Անդրկովկասի եռյակի «հասունության» ժամանակը

17/12/2011

«The National Interest» ամերիկյան հանդեսը հրապարակել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի` «Կովկասի չափահասների հետ զրուցելիս» վերտառությամբ հոդվածը:

«Ազատության» փոխանցմամբ` իր հրապարակման մեջ Թոմաս դե Վաալը գրում է. «Ե՞րբ է երկիրը հասուն դառնում: Այս հարցը կարելի է ուղղել Խորհրդային Միության փլուզումից հետո անկախության քսանամյակը նշող բոլոր երկրներին: Իմ պատասխանը հակիրճ է` 20 տարին բավական է չափահաս կոչվելու համար, թեպետ այդ տարիքում Միացյալ Նահանգներում դեռ չունես ալկոհոլ գնելու իրավունք»: Նրա դիտարկմամբ` կարելի է ասել, որ այդ պետություններն արդեն «անցումային շրջանում չեն»: Ըստ նրա` երեք երկրներում էլ վերնախավերը քիչ թե շատ կայացրել են մի համակարգ, որը, ամենայն հավանականությամբ, ոչ կքանդվի, եւ ոչ էլ կվերածվի եվրոպական ոճի դեմոկրատիայի: Հարավային Կովկասի հիմնահարցերն օրերս քննարկվել են Կարնեգի հիմնադրամի կազմակերպած միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցել են քաղաքագետներ, իրավապաշտպաններ եւ մեկնաբաններ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից: Քննարկումը թեժ էր եւ բավական հոռետեսական: Կար ընդհանուր համաձայնություն, որ երեք երկրներում էլ կառուցել են մի բան, որը չի համապատասխանում 1991 թվականի բռնություններից եւ տնտեսական կաթվածից հետո անկախության ուղին բռնած երեք ժողովուրդների տեսլականին:

Երեք երկրներում չկա օրենքի գերակայություն

«Նավթադոլարների» շնորհիվ ՀՆԱ-ն անկախության տարիներին վեց անգամ ավելացրած Ադրբեջանը ոչ մշտական անդամի կարգավիճակով հունվարից կմիանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եվ, այնուամենայնիվ, այդ երեք երկրներում չկա օրենքի գերակայություն, արդար ընտրություններ, ազատ շուկա, երկխոսության եւ բանավեճի ազատ դաշտ: Ավելին, դե Վաալի համոզմամբ, երեք երկրներում էլ այդ առումով հիմա նահանջ է գրանցվում: «Ազատության» փոխանցմամբ` Թոմաս դե Վաալն իր հոդվածի մեջ երկու հանգամանքի վրա է կանգ առնում` արհեստավարժություն եւ լճացում: Արհեստավարժությունն ակնհայտ էր երկու օր տեւած խորհրդաժողովում. երկու տասնյակ մասնակիցներ վարժ անգլերենով քննարկում էին հիմնահարցերը, ապացուցելով, որ տեղացիներն ի զորու են այդ մակարդակով վերլուծել տարածաշրջանի անցուդարձը: Արհեստավարժությունը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիական ծառայությունը իրականացնող մարդկանց, Ադրբեջանի նավթի եւ գազի արդյունաբերության աշխատողներին եւ Վրաստանի արտաքին գործոց նախարարության պաշտոնյաներին: Իսկ լճացման մասին ստիպում է խոսել այդ երկրների իշխող վերնախավերի «խրամատավորված» վիճակը: Ղեկավարվելով իշխանությունը պահպանելու մղումով, դրանք ոչինչ չեն անում երկրի քաղաքական եւ տնտեսական խնդիրների համար: Օրինակ, ըստ տնտեսագետ Դավիդ Գասպարյանի, Հայաստանում չհարկվող եկամուտը, որն անմիջապես վերնախավի գրպանն է մտնում, կազմում է ՀՆԱ-ի մոտ 6 եւ կես տոկոսը` գրեթե կես միլիարդ դոլար, ինչը հսկայական գումար է փոքր երկրի համար: Ադրբեջանցի մեկնաբան Լեյլա Ալիեւայի խոսքով, «համակարգը սոսնձող գործոնը քաղաքական հովանավորությունն է, իսկ կաշառքը` օրինականության պակասը հատուցող գործիքն է»: Վրաց իրավապաշտպան Գիորգի Գոգիան էլ ասում է, որ իր երկիրն այնքան էլ ազատ չէ, որքան թվում է:

«Կամ պետականաշինություն, կամ մարդու իրավունքնե՞ր»

«Բարեփոխումները, որոնք կառավարությունն իրականացրել է կոռուպցիայի եւ հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, իրավունքի այնքան սահմանափակումներ են բերել, որ արդյունքում խարխլել են օրենքի գերակայությունը,- ասել է Գոգիան եւ ավելացրել,- Ճիշտ չէ հանրությանը դնել «կամ պետականաշինություն, կամ մարդու իրավունքներ» ընտրության առջեւ»: Թոմաս Դե Վաալը նշում է, որ երեք երկրներում առկա խնդիրները հաճախ պատճառաբանում են աշխարհաքաղաքական վիճակով: Ամերիկահայ պատմաբան, նախկինում Հայաստանի պետական պաշտոնյա Ժիրայր Լիպարիտյանը ժամանակին դասախոսություններով հանդես է եկել Ստամբուլում, Երեւանում, Բաքվում, Թեհրանում եւ Թբիլիսիում: «Ամենուր զարմացրել է նույն հանգամանքը` մարդիկ մեղադրել են հարեւաններին` համոզված լինելով, որ ամեն ինչում ուրիշներն են մեղավոր»,- ասել է Լիպարիտյանը: Սակայն հիմա երեք երկրներում գոյացել են քաղաքական-քաղաքացիական հաստատություններ, եւ դրա հետեւանքով պետությունների համար այլեւս դյուրին չէ ամեն բանում հարեւանին մեղադրել: Վրաց լրագրող Մարգարիտա Ախվելեդիանին ձեւափոխելով ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի հայտնի խոսքը` ասել է. «Մի հարցրեք, թե ինչ կարող է ձեր ընդդիմախոսն անել ձեզ համար, հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր ընդդիմախոսի համար»: Հայաստանցի իրավաբան Դավիթ Խաչատրյանն էլ այսպես է ձեւակերպել օրվա կարգախոսը. «Այլեւս ոչ մի ներում»: Եթե երեք երկրներն արդեն ոչ թե «անցումային» են, այլ «չափահաս»` ինչպիսի՞ն պետք է լինի Արեւմուտքի մոտեցումը:

Եկել է «մեծահասակների» զրույց վարելու ժամանակը

Ադրբեջանցի իրավաբան Էրքին Գադրիլիի համոզմամբ, Արեւմուտքը պարտավոր է պահանջել իրական փոփոխություններ եւ Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերություններում առաջնորդվել «Բավ է զբաղվել կոսմետիկ բարեփոխումներով» կարգախոսով: Գադրիլին ասել է, թե արեւմտյան օգնությամբ Ադրբեջանում սահմանվել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, սակայն «մարդու իրավունքներից զերծ այնպիսի տարածքում, ինչպիսին Ադրբեջանն է, «օմբուդսմեն» հասկացությունն ընդամենը վարկաբեկվել է, եւ դա վնաս է հասցրել Արեւմուտքի վարկին»: Թոմաս դե Վաալի համոզմամբ, այս ամենն Արեւմուտքին ստիպում է հստակ սահման անցկացնել. գիտակցել, թե որտեղ կարելի է աջակցել արհեստավարժներին եւ որտեղ պահպանել ստատուս-քվոն: Կա արտաքին քաղաքականության ասպարեզում, ենթակառուցվածքների եւ կրթության բնագավառներում երեք պետությունների հետ արդյունավետ համագործակցության փորձ, սակայն հռչակել, թե այդ երկրները շարժվում են դեպի դեմոկրատիա եւ անհրաժեշտ բարեփոխումներ են կատարում, կնշանակի` գործնականում թուլացնել դրանց դեմոկրատական ուժերը: Երբ Արեւմուտքը սատարում է հսկողության գործիքներ հանդիսացող կառավարական այնպիսի հաստատություններին, ինչպիսին են հեռուստակայանները, նախարարությունները, ակամա ինքն իրեն վարկաբեկում է հնարավոր բարեփոխականների աչքերում: Դա այս կամ այն չափով վերաբերում է ետխորհրդային բոլոր երկրներին: Հարավային Կովկասում, օրինակ, Ադրբեջանն առավել ավտորիտար է, մոտ է Ռուսաստանին կամ Կենտրոնական Ասիայի երկրներին: Վրաստանը թեպետ «առողջ դեմոկրատիա» չունի, սակայն ավելի առաջադիմական է:

Այստեղ Արեւմուտքը պետք է կիրառի իր բոլոր լծակներն ավելի ազատ ընտրություններ եւ անկախ դատական համակարգ կայացնելու հարցում: Քսան տարի անց Կովկասում նոր բնապատկեր է ձեւավորվել: Ետխորհրդային երկրները հասունացել են, թեպետ ոչ այն աստիճանի, որ Արեւմուտքը կցանկանար: «Արդեն ժամանակն է այդ երեք երկրների հետ վարելու «մեծահասակի» զրույց` ոչ այնքան այն մասին, թե ինչպիսին էինք ցանկանում դրանք տեսնել հասունացած տարիքում, որքան այն մասին, թե ինչպիսին են դրանք իրականում` այսօր»,- իր հոդվածի վերջում գրել է Թոմաս դե Վաալը: