«Մեկ ռեպորտաժի» սկզբունքով

22/12/2011

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի։ Այդ մասին երեկ հայտարարել է նաեւ Ֆրանսիայի կառավարության անդամ, եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին: Նա նշել է, որ ընդդիմադիր սոցիալիստները որոշել են պաշտպանել օրինագիծը` միասնական մոտեցում ցուցաբերելով «Միավորում` հանուն ժողովրդական շարժման» (UMP) իշխող կուսակցության հետ։ «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ այն ժխտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող Ֆրանսիայի օրինագիծը ոչ մի կապ չունի գալիք ընտրությունների հետ»,- ասել է Լեոնետին: Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի` եթե որեւէ մեկը Ֆրանսիայում ժխտի այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունները (Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց մեծ եղեռնը եւ հրեաների Հոլոքոստը), ապա նրան մեկ տարվա ազատազրկում ու 45 հազար եվրոյի տուգանք է սպառնում: Կարելի է անգամ արտահայտությունների ճշտությամբ կռահել, թե հայկական պաշտոնական ու իշխանական քարոզչամեքենան վաղվանից սկսած ինչպիսի խանդավառությամբ է ներկայացնելու այդ օրինագծի ընդունումը, ինչպես է դա վերագրվելու Հայաստանի դիվանագիտության տիտանական ջանքերին: Անշուշտ, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից նման օրինագծի ընդունումը դրական նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Սակայն այդ փաստով ոգեւորվելուց ոչ պակաս կարեւոր է արձանագրել, որ Ֆրանսիան դա չի անում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության կամ որեւէ այլ «լիրիկական» դրդապատճառից ելնելով: Գարնանն այդ երկրում նախագահական ընտրություններ են, թեկնածուներին անհրաժեշտ է հայ համայնքի ձայնը: Բացի այդ, կան մի շարք աշխարհաքաղաքական ու համաեվրոպական գործոններ, որոնց հանրագումարը Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը դրդել է գոնե արտաքուստ առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ: Դա միանգամայն նորմալ եւ օրինաչափ է ցանկացած երկրի քաղաքականության համար, որի հիմքում դրվում են պրագմատիկ շահեր, որպիսիք, ցավոք, բացակայում են Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում: Եթե, իհարկե, նման բան ընդհանրապես գոյություն ունի: Դրա լավագույն ապացույցը, թերեւս, այն է, որ նույն ֆրանսիացիները ԵԱՀԿ Մինսկի խմբում իրենց` արդեն առաքելությունն ավարտող համանախագահի շուրթերով բազմիցս ու բազմաթիվ ոչ հայանպաստ հայտարարություններ են անում, որոնք, սակայն, Հայաստանում «խամրում» են վերը նշված օրինագծի ընդունման առթիվ առաջացած ոգեւորության ալիքի տակ: Ուշագրավ է, որ անգամ այդ օրինագծի ֆրանսիացի հեղինակները խոստովանում են, որ եթե հայկական սփյուռքը նույնքան ջանք ու ռեսուրս ներդներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայանպաստ միջազգային մթնոլորտ ձեւավորելու համար, ապա հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում շատ ավելի ամուր կլինեին: Սակայն, քանի որ ՀՀ իշխանությունները` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում գործում են «մեկ ռեպորտաժի» սկզբունքով, հիմա նրանց համար ավելի կարեւոր է, ըստ էության, թուրք-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող այս հարցը, որում, որքան էլ դաժան հնչի, Հայաստանը կարող է ունենալ մանրադրամի նշանակություն: