Ինչպես Հայաստանում

17/12/2011

Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ժանազոեն քաղաքում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ: Աստանայում կայացած ասուլիսում նման տեղեկություններ է հրապարակել երկրի գլխավոր դատախազ Ասհատ Դաուլբաեւը: Նա հայտնել է, որ անկարգությունների ընթացքում այրվել են երեք շենքեր, ոչնչացվել ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույք, հրդեհվել ավտոմեքենաներ: Նրա խոսքով, իրավախախտները հարձակվել են ոստիկանների վրա, շուռ տվել ամանորյա եղեւնին, Ղազախստանի 20-ամյակի տոնակատարությունների համար տեղադրված յուրտերն ու բեմը: Դատախազի ներկայացմամբ, հարձակվողները կիրառել են հրազեն եւ սառը զենք: Դաուլբաեւը հայտնել է նաեւ, որ զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկրի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ՆԳ նախարար Կալմուհամբեթ Ղասիմովի ղեկավարությամբ, ով արդեն մեկնել է Ժանաոզեն: Նշենք, որ երեկ Ժանաոզենում կենտրոնական հրապարակում ձախողվել է տոնական միջոցառումը` նվիրված հանրապետության 20-ամյակին, որից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել: