Դեկտեմբերի 9-ին կալանավորվել, ապա մի քանի օր անց ստորագրությամբ ազատ էր արձակվել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել հարկերից չարամտորեն խուսափելու եւ գումարների լվացման համար, ինչի համար որպես հիմք են ընդունվել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս»-ում իրականացված ստուգումները: Ն. Հարթունյանը, սակայն, այդ ամենի մեջ մեղադրել էր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սեւակ Արծրունուն: Ի պատասխան իր հասցեին արված մեղադրանքների, մեր թղթակցի հետ զրույցում այժմ Լիբանանում գտնվող Ս. Արծրունին պատասխանել է. «Ոմանք Նարեկին ասում են, որ նա խնդիր չունի, եւ կարող են Սեւակին այս կամ այն անել: Այդ մարդիկ ուղղակի սնվում են մեր միջեւ եղած կոնֆլիկտից, այլ կերպ ասած` «զարկերակ» են մտել` փող աշխատելու համար, եւ ամեն կերպ սրում են մեր փոխհարաբերությունները»: Ի դեպ, Արծրունին նաեւ պատմել է այն մասին, թե ինչպես է Ն. Հարթունյանին օգնել դառնալ «Երեւանի ժամացույցի գործարանի» 34%-ի բաժնետեր եւ հողատարածքի սեփականատեր: ՀՀ ֆոնդային բորսայի նախկին նախագահ Սեդրակ Սեդրակյանը, պարզվում է, Հարթունյաններին պարտք էր մոտ 600.000 ԱՄՆ դոլար եւ չէր տալիս այն: «Ես ինքս գտա այդ մարդուն եւ բանակցեցի նրա հետ: Արդյունքում` նա իր պարտքի դիմաց զիջեց «Երեւանի ժամացույցի գործարանի» 34% բաժնեմասը»,- պատմել է Արծրունին: