ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու եւ «Գապբնակշին» ՍՊԸ-ին հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը: Այդ որոշման հիմքով Երեւանի քաղաքապետարանի եւ «Գապբնակշինի» միջեւ 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ պայմանագրեր են կնքվել` Երեւանի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ ՀՀ անունից վերցնելու եւ «Գապբնակշին» ՍՊԸ-ի կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ: «Գապբնակշին» ՍՊԸ տնօրենը, սակայն, 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական եւ ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու եւ ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին եւ շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաեւ արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց եւ խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է Դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Արամի 72/80 հասցեում կառուցված շենքը, օրինակ, որն ունի 172 բնակարան, բայց վաճառքի պայմանագիր է կնքվել 700 բնակչի հետ: Պայմանագրերը կնքվել են «Գապբնակշին» ՍՊԸ-ի հետ, բնակարանների համար բնակիչների մի մասը վճարել է 20 մլն դրամ, իսկ մեծ մասի վճարած գումարը 50 մլն դրամ եւ ավելի է եղել: Երեկ փորձեցինք կապ հաստատել «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գ. Պապոյանի հետ, սակայն բնակիչներից մեզ ասացին, թե նա ՀՀ-ում չէ, եւ հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Նշենք, որ ընկերության բաժնետերերն են Գագիկ Պապոյանը եւ Սիմոն Աղազարյանը: Վերջինիս մասին բնակիչներն ասում են, որ թեեւ նա պետք է դատապարտվեր 12 տարի ազատազրկման, սակայն հիմա ազատության մեջ է եւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ` հանգիստ «ֆռֆռում» է քաղաքում: Ի դեպ, ըստ բնակիչների` այս գործի գլխին կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ: Արամի 72/80-ից բնակարաններ սպասող քաղաքացիների մի մասը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ` պահանջելով լուծել բնակարանների հարցը: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների` բազմաբնակարան այս եւ այլ շենքերի բնակիչների կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակին այլ ընթացք է տրվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի կողմից, ով կոչված է ուսումնասիրելու, ստուգելու եւ ամփոփելու գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ առկա բացթողումների ու թերությունների վերացման ուղղությամբ անմիջականորեն ՀՀ նախագահին առաջարկություններ անելու: