Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞…

17/12/2011

Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնի քննիչի ներկայացրած միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց կիրառել Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության պետ Նորայր Միրզախանյանի նկատմամբ: Ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը: Հիշեցնենք, որ Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը դեկտեմբերի 12-ին ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորայր Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ, ըստ Ոստիկանության, 7 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել: Անկուսակցական, ԵԿՄ անդամ Նորիկ Միրզախանյանը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Միրզախանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով: Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները զարմացած էին Միրզախանյանի ձերբակալման փաստով` նշելով, որ նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, ուր մնաց` թմրանյութ օգտագործի: Նաեւ պատմել էին, որ Միրզախանյանն իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել: Ոստիկանները` 5-6 մեքենաներով, կանգնեցրել են նրա մեքենան, ավտոմատները վրան պահել, ձերբակալել ու տարել ՀՀ ոստիկանություն` 6-ամյա երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Հիշեցնենք, որ կատարվածը լուրջ լարվածություն էր առաջացրել գեներալ Մանվելի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Միրզախանյանի մտերիմները վստահաբար պնդում էին, որ Միրզախանյանը թմրանյութ երբեւէ չի օգտագործել, եւ նույնիսկ նրան կարող են անալիզի ենթարկել: Ըստ Ն. Միրզախանյանի մտերիմների` նրա ձերբակալությունը զուտ անձնական վրեժխնդրություն էր Վլադիմիր Գասպարյանի կողմից, քանի որ նրա` Էջմիածնում բնակվող ազգականների եւ Միրզախանյանի միջեւ մինչ այդ կոնֆլիկտ էր առաջացել: Երբ Միրզախանյանին զգուշացրել էին, թե ում ազգականների հետ գործ ունի` վերջինս չէր ենթարկվել եւ հայհոյել էր: Ըստ նույն աղբյուրների` Միրզախանյանին ՀՀ ոստիկանություն տանելուց հետո դաժան ծեծի էին ենթարկել: Գեներալ Մանվել Գրիգորյանին խիստ զայրացրել էր կատարվածը, եւ նա սպասում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիայից վերադարձին, որպեսզի կատարվածի մասին անձամբ զրուցի: Փաստորեն, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ամեն ինչ արեց, որպեսզի Միրզախանյանը կալանավորվի, սակայն, դատարանը երեկ հրաժարվեց կալանավորել գեներալ Մ. Գրիգորյանի մտերմին: