Հավաքե՞նք ճամպրուկները. ժամանակները լրացել են

17/12/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Մեր գալակտիկայում աղետ է». սեւ խոռոչը մեծ արագությամբ կլանում է այն, ինչ իր հարեւանությամբ է: Լրատվական կայքում այս տեղեկատվությանը հաջորդում էր ինչ-որ լուր` մոտավորապես «Սյունիքի մարզպետը գործածար տիկնոջից ներողություն չի խնդրել» վերնագրով: Դիտումների քանակով անհամեմատ կարեւորվել էր երկրորդ լուրը: Հետաքրքիր է մարդկանց մտածողությունը` այն աղետը, որը կատարվում է գալակտիկայում եւ հնարավոր է` (տեսականորեն) ճակատագրական լինի մեր մոլորակի համար, պակաս կարեւոր է թվում լուրից` ինչո՞ւ տղամարդը չի կարող ներողություն խնդրել մի կնոջից, ում հարվածել է: Թեեւ անառողջ այս ընտրությունն ունի կարեւոր արդարացում` Գալակտիկան ինչ-որ տեղ է, հեռվում, իսկ Սյունիքի մարզպետը` մայրաքաղաքից մոտ 250 կմ հեռավորության վրա: Թեեւ լուրերի ընդհանրությունն էլ դժվար էր չնկատել. Տիեզերքի մասշտաբով սեւ խոռոչն անում է նույնը, ինչ Սյունիքի մասշտաբով` մարզպետը…

Իջնում է հերթական տարվա վարագույրը: Հետեւաբար` ժամանակն է ազդարարել աշխարհի կործանման նոր տարեթիվը: Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն օրերս փարատեց ֆատալիստների մտավախությունը` աշխարհի կործանման մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են… մեկ տարով: Ըստ աստղաբան-էզոթերիկի` աշխարհը կկործանվի ոչ թե 2012, այլ 2013 թ.-ին: Սակայն այս դեպքում «աշխարհի կործանում»` նշանակում է` մարդկության մտածողության գլոբալ փոփոխություն, շեղում: Մեկ խոսքով` դեգրադացիա:

Եկեք տեսնենք, թե որքան ենք նեղացրել մեր հետաքրքրությունները, ի՞նչ հարցեր են քննարկվում ԶԼՄ-ների առաջին էջերում: Լսե՞լ եք` ի՞նչ ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օ՜, իսկ ի՞նչ կասի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատրաստվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ քաղաքականություն: Ո՞վ է մեջքով կանգնած այն բարակիրան գեղեցկուհին, ում հետ այնքան ներդաշնակ պարում է ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` ֆուտբոլի ազգային հավաքականի մեր մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ: Էդուարդ Շարմազանովն իրո՛ք մեր երկրի չորրորդ դեմքն է… Հարցադրումների ծանծաղությունից թվում է` իրո՛ք, ժամանակները լրացել են, եւ եկել է աշխարհի վերջը:

Առարկությունը, թե քաղաքական խնդիրներն են որոշում մեր հետաքրքրությունների օրակարգը, որ այդ հարցերի պատասխաններից է կախված մեր երկրի ընթացքը, լուրջ չէ: Քաղաքական խնդիրներով սահմանափակվելն է բերում նրան, ինչ ունենք հիմա: Օրինակ, երջանկահիշատակ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն ասում էր. «Ես լսում եմ այն երաժշտությունը, որը հնչում է Տիեզերքում: Այնտեղ հնչում է Բախի երաժշտությունը»: Եվ նա տարբերվում էր մեծամասնությունից: Նրա ներկայությամբ այնքան անհետաքրքիր էին թվում բոլոր քաղաքական գործիչները` միասին ու առանձին վերցրած:

Աշխարհի վերջի մասին մեր պատկերացումները խիստ նյութական են: Եվ, որքան էլ զարմանալի է, խիստ լավատեսական: Սուրալով դեպի մեր մոլորակ է գալիս Տիեզերքում մոլորված, մեր երկրագնդի չափերը մի քանի անգամ գերազանցող երկնաքա՞ր: Անհանգստանալն անմտություն է. վերջին վայրկյանին նրա ընթացքը կկասեցնի Առնոլդ Շվարցենեգերը կամ, ծայրահեղ դեպքում, Գոռ Վարդանյանը: Արեգակնային էներգիան ֆիզիկական մի շարք օրենքների համաձայն կսպառվի, եւ մեր մոլորակը կպատվի սառցե շերտո՞վ: Դուք հավանաբար տեղյակ չեք, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով հնարավոր է ջեռուցել բոլոր կարիքավորների բնակարանները: Այսինքն` մարդկության լավագույն կեսին սառցակալումը չի սպառնում:

Պետության վերաբերմունքը մեզնից յուրաքանչյուրիս հանդեպ գրեթե զրոյի է հասցրել ինքնագնահատականի մեր նշաձողը: Մենք մեզ տեսնում ենք ընտրազանգվածի մասնիկ: Չենք գիտակցում այն շնորհը, որը տրված է մեզնից յուրաքանչյուրին: Ի վերջո, եկեք պարզ նայենք իրականությանը` մեզնից յուրաքանչյուրի ծնվելու հավանականությունը մի քանի միլիոն հնարավորից մեկն էր: Եվ ծնվել ենք հենց մենք եւ ոչ թե` մեկ ուրիշը: Սա չափազանց կարեւոր ցուցիչ է, թե որքանով առանձնահատուկ է մեզնից յուրաքանչյուրը: Որքան կարեւոր:

Այս փաստը պիտի որ հանգեցնի այն եզրակացությանը, որ դու աշխարհ ես եկել մեծ առաքելությամբ: Քեզ բացառիկ հնարավորություն է տրված ինչ-որ բան փոխել: Ցանկալի է` դեպի լավը: Այդպես էլ հնարավորություն է տրվում այն մարդկանց, ովքեր իշխանության գագաթին են` փոխել երկրում ինչ-որ բան: Տանուլ տալ այդ առաքելությունը` իշխանությունն օգտագործելով զուտ հարստանալու կամ վերարտադրվելու համար, անմտություն է: Եվ ինչո՞վ սա աշխարհի վերջը չէ:

Եթե հիշում եք` տարվա սկզբին ինտելեկտուալ համարվող ռուսների շրջանում հարցում անցկացվեց. պարզվեց, որ շատ ռուսների կարծիքով` Արեգակը պտտվում է Երկիր մոլորակի շուրջը: Ընդ որում` մեկ պտույտը տեւում է մեկ ամիս: Նույն հաջողությամբ նրանցից շատերը կարող են պնդել, որ Երկիր մոլորակն ունի ճամպրուկի ձեւ: Նույնքան անհասկանալի է, երբ մեր մայրաքաղաքի փողոցում անցորդներին ցույց են տալիս Վահրամ Փափազյանի լուսանկարը` «Օթելլոյի» դերում, պատասխանում են. «Անծանոթ նեգր ա, չենք ճանաչում»:

Ինչ խոսք, բոլոր մարդիկ չեն կարող լինել ինտելեկտուալներ: Կարող են չլինել սրամիտ, ճկուն, հետաքրքիր: Սակայն մարդ լինելը ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր:

Խոշոր հաշվով, մենք` այս մոլորակի բնակիչներս, անզոր ենք տիեզերական, մեզ համար անընկալելի խնդիրների առաջ: Սակայն մեզնից յուրաքանչյուրն ունի կամք եւ գիտակցություն: Հետեւաբար` մեզնից յուրաքանչյուրից է կախված` ինչ մթնոլորտ է մեր մոլորակում, մեր հայրենիքում: Իսկ մեզ մոտ, սկսած խանութում թերակշռած մթերք գնելուց եւ վերջացրած կեղծված ընտրություններով, նույն եզրակացության ես հանգում` հո աշխարհի վերջը չէ՞… Իսկ եթե անգամ աշխարհի վերջն է, առավել եւս. անազնիվ ու ագահ լինելուց մեծ հիմարություն հնարավոր չէ պատկերացնել: