«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը բաց նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում «Անանիա Շիրակացի» համալսարանում ակադեմիական պարտքերը հանձնելու համար գումար գանձելու փաստի առթիվ: Բաց նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Աշոտյան, «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը հանրությանն էր ներկայացրել Անանիա Շիրակացի համալսարանում տեղի ունեցող մի ուշագրավ երեւույթի մասին, ըստ որի` ակադեմիական պարտքերը հանձնելու համար, հարկավոր է գումար վճարել, նրանց մասնակցելու թույլտվություն ստանալու համար: Փորձեցինք պարզաբանում ստանալ այդ բուհի ռեկտոր պարոն Աֆյանից: Նա մեզ տեղեկացրեց, որ դա կատարվում է օրենքի սահմաններում` եւ այդ գումարները համարվում են սիմվոլիկ գումարներ, որպեսզի ուսանողները այլեւս դասախոսներին կաշառք չառաջարկեն: Մեր շարժումը մտահոգված է այդ հարցով, քանի որ տվյալ դեպքում ուսանողները նաեւ դուրս են մնում բուհից, վճարելով «սիմվոլիկ» գումարներ: Խնդրում ենք ձեզ նման օրենքների վերացման ուղղությամբ աշխատել, քանի որ դա չի նպաստում կոռուպցիայի վերացմանը, այլ նպաստում է կոռուպցիայի օրինականացմանը»: