Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit) հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2011» զեկույցը, որում ընդգրկված 165 երկրների շարքում Հայաստանը 2011թ. կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների շարքում` զբաղեցնելով 111-րդ հորիզոնականը: 2010 թ. Հայաստանը գտնվում էր 109-րդ հորիզոնականում: «Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որեւէ փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է «Էկոնոմիստի» զեկույցում, որի համաձայն` հիբրիդային երկրներում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ զարգացած: Ըստ բրիտանացի փորձագետների, նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգը անկախ չէ: Այս գնահատականը նրանք տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում: Ըստ այդմ, այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին. 10-բալանոց համակարգով, մասնավորապես, կրկին միջինից ցածր` 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը` գրեթե 6 միավոր: Նշենք, որ լիարժեք ժողովրդավարության երկրների խմբին այս տարի, ընդհանուր առմամբ, դասվել է 25 երկիր, 53 երկիր` ոչ լիարժեք երկրների, 37 երկիր` հիբրիդ ռեժիմի երկրների, եւս 52 երկիր էլ` ավտորիտար ռեժիմի երկրների խմբին: Այս տարի աշխարհի ամենաժողովրդավար երկիր է ճանաչվել Նորվեգիան, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան: