Դեկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում տեղի ունեցած հերթական միջադեպի կապակցությամբ երեկ երեկոյան քրեական գործ է հարուցվել: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի խոսքով` դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ` ձեռքով, մեկ անգամ` իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով: Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նարեկ Ավետիսյանն այժմ գտնվում է Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Կլինիկայի անոթային պաթոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ զինծառայողը իրենց մոտ տեղափոխվել է հարվածի հետեւանքով ստացած ծանր վնասվածքի հետեւանքով, եւ տեսողությունը վերականգնելու մասին խոսք լինել չէր կարող ի սկզբանե: Զինծառայողի աչքը վիրահատել են զուտ արտաքին տեսքը վերականգնելու համար: «Շատ ծանր, մեծ վնասվածք, բնական է, տեսողության վերականգնման մասին խոսք լինել չէր կարող, որովհետեւ ամբողջ աչքի պարունակությունը թափված էր: Այն, ինչ կապված էր տեսողության հետ, թափվել էր դուրս»,- ասել է բժիշկը: Ն. Ավետիսյանը բանակ էր զորակոչվել մայիս ամսին: Յոթ ամսվա զինծառայող Նարեկ Ավետիսյանի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը, ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ որդու աչքին խփել են երկաթե շղթայով զորամասի ճաշարանում: «Նարյադով (հերթապահություն) դիրքերում է եղել, իջեցրել են ներքեւ ու միանգամից տարել են ճաշարան նարյադի: Ճաշարանի նաչալնիկը ասել է` եսիմ ինչ արա, չի ենթարկվել, ժնջիլով խփել ա, աչքը լրիվ տրաքացրել է, աչքը չկա, հաշմանդամ է սարքել: Արմեն Թովմասյան է անունը: Սկի չի էլ պատկերացրել էրեխեն, որ իրեն խփում են, հետեւի կողմից են խփել, եկել-հասել է աչքին, հատիկներով ժնջիլ է եղել, տեղը երեւում է»,- ասել է զինվորի հայրը: Նրա խոսքով` ոչ զորամասից են իրենցով հետաքրքրվել, ոչ էլ նույնիսկ Ռազմական ոստիկանությունից է որեւէ մեկը գնացել հիվանդանոց: «Երրորդ օրն է` մենք հիվանդանոցում ենք, Ռազմական ոստիկանությունից ոչ եկել են, ոչ տեսել: Եթե իմ տղան զորամասից կես ժամ բացակայեր, քանի՞ ռազմական ոստիկան հետեւից գնացած կլինեին: Բայց տեսեք, որ երրորդ օրն է` ոչ մեկը չի եկել: Ես տեղեկություն ունեմ, որ ինքը (հարվածողը) չաստում ֆռֆռում է, իր աշխատանքին է, ուրեմն` ի՞նչ դուխ ունի, որ կարողացել է էդքան բանը անի ու իրա համար ֆռֆռա»,- ասել է Ն. Ավետիսյանի հայրը: Նրա պնդմամբ` այս օրերին իրեն են զանգահարում սպայի ընկերներն ու բարեկամները` հորդորելով «ներել» նրան, սակայն, «Չենք լռելու» նախաձեռնության խմբի հետ զրույցում Ն. Ավետիսյանի հայրն ասել է, որ «սա ներելու բան չէ»: