1976թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ: Երեւանյան լճի կամրջով անցնող ուղեւորներով լի տրոլեյբուսը ջուրն ընկավ: Տրոլեյբուսի 92 ուղեւորները մահվան էին դատապարտված, քանի որ աշնանային այդ առավոտն ամպամած ու ցուրտ էր, իսկ տրոլեյբուսի երկաթյա կաղապարի մեջ փակված մարդիկ տրոլեյբուսի դռներն ու պատուհանները ջարդելու հնարավորություն չունեին: Հսկա տրոլեյբուսն արագորեն լճի հատակ էր իջնում՝ սպառնալով եղբայրական գերեզմանոց դառնալ: Լճի ափով մարզավազք կատարող Շավարշ եւ Կամո Կարապետյանները՝ մեկ վայրկյան անգամ չվարանելով, ջրի մեջ սուզվեցին եւ սկսեցին փրկել մարդկանց: Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, հայտնի սուզալողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը հասկանում էր, որ մարդկանց կյանքը վայրկյաններից է կախված: «Տեսանելիությունը զրո էր, շուրջս միայն տիղմ ու ավազ էր: Ես հասկանում էի, որ մենակ եմ, եւ ողջ պատասխանատվությունն իմ ուսերին է»,- պատմել է Շավարշ Կարապետյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին: Լճի խորությունը 10 մետր էր: Շավարշը՝ անտեսելով ֆիզիկայի օրենքները եւ հաղթահարելով ջրի դիմադրողականությունը, կարողացավ ոտքերով ջարդել տրոլեյբուսի պատուհանի ապակին: Քերծելով ոտքերը, նա հայտնվեց տրոլեյբուսի մեջ եւ սկսեց շոշափելով փնտրել մարդկանց: Շավարշի եղբայրը՝ Կամոն, ով նույնպես լողորդ էր, ջրի մակերես դուրս հանված մարդկանց ափ էր հասցնում: Այդպես ավելի արագ էր ստացվում:
Շավարշ Կարապետյանը երեսուն անգամ սուզվել է ջրի մեջ եւ 20 մարդու կյանք փրկել: Մարդկանց անզգայացած մարմինները նա ջրի երես էր բարձրացնում եւ փոխանցում եղբորը: «Ես հասցնում էի միայն շունչ քաշել եւ նորից սուզվել: Հերթական անգամ սուզվելով, ես դուրս հանեցի տրոլեյբուսի դերմանտինե նստարանը, այնքան հոգնած էի, որ նույնիսկ չնկատեցի, որ դա մարդ չէր»,- պատմում է այդ օրվա հերոսը: Շավարշ Կարապետյանի ընկեր Բաբկեն Խաչատրյանը հիշում է, որ Շավարշը դեռ երկար տարիներ ափսոսանքով էր հիշում, որ այդ անիծյալ նստարանի փոխարեն կարող էր եւս մեկ մարդ փրկել: Թեեւ արտակարգ իրավիճակներում մարդու կարողությունները սովորաբար կրկնապատկվում են, այնուամենայնիվ, դրանք էլ անսահմանափակ չեն: Շավարշ Կարապետյանը ֆիզիկական եւ հոգեկան ուժերի գերբնական լարումով կարողացավ անհնարինն անել: Սթափ հայացքով գնահատելով նրա սխրանքը, հասկանում ես, որ դա կրկնելն անհնար է: Դրա համար ոչ միայն պետք է լավ լողորդ լինել, այլեւ՝ մեծ սրտի տեր մարդ:
Երբ վթարի վայր ակվալանգներ բերեցին, պարզվեց, որ բալոնների մեջ օդ չկա: Շավարշ Կարապետյանը համոզված էր, որ եթե բալոնները լիքը լինեին, ինքը կկարողանար փրկել բոլորին: Խորհրդային փակ ռեժիմը չէր կարող թույլ տալ, որ նման արտակարգ իրավիճակը լուսաբանող տեղեկատվությունը մամուլ սողոսկեր, եւ այդ օրն արված բոլոր լուսանկարները պահպանվում էին միայն դատախազությունում: «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանը պատմում է. «Մենք այդ ողբերգության մասին իմացանք միայն երկու տարի հետո, երբ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի պատվերով Շավարշ Կարապետյանի մասին ռեպորտաժ էինք պատրաստում»:
Ողբերգության պատճառները մինչ այժմ անհայտ են: Պաշտոնական վարկածով՝ տրոլեյբուսի վարորդը` ղեկին նստած, կաթվածահար էր եղել: Սակայն կենդանի մնացած ուղեւորները պատմում էին, որ պատճառը վարորդի ու մի ուղեւորի միջեւ ծագած ընդհարումն էր: Ուղեւորը պարտադրում էր կանգնեցնել տրոլեյբուսը, իսկ վարորդն ասում էր, որ իր տրանսպորտը տաքսի չէ, որ որտեղ ուզես` կանգնի: Ուղեւորը հարված է հասցրել վարորդի գլխին, եւ տրոլեյբուսը` կորցնելով կառավարումը՝ ջուրն է ընկել:
Ուժասպառ Շավարշ Կարապետյանի հոգնած մարմինը բազմաթիվ քերծվածքներ ուներ: Նրա սխրանքի հետեւանքը եղավ արյան վարակումն ու երկկողմանի թոքաբորբը: Երեւանյան լիճ էին թափվում նաեւ կոյուղաջրերը, որոնք էլ հենց արյան վարակման պատճառ դարձան: Շ. Կարապետյանը ստիպված էր մոռանալ մեծ սպորտի մասին: Կյանքը երկու մասի կիսվեց՝ մինչեւ այդ ողբերգությունը եւ ողբերգությունից հետո: Մոռացվեցին բոլոր տիտղոսները եւ հաղթանակները: Շավարշ Կարապետյանը երկար ամիսներ բուժվել է եւ հիվանդանոցում պառկած ժամանակ հարցրել բժիշկներին. «Ես կկարողանա՞մ նորից լողալ»: Ոչ ոք նրան երաշխիքներ չէր տալիս, քանի որ սառցե ջրում մոտ կես ժամ գտնվելով, նա լրջորեն վնասել էր առողջությունը: «Երբ այդ դեպքից հետո սուզվում էի ջրի մեջ, հասկանում էի, որ թոքերս արդեն նախկինը չէին: Առաջ ես կարող էի խաղալ մրցակիցներիս հետ, իսկ հիմա պետք է պայքարեի: Ես աշխարհի մի ռեկորդ էլ սահմանեցի: Արդեն վերջինը»,- ասել է նա: Շավարշ Կարապետյանը փորձեց մարզիչ աշխատել, հետո զբաղվեց բոլորովին այլ գործերով: Քիչ անց ընտանիքով հեռացավ Հայաստանից:
«Ամենասարսափելին հարազատ մարդկանց ցավն է: Ջուրը շատերի կյանքն է խլել: Իմ մյուս եղբոր, նույնպես աշխարհի չեմպիոն Անատոլիի երեքամյա որդին լողավազանում խեղդվեց: Եղբայրս մի քանի րոպեով լողավազանից հեռացավ, իսկ նրա տղան խեղդվեց: Միայն պատկերացրեք՝ լողի աշխարհի չեմպիոնի որդին ջրի մեջ խեղդվեց, եւ նա անզոր էր ինչ-որ բան անել»,- պատմել է Շավարշ Կարապետյանը ռուսական թերթերից մեկին: 1993 թվականին Մոսկվա տեղափոխվելով, նա փորձեց նոր՝ սպորտից հեռու կյանք սկսել եւ կոշիկի արտադրության փոքրիկ արհեստանոց բացեց: Նրա ձեռնարկությունը «Երկրորդ շնչառություն» էր կոչվում:
Այժմ նա լուրջ բիզնեսմեն է, հայ կոշկակարները Մոսկվայում լավագույններից են համարվում: Մոտ 30 տարի առաջ գործած իր սխրանքը չի մոռացվել: «Տրոլեյբուսից փրկված մարդիկ երկար տարիներ չգիտեին իրենց փրկչի անունը»,- ասում է Բ. Խաչատրյանը: Միայն դեպքից տարիներ անց, «պերեստրոյկա» կոչվող ժամանակաշրջանում Շավարշ Կարապետյանի մասին պատմող հոդվածներ եւ գրքեր սկսեցին լույս տեսել: Նրա անունով մոլորակ է կոչվել: Փրկվածները նրան շնորհակալական խոսքեր էին ասում: Շավարշ Կարապետյանը քիչ անց արժանացավ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ֆեյր պլեյ» («Արդար խաղ») շքանշանին, որը տրվում է սպորտային ազնվաբարո արարքների համար, թեեւ իր սխրանքը նա կատարեց ոչ սպորտի ոլորտում: