինչդեռ արդեն այս գործի ոչ «պնդումն» է մնացել, ոչ էլ «այսպես կոչված»3-ը:
Թուրքիան այսօր կարողանում է հրապարակայնորեն քննարկել ու խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նույնիսկ կոշտ արձագանքների ու բողոքների դեպքում, ապրիլի
24-ին տեղի են ունենում հիշատակի ակցիաներ: Իհարկե, չեմ ասում, որ սա բավարար է: Չեմ էլ կարող ասել:
Մի պահ մտածեք` արդյո՞ք դարի ճնշումն ու ողբերգությունն ապրած ժողովրդի մարդկանց ցավերը կարող եք սփոփել միայն կեսբերան ներողությամբ: Չեք կարող սփոփել:
Այս տողերը գրելիս ու ցեղասպանության մասին խոսելիս, իհարկե, պետք է հիշենք ու խոսենք նաեւ Հրանտ Դինքի ու նրա նման բարձր գին վճարած մարդկանց մասին, ովքեր տեղադրել են Թուրքիայի ժողովրդավարացման հիմքի առաջին քարերը, ովքեր քայլեր են արել, որպեսզի նման թեմաների մասին կարողանանք խոսել Թուրքիայում:
Այսօր Ֆրանսիայում արդեն նախապես հավանության արժանացած Հայոց ցեղասպանության օրինագծի դեմ Հրանտ Դինքը Ռոյթերսին 2006թ. տված իր հարցազրույցում ասել է մի նախադասություն, որից ավելի հեռուն գնացող բան Թուրքիայում ոչ ոք չի կարողացել արտահայտել:
Հիշեցնեմ նրանց համար, ով չի հիշում.
«Գնալու եմ Փարիզ: Այնտեղ Կոնկորդ հրապարակում կանգնելու եմ մի քարի վրա ու բղավելու եմ` 1915-ին հայերի հանդեպ ցեղասպանություն չի իրագործվել: Այդ քարի վրայից իջնելու եմ, գալու եմ Անկարայի Գյուվեն զբոսայգի, որտեղ կանգնելու եմ քարի վրա ու գոչելու եմ «1915-ին հայերի հանդեպ ցեղասպանություն է իրագործվել»… Ֆրանսիան` մի ձեռքիցս, Թուրքիան` մյուս ձեռքիցս բռնած ցանկանալու են ինձ բանտ տանել: Սակայն ես խոսքի ազատությունը պաշտպանելուց մի պահ նույնիսկ չեմ հրաժարվի: Դա ինձ համար` որպես մտավորական, որպես մարդ, պատիվս է, պարտքս, պատասխանատվությունս: Ֆրանսիան նման օրենքով երկերեսություն է անում»:
Այս խոսքերին ոչ ոք դեռ մի բառ անգամ չի կարողացել ավելացնել:
Ֆրանսիայում այս օրենքի հաստատումից հետո սպասվում է, որ փետրվարի կողմերը այն կուղարկվի նախագահական պալատ եւ մինչեւ 2012թ. մայիսի ընտրությունները կհաստատվի: Զարմանալի չեմ գտնում, որ Նիկոլա Սարկոզին ընտրություններից առաջ անում է այս քայլն ու ձգտում է ստանալ Ֆրանսիայի 500 հազար հայերի քվեն, քանի որ նա վախենում է շատ փոքր տարբերությամբ պարտվել իրենից ավելի ազգայնական մրցակցին: Իսկ Հայոց ցեղասպանության հետ կապված օրենքները 2012թ. ու մինչեւ ցեղասպանության հարյուրամյակ հանդիսացող 2015թ. աճող ինտենսիվությամբ աշխարհի տարբեր ծայրերում շարունակելու են գալ օրակարգ: Թուրքիան պետք է դրան պատրաստ լինի:
Մինչդեռ Թուրքիայի` իր սեփական պատմության մութ իրողությունները սավանով կոծկելու մտածելակերպը այսօր պատճառ է հանդիսանում, որ ինքը հենց այդ նույն սավանով փաթաթվի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ու վարչապետի աշխատակազմի մակարդակով տեղած սպառնալիքներով ու վերջին պահին ժողովները չեղյալ հայտարարելով, ինչպես նաեւ` պետությանը ստիպելով Ֆրանսիա գնացած գործարարների միջոցով տնտեսական ճնշում գործադրել փորձող կապիտալիստական կարգը թույլ չի տա, որ Թուրքիան այս գործից չոր դուրս գա:
Քանի դեռ Թուրքիան չի ընկալել այս հարցը` որպես իրենը, ու շարունակում է թաքցնել, հերքել ու դիմադրել, նա ավելի է խեղդվելու պատմության մութ էջերում:
Թուրքիան կարիք չունի, որ Ֆրանսիայի նման մի երկիր կամ եվրոպական որեւէ մի երկիր իրեն դաս տա: Կարող ենք համաձայնել այս հարցն արծարծած շատ ազգայնական սյունակագիրների հետ: Սակայն պետք չէ մոռանալ հետեւյալը: Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի, Ռագըփ Զարաքօլուի, Թաներ Աքչամի ու, իհարկե, Հրանտ Դինքի նման մարդկանց խոսքի ազատությունը սահմանափակող, նրանց հետապնդող ու դատապարտող, այսօր հազարավոր քրդերի ու լրագրողների առանց մեղադրական ներկայացնելու ձերբակալած Թուրքիան աշխարհում մեկ այլ երկրին խոսքի ազատության մասին խորհուրդ տվող ՎԵՐՋԻՆ երկիրը պետք է լինի:
Այս պատճառով Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ:
Քանի դեռ չի առերեսվել, կստիպեն, որ դա անի: Ամբողջ աշխարհի երկրներին ցեղասպանությանը «ցեղասպանություն» չասելու միակ արգելքն այն կլինի, որ Թուրքիան այս հարցի հետ հնարավորինս շուտ առերեսվի ու հոգին հանգստացնող գործընթաց սկսի: Այստեղ չեմ խոսում միայն հայերի հոգիների մասին, այլ նաեւ Թուրքիայի: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ Մարսելում հայտարարեց, թե «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենաշատը կօգնի Թուրքիայի ժողովրդականացմանը»:
Իր պաշտոնը վտանգի ենթարկելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորելու գործընթաց մտած Սարգսյանի այս խոսքերը իմաստալի են: Արժե սրա վրա մտածել:
Ինչպես սկզբից ասացինք, ամեն ինչի հիմքը կրթությունն է. որպեսզի մեր մտքներում այդ վատ հայի ընկալումը ջնջվի, պետք է Թուրքիայի հիշողությունը վերադառնա: Պետք է կրկին հիշենք 1938, 1915, 1942, 1944, 1955, 1980 թվականները…
Արիս ՆԱԼՋԸ
1. Բահչեշեհիր համալսարանի եվրոպագիտության ամբիոնի վարիչ, սյունակագիր, Հայերից ներողություն ենք խնդրում արշավի կազմակերպիչներից մեկը:
2. Այդպես են Թուրքիայում անվանում հայերի պահանջատիրությունը (Ծանոթագրություն. թարգմանչի);
3. Թուրքիայում Հայերի ցեղասպանություն արտահայտությունից առաջ մինչեւ վերջերս մշտապես դրվում էր այսպես կոչված արտահայտությունը (Ծանոթագրություն. թարգմանչի):