Ոչ մի դույլ ջուր՝ թշնամու ջրաղացին

20/12/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Եզրափակվում է Քրիստոսի ծնունդից հետո 2011-րդ տարին: Տարին նախընտրական է, եւ քաղաքական իրադարձություններն էլ առավել հաճախ հենց այդ տրամաբանությամբ դասավորվեցին: Քաղաքական տարվա դրական զգացողություններ պարգեւող միակ իրադարձությունը, թերեւս, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Իսկ մնացյալը` թերասացություններ, ինտրիգներ, փոխադարձ «բացահայտումներ», վաղուց ծանոթ եւ ցածրորակ կրքերի ցուցադրության շարքից էր: «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի օգնությամբ փորձենք վերլուծել անցնող տարին:

Է.Վ. – Անցնող տարում հատկապես կարեւոր էր կոալիցիայի փետրվարյան հռչակագիրը, որը ոմանք գնահատեցին որպես հակասահմանադրական: Գաղափարը պարզ էր` ցույց տալ, որ իշխանությունը միասնական է, վերահսկում է իրավիճակը եւ թույլ չի տա իշխող քաղաքական դասի ներսում ընդդիմադիր հավակնություններ դրսեւորող խմբերի աշխուժացում: Կարեւոր էր ազատազրկված ընդդիմադիրների ազատ արձակումը, Ազատության հրապարակում ընդդիմության ցույցերի անցկացման թույլտվությունը: Հետաքրքիր զարգացումներ հաջորդեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին. եթե իշխանական դաշտն ավելի կոսոլիդացիայի միտում ուներ, ապա ընդդիմադիր դաշտը գնաց պառակտման ճանապարհով: ՀՀՇ-ի եւ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ լքեցին կուսակցությունը եւ Կոնգրեսը` ձեւավորելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Սրվեցին «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի հարաբերությունները: Կարճ ասած` հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրությունների նախաշեմին:

Թ.Հ. – Իմ կարծիքով, այս տարվա կարեւորագույն իրադարձությունը, որը որպես իրադարձություն չտեսանք, բայց որի շնչառությունը զգացվում էր, Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հավանականությունն էր: Որոշ ուժեր ակնհայտորեն վախեցած էին, ոմանք ակնկալիքներ ունեին: Դա առավել ակնհայտ էր ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հարաբերությունները դիտարկելիս: Կարող ենք ասել, թե սա հակասություն է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Իրականում այդպես չէ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործընթացները ծավալվում են Հայաստանի գործող եւ նախկին երկու նախագահների միջեւ: Եթե ՀՀ առաջին նախագահը, ԲՀԿ-ն միանան երկրորդ նախագահին, ՕԵԿ-ը եւ արբանյակ մյուս կուսակցությունները` ՀՀԿ-ին եւ այդպես դուրս գան ընտրությունների` սա կարող է տանել նրան, որ ընտրություններում կեղծիքները պակաս լինեն:

Է.Վ. – Դժվար է ասել` կվերադառնա՞ Քոչարյանը, թե՞ ոչ: Բայց եկեք հստակեցնենք` ի՞նչ է նշանակում`վերադառնալ: Այո, երկրորդ նախագահը կարող է յուրաքանչյուր պահի քաղաքական դաշտում ծանրակշիռ ներկայություն ապահովել: Բայց, մի կողմից, հասարակության մոտ կա բացասական վերաբերմունք Քոչարյանի հանդեպ:

– Նկատի ունեք Հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի սպանության, Մարտի 1-ի իրադարձություննե՞րը…

Է.Վ. – Այո՛: Մյուս կողմից` իշխող քաղաքական դասը միտում ունի կոսոլիդացվել Սերժ Սարգսյանի շուրջ: Բոլորը հասկանում են` Քոչարյանի վերադարձը չի կարող լինել երկրորդական իրադարձություն. եթե նա վերադառնում է, ուրեմն նպատակ ունի իշխանության գլխում կանգնել: Իսկ իշխանության գլխում արդեն Սերժ Սարգսյանն է, ով իր թիմն է նախապատրաստում: Եվ իշխող կոալիցիան համաձայնագիր ունի, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին:

Թ.Հ.– Համաձայն եմ, որ որոշակի անվստահություն կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Սակայն նույնքան, գուցե ավելի շատ անվստահություն կա Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահի` Տեր-Պետրոսյանի հանդեպ:

– Բոլոր 3 նախագահները Բաղրամյան 26-ում իրենց ներկայությունը հիմնավորում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց ծրագրով: Դժվար է ասել, թե այս տարին Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով որեւէ քայլ առաջ արձանագրեց: Այդպես չե՞ք կարծում:


Թ.Հ.
– 2011 թ.-ը Ղարաբաղյան պատմագրության մեջ ամենահիասթափեցնողն ու վտանգավորը կարող եմ համարել: Հիասթափեցնող, որովհետեւ ընդամենը տեղի ունեցավ նախագահների 2 տապալված հանդիպում` մարտին` Սոչիում, եւ հունիսին` Կազանում: Վտանգավոր, քանի որ աննախադեպ էր շփման գծում դիպուկահարների կրակոցների եւ զոհերի քանակով: Խորհրդանշական էր, որ առաջին անգամ Հայաստան այցելեց Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը: Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ. սա իրադարձություն է, որի դառը պտուղները Հայաստանը կզգա առաջիկա տարիներին: Կարճ ասած` Ղարաբաղյան գործընթացն անհուսալի փակուղու մեջ է;

– Տակավին վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Վիլնյուսում կայացած հանդիպումից հետո տարածեցին հայտարարություն` համաձայն որի` եւս մեկ անգամ հաստատվեց Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքը, շեշտվեց, որ հարցը չի կարող լուծվել ռազմական եղանակով: Եվ, որ խնդրի կարգավորման գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Պաշտոնական Երեւանը` արտգործնախարարի շուրթերով, վերջերս էլ հայտարարեց` խումբն արդյունավետ է աշխատում: Տրամագծորեն հակառակ կարծիքի է պաշտոնական Բաքուն:


Թ.Հ.
– Հայաստանը թերեւս պետք է մի քիչ ազնիվ այս հարցին մոտենա: Մինսկի խմբի գործունեությունից Հայաստանը գոհ է, քանի որ ստատուս-քվոն մեզ բավարարում է. անվերջ բանակցությունները մեզ համար վատ արդյունք չեն դիտվում: Ադրբեջանն ունի խնդիր. համարում է` իր հանդեպ անարդարություն է եղել եւ ցանկանում է ետ ստանալ այն տարածքները, որոնք ժամանակին Խորհրդային Ադրբեջանի կազմում են եղել:

– Ձեր տոնը փոքր-ինչ հեգնական է, սակայն, կարծում եմ, չեք առարկի, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: Ստատուս-քվոն, միայն այն հիմնավորմամբ, որ չկա պատերազմ, չկան զոհեր, արդեն իսկ ձեռքբերում է:

Թ.Հ.
– Իհարկե, ստատուս-քվոն ինչ-որ առումով նաեւ լուծում է: Եթե կա անկախ պետություն, ինքնավարություն, ինչո՞ւ չենք կարող համակերպվել, որ ստատուս-քվոն շարունակվի 100 տարի: Ի՞նչ կպատահի, եթե մի պետություն 100 տարի մնա չճանաչված:

– Ներքաղաքական կյանքի շատ կիքսեր քաղաքական դերակատարները արդարացնում են Ղարաբաղյան խնդրով իրենց մտահոգությամբ: Իբր` այս քայլը չենք անում` ներքաղաքական իրավիճակը չապակայունացնելու միտումով:

Է.Վ.
– Բոլորը միշտ հղում են կատարում Ղարաբաղյան խնդրին, իբր` կա վտանգ, եւ այս կամ այն ներքաղաքական գործընթացը կարող է բերել նրան, որ այդ վտանգը դառնա իրականություն: Այստեղ էլ, որպես կանոն, հիշվում է թշնամու ջրաղացը: Այս մոտեցումը բավականին ապակառուցողական է եւ չի նպաստում ներքաղաքական առողջացմանը: Իսկ ո՞վ է ասել, որ այս կամ այն իրավունքների համար պայքարը, ներքաղաքական առողջ մրցակցությունը պետք է ստորադասել Ղարաբաղյան խնդրին: Սա մի թեզ է, որը ինչ-որ տեղ փրկում է տարբեր քաղաքական ուժերին` արդարացնելու իրենց անգործությունը:

– Հայաստանում ընտրական ինստիտուտը չի գործում: Եվ արդեն` շատ վաղուց: Չկա՞ մտավախություն, որ մեր անհաջող փորձը կարող է մուծվել Արցախ, այնտեղ եւս ընտրություններն անցկացվեն նույն մեխանիզմով: Դա, թերեւս, Արցախի համար կարող է խիստ վտանգավոր հեռանկար ունենալ:

Թ.Հ.
– Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ղարաբաղի մասին իր վերջին զեկույցում այն դասել էր անազատ երկրների շարքում: Սա` այն դեպքում, երբ ժողովրդավարության առումով Ղարաբաղը միշտ Ադրբեջանից նախապատվելի դիրքում է եղել: Նման գնահատականի պատճառը վերջին երկու ընտրություններն էին: Մի դեպքում` իշխանությունները բավականին կոշտ պայքար մղեցին ընդդիմադիր թեկնածուի դեմ, մյուս դեպքում` իշխանական ուժերը պաշտպանեցին միասնական թեկնածուին: Լինելով ԼՂ-ում` հասկանում ես, որ հակառակորդը շատ մոտ է: Եվ այս հանգամանքը միշտ զսպող ուժ է լինում: Կա հավանականություն, որ հայկական սցենարը կտեղափոխվի այնտեղ: Պարզապես, Արցախում ընտրություններն, ի տարբերություն Հայաստանի, չեն կեղծվում, բայց անարդար են անցնում: Այնտեղ իշխանական ռեսուրսն ահավոր դեր է կատարում. փոքր տարածք է, մարդկանց մեծ մասն աշխատում է հիմնարկներում, եւ ուզած-չուզած իրենց ձայնը տալիս են իշխանության թեկնածուին: Մխիթարականն այն է, որ, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ հաստավիզներ չկան, մարդկանց չեն ծեծում: Բայց Ղարաբաղի ուժը իր իսկ ժողովրդավարությունն է: Եթե մենք աշխարհին ցանկանում ենք ասել, թե ինչու Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է բերենք ոչ միայն այն հիմնավորումը, թե դա մեր հայկական, պատմական հողն է: Աշխարհն առավել շուտ կընկալի հաջորդ հիմնավորումը` ժողովրդավարական արժեքներ դավանող, ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու ունակ այդ միավորը չի կարող մնալ արեւելյան, խանական, տոտալիտար ռեժիմով Ադրբեջանի կազմում: