«Այսօր Հայաստանում քաղաքական դաշտն այնպիսին է, որ գրեթե ցանկացած հավանականությամբ հնարավոր են տարբեր, նույնիսկ ամենաանսպասելի դաշինքներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ իրենց համար կան առաջնային նպատակներ, խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, եւ եթե այդ նպատակները որեւէ քաղաքական ուժի նպատակների հետ համընկնեն, ուրեմն «Ժառանգությունը» պատրաստ է քննարկել դաշինքի հարցը: «Եթե ընդդիմության հատվածից որեւէ դրական քայլ է կատարվում, մենք անպայման դրա կողքին ենք հայտնվում, մենք ընդդիմության մեկնած ձեռքը երբեք օդում չենք թողնում»,- նշել է Ա. Մարտիրոսյանը` հավելելով, որ «Ժառանգության» առաջնային նպատակներն են խորհրդարանական համակարգով նոր Սահմանադրության ընդունումը, ԼՂՀ անկախության ճանաչումը եւ հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության հրաժարումը: Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ համաձայն է այն կարծիքին, թե ժողովուրդը հիասթափված է եւ ընդդիմությունից, եւ իշխանությունից: «Որքան էլ «Ժառանգությունը» ինքնաքննադատաբար մոտենա, այնուամենայնիվ, մեղքի փոքր բաժին վերցնելով մեր կուսակցության վրա, կասեմ, որ ընդդիմության մեղքը մեծ է նրանում, որ ժողովուրդն իրենից հիասթափվել է»,- հայտարարել է նա: Ըստ նրա, հասարակության հիասթափությանը նպաստել է նաեւ ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսությունը: «Դրա արդյունքում ունեցանք այն, որ քաղաքացին հիասթափվեց քաղաքականությունից: Եվրախորհուրդը մարտիմեկյան դեպքերը դուրս թողեց օրակարգից, որի հիմնավորումը երկխոսությունն էր: Տեղի ունեցավ փետրվարյան կոալիցիոն հուշագրի ստորագրումը: Այս ամենը, իհարկե, չէր կարող լուծել հասարակության խնդիրները, բայց լուծեց իշխանությունների պահպանման խնդիրը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը`հավելելով, որ մարտ ամսի մեծ բողոքի ալիքը մարեց երկխոսության միջոցով: Խոսելով իշխանական փոփոխությունների շուրջ` նա ասել է. «Այն իմիտացիոն փոփոխությունները, որոնք իշխանությունները փորձում են անել, թող որ դառնան իսկապես բեկումնային, եւ այդ բարեփոխումների ընթացքում կունենանք իրական փոփոխություններ»: Անդրադառնալով առաջիկա ընտրություններում «Ժառանգության» հնարավորություններին` Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Ժառանգությունը» ոչ միայն ներկայացված է լինելու, այլ ներկայացված է լինելու բավական լայն կազմով: «Մեր խնդիրը խորհրդարանում տեղեր ունենալը չէ, այլ լուրջ խնդիրներ լուծելը»,- հայտարարել է Մարտիրոսյանը: