Մնում է` պարզվի

17/12/2011

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն օրերս հրաժարական է տվել եւ դուրս է եկել ՀՀԿ-ից` պատճառաբանելով, որ իրեն ստիպել են ստորագրել Կառավարության որոշման տակ, ըստ որի` Քաջարանի համայնքը որպես գերակա շահ` տրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, եւ համայնքի բնակիչները ստիպված են լքել իրենց բնակավայրը: Անդրադառնալով Քաջարանի խնդրին, երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ասել է, թե պատրաստ է հենց վաղը հրաժարական տալ, եթե պարզվի, որ վերջին 10-15 տարիների ընթացքում պետությունը Քաջարանին 4-5 մլն դրամից պակաս գումար է հատկացրել «Գերեզմանները, պատմական հուշարձանները որեւէ մեկ օրենքով չեն կարող լինել շահագործման ոլորտ, դա բացառված է: Հայաստանի ամբողջ աշխարհքի երկրորդ նշանակություն ունեցող հանքավայրը եւ Քաջարանի գյուղապետը, իրար հավասար տարբերակնե՞ր են: Ես 1000 տոկոսով համոզված եմ, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը դա փոխհատուցելու է որեւէ ճանապարհով: Օրենքի մեջ սեւը սպիտակով գրված է: Եթե այդ գյուղի հողը 1 դրամ արժե, դրա դիմաց վճարված կլինի 100 դրամ: Պետությունը չի կարող անհատույց վերցնել համայնքի սեփականությունը եւ տրամադրել պղնձամոլիբդենային գործարանին, չկա տենց բան: Քաջարանի գյուղապետի հրաժարականը կապված չէ դրա հետ: Բա որ միլիոններով փող էին տալիս նվեր, ամենաշատ վճարումներ ունեցող եւ ֆինանսավորում ունեցող համայնքն է, ինչի՞ էդ ժամանակ գյուղապետը հրաժարական չէր տալիս: Քաջարանի սեփականատերը ոչ հորս, ոչ մորս կողմից բարեկամ չի: Եթե պարզվի, որ վերջին 10 տարվա ընթացքում պետությունը տվյալ համայնքին 4-5 մլն-ի աջակցություն չի տրամադրել, 100%-ով վաղը պատրաստ եմ հրաժարական տալ»,- հայտարարել է Այվազյանը: