11 ճյուղեր քաշվեցին

20/12/2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին:

Ողջունելով մասնակիցներին` վարչապետը նշել է. «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի համակողմանի քննարկումների արդյունքում: Ձեւավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի կազմում ընդգրկված են լինելու մասնավոր հատվածի, տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ»: Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` Տ. Սարգսյանն ասել է, որ մեր երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում նման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր եւ արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները: «Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին` ավելացնելու իրենց արտադրական ծավալները եւ նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարվա ընթացքում` միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի եւ համալիրների զարգացումն է»: Ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի` ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, մտավոր եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: Կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը: