Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները սպասում էին Կառավարության կողմից ուղարկված հանձնաժողովին, որի հետ գյուղացիների հանդիպումը պետք է տեղի ունենար ժամը 16:00-ին:
Սակայն բնակիչներն այդպես էլ չէին հասկացել նշյալ հանձնաժողովի գալու իմաստը: Նորից ասելով` Կառավարության` այս տարվա ապրիլի 28-ի 627Ն որոշումից հետո հանկարծ միտք է հղացել գնալ գյուղ եւ ծանոթանալ տեղի բնակիչների, մեղմ ասած` «անհանգստություններին»: Հիշեցնենք, որ վերոգրյալ որոշումը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին է: Այս որոշմամբ ոչնչացման վտանգի տակ է դրվում Սյունիքի մարզի Քաջարան գյուղի փաստացի գոյությունը: Ինչեւէ, ստեղծված իրավիճակն ուղղակի աբսուրդի թատրոն է հիշեցնում, երբ մի կողմից` Կառավարությունը որոշում է կայացնում` գյուղի տարածքը հանրային բացառիկ գերակա շահ ճանաչելով, այլ կերպ ասած` հանձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, այդպիսով` իր «ուժերի» սահմանում «լավություն» անելով, իսկ մյուս կողմից` գյուղացիների դժգոհությունների արդյունքում` հանձնաժողով է ուղարկում նույն գյուղը` բնակիչներին Կառավարության հետ «բարիշեցնելու» համար:
Գյուղապետի հրաժարականից` մինչեւ Կառավարության շենք
Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանն ասում է, որ իրենք վաղուց դադարել են իշխանություններին հավատալ: «Թող հանձնախումբը գա տեսնի` ի՞նչ է կատարվում, բա չգա՞: Մինչեւ որոշումը կայացնելը պետք է գային, բայց որոշում ընդունելուց հետո են գալիս ծանոթանալու: Բա՜, էդպես ա: Իսկ մեզ հաստատ չեն կարող տեղահանել: Էդպիսի բան մենակ Կառավարությունը կարա մտածի: Էստեղ 1 մետր հող տվող չկա իրենց, եւ ոչ էլ թող մտածեն, թե կտանք»,- ասաց Ռ. Աթայանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց գյուղապետի պաշտոնից, քանի որ, ըստ նրա, իրեն հարկադրում էին ստորագրել մի փաստաթուղթ (Կառավարության որոշման մասին է խոսքը), որով ինքը գյուղն ինքնակամ հանձնելու էր «հանքասերներին»: Նախկին գյուղապետի ասելով` իրեն չեն ճնշել, որ պաշտոնից հրաժարվի: «Ես կամավոր եմ հրաժարական տվել: Մարզպետն էլ մի սուտկա ժամանակ էր տվել, ասել էր` գնա մտածի, էգսի օրը կգաս, ես քեզ հետ աշխատելու եմ: Ես իմ ժովովրդի հետ մտածել եմ, եւ իմ հրաժարականը տվել եմ: Ո՞վ կստորագրի մի պայմանագիր, որով իրա տունը պիտի քանդեն: Դու կստորագրե՞ս»,- նշեց Ռ. Աթայանը: Նրա փոխանցմամբ` գյուղապետի թեկնածու առայժմ չկա, եւ այդ պահին գյուղացիների առաջնային հարցը գյուղը «արյան» գնով պահելն է եւ չթույլատրելը, որ կոմբինատն իր տրակտորները գցի գյուղի տարածք: «Տրակտորը գցել են, մեր բոլոր գյուղացիները գնացել հանել են: Էս պահին տրակտոր չկա: Եթե վաղն էլ գան գցեն, արդեն գլուխներն ա ջարդվելու: Մայիսից մինչեւ հիմա պայքարում ենք»,- ասաց գյուղական համայնքի նախկին ղեկավարը, ում փաստմամբ` գյուղը սկսել են քանդել գերեզմանների ներքեւի հատվածից: Նախկին գյուղապետն այնքան է հիասթափվել իշխանություններից, որ մտածում է անգամ ՀՀԿ-ից դուրս գալու մասին: «Ես դեռ դիմում չեմ տվել, մտածում եմ: Ես չեմ հայտարարել, որ դիմում եմ գրել դուրս գալու: Իսկ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումը կկայացնեն իմ գյուղացիները: Ես միայն բանավոր ձեւով եմ որոշել, որ դուրս եմ գալու»,- նշեց Ռ. Աթայանը: Վերջինս ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահը եւս ՀՀԿ-ից է, եւ արդյո՞ք կուսակցությունը չի պատրաստվում իրեն աջակցել, ասաց. «Մենք նախագահի հետ խնդիր չունենք: Իմ կարծիքով` նախագահը տեղյակ էլ չի էս խնդրից: Ընտրություններին էլ բոլոր գյուղացիները պատրաստ են մեր նախագահին ձայն տալ: Մենք պրետենզիաներ չունենք նախագահից»: Իսկ հարցին, թե կուսակցության շարքերից հեռանալու որոշման պատճառը հիասթափությո՞ւնն է, Ռ. Աթայանը պատասխանեց. «Ես չեմ կարա էդպես ասեմ: 15 տարի ա` էդ կուսակցության մեջ եմ: Մեր պետությունն էդ ա: Էն ժամանակ մեր հույսն ու հավատը էդ էր: Հիմա էլ տեսնում եմ, որ հույս ու հավատ չկա»: Ռ. Աթայանը նաեւ հերքեց օրեր առաջ իրեն ոստիկանական բաժանմունք տանելու մասին լուրերը` ավելացնելով, որ դա սուտ է: Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ի կողմից գյուղացիների հետ բանակցություններին, Ռ. Աթայանը դա համարեց անհնարին տարբերակ եւ կարծում է, որ իրենք բանակցելու խնդիր բացարձակ չունեն: Ինչեւէ, երեկ ժամը 17:00-ի դրությամբ` Քաջարանի բնակիչների փոխանցմամբ` Կառավարության «պատվիրակությունը» դեռ տեղ չէր հասել: «Մեզ Սյունիքի մարզպետարանից ասացին, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին Կառավարության կողմից հանձնախումբ է գալու գյուղ: Հանձնախմբի ղեկավարը փոխվարչապետ, ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն էր լինելու: Կարծում եմ` այդ հանձնախմբի գալը միայն մեկ նպատակ ուներ` գյուղացիներին համոզելը եւ Կառավարության 627Ն որոշումը կյանքի կոչելը»,- ասաց Քաջարանի բնակիչ Էդգարը` նշելով, որ գյուղի բնակիչները կրկին ներկայացնելու են իրենց պահանջը` կառավարության ապրիլի 28-ին ընդունած որոշումը անվավեր ճանաչելը: Ըստ Քաջարանի բնակչի` Կառավարության հանձնախմբի գալու դրդապատճառներից մեկը գյուղապետի հրաժարականն է, ինչը կատարվեց ճնշումների արդյունքում: «Գյուղապետի հրաժարականը կայացվեց ճնշումների արդյունքում: Գյուղապետին հրավիրել էին մարզպետարան, պահանջել էին, որ որոշման տակ ստորագրությունը դնի, եւ ինքը հրաժարվել է դրանից: Ըստ էության` ճնշումների ներքո գրել է հրաժարականի դիմումը»,- նկատեց զրուցակիցս: Իսկ մինչ քաջարանցիները սպասում էին Կառավարության «պատվիրակներին», երեկ ժամը 15:00-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ հավաքվել էին բնապահպանները: Վերջիններս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին անվավեր ճանաչել այս տարվա ապրիլի 28-ի 627Ն որոշումը: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանի խոսքով` իրենք լիահույս են, որ Թռչկանի ջրվեժը փրկելու նախադեպը կկրկնվի ստեղծված իրավիճակում, եւ իրենք համառորեն կշարունակեն պայքարը: Ըստ նրա` նախքան որոշում ընդունելը, Կառավարությունը հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին նախագիծը չներկայացրեց ԱԺ, ինչպես նաեւ չկազմակերպվեցին հանրային լսումներ: Մեր այն հարցին, թե տվյալ պարագայում ապօրինի՞ էր Կառավարության որոշումը, Մ. Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛, Վարչատարածքային միավորումների մասին օրենքով այնտեղ պետք է փոփոխություններ կատարվեին: Գերակա շահը ճանաչվել է միայն պետության, հասարակության կարիքների համար` օրենքի շրջանակներում, որը իրենք գերակա հանրային շահ են ճանաչել, ինչ որ այդ օրենքով թույլատրվում է, որ Կառավարությունը պետք է ճանաչի, բայց սա հույժ կարեւոր խնդիր է, եւ խոսքը գնում է ոչ միայն գյուղացիների բնակավայրերի, այլեւ գերեզմանոցների, եկեղեցու մասին եւ, ընդհանրապես, Կառավարությունը պատրաստվում է բնակելի հատվածի ոչնչացում անել, իսկ այդ հարցը պետք է առնվազն հանրաքվեի դրվեր»: Քաջարանի Սբ. Հակոբ եկեղեցու պաշտպանության համար բնապահպանները պատրաստվում են պաշտոնական նամակներ գրել Վեհափառին, նախագահին, վարչապետին եւ Անվտանգության խորհրդին: «Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, ինչպես կատարվեց Թռչկանի դեպքում»,- հավելեց «Թռչկան» նախաձեռնության անդամը:
Պատգամավորների հարցերը` Կառավարությանը
Երեկ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը հարցապնդումներով դիմել են ՀՀ վարչապետին եւ Կառավարության անդամներին: Պատգամավորների տարածած հաղորդագրության առանցքը Կառավարության ապրիլի 28-ին ընդունած որոշումն էր, որը, ըստ նրանց, «առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն»: «Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի` ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, եւ Քաջարանի ժողովուրդն` իր գյուղապետի գլխավորությամբ, համաձայն չէ Կառավարության վերոնշյալ որոշման հետ, որի դեմ ընդվզել է նաեւ գյուղապետը, ում, ըստ մամուլում հրապարակված լուրերի, մարզպետարանում ստիպել են հրաժարական տալ, ով էլ որպես բողոք` որոշել է դուրս գալ կուսակցությունից: Իսկ իշխանությունը, գյուղապետի նկատմամբ բռնություն կիրառելով, փորձում է կտրել ժողովրդի ձայնը: Էլ ի՞նչ կերպ ժողովուրդն արտահայտի իր անհամաձայնությունը. իրեն «խարակիրի՞» անի, որ լսեք: Եվ այս ամենը տեղի է ունենում Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ անդամագրվելու նախօրեին, որտեղ պետության առաջին դեմքի եւ Ձեր կողմից երաշխիքներ են տրվել հանրային կարծիքը հաշվի առնելու եւ երկրում ժողովրդավարության անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար: Թե՞ գարնանը, երբ Կառավարության վերոնշալ որոշումն էիք կայացնում, չունեիք նման պարտավորություն»,- ասված է պատգամավոր Ա. Բաշխյանի` վարչապետին ուղղված նամակում, որտեղ տկն Բախշյանը հետեւյալ հարցապնդումներն է դրել. «Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվությունն այն մասին, թե Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ կայացե՞լ են արդյոք հանրային լսումներ. 1. Ե՞րբ, որտե՞ղ են կայացել այդ լսումները, ովքե՞ր են մասնակցել դրանց: 2. Խնդրում եմ տրամադրել լսումների վերաբերյալ արձանագրություն, որտեղ երեւա տարածաշրջանում բնակվողների կողմից հնչեցրած տեսակետները եւ վերջնական կարծիքը` Քաջարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն են կազմում ՀՀ տարածքում հանքերի արդյունահանման նպատակով տրված լիցենզիաների համաձայն հանքերի մակերեսները` համաձայն յուրաքանչյուր հանքին տրված լիցենզիայում նշված թվերի: Ս. Սաֆարյանը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված նամակում խնդրել է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010թթ. համար:
Առանց այլընտրանքի` փորձում էին համոզել
ՀՀ Կառավարության հանձնախումբը երեկ միայն ուշ երեկոյան է Քաջարան գյուղ հասել։ Ըստ բնակիչների` գյուղապետարանի երկրորդ հարկում հանձնաժողովի անդամներն առանձնազրույց են ունեցել նախկին գյուղապետ Ռ. Աթայանի հետ: Կառավարության հանձնախմբի կազմում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, ԶՊՄԿ-ի իրավաբան Արամ Ղոնյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք: «Իրենք ներկայացրեցին, թե այդ որոշման համաձայն` 65 հա հողատարածքը չի մտնում Քաջարանի վարչական տարածքի մեջ, եւ որ մենք թույլ տանք, որ օգտագործեն: Մենք դրան կտրականապես դեմ ենք, քանի որ գիտակցում ենք, որ եթե շահագործվի Ողջի գետի ձախակողմյան հատվածը, ինքնըստինքյան, գյուղը կդադարի գոյություն ունենալ,- երեկ երեկոյան մեզ հետ հեռախոսազրույցում ասաց գյուղացիներից Էդգարը` նկատելով,- ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար պարոն Բախշյանը քմծիծաղով խոստովանեց, որ իրենք նախ` որոշում են կայացրել, հետո են եկել ծանոթանալու տեղանքին: Երեւի չէին սպասում, թե սա գյուղ է, որ բնակիչներ ունի: Երեւի նրանց թյուր ինֆորմացիա էին տվել: Իսկ մեր որոշումը հաստատուն է` չեղյալ համարել Կառավարության նշյալ որոշումը»: Քաջարանի բնակչի` հանձնախմբի հետ հանդիպումը որեւէ բան չփոխեց իրենց կյանքում, քանի որ Կառավարությունը նույնիսկ գյուղի տեղահանման ծրագիր չունի: «Մեզ չեն առաջարկում այլընտրանք, այլ որոշել են գյուղը տեղահանել, բայց թե բնակիչները որտե՞ղ պետք է ապրեն, այդ մասին չեն մտածել»,-հավելեց Քաջարանի գյուղացին: