«Ազդարար» 2011-ի հաղթողները

17/12/2011

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակաբաշխության հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ լրագրողներին եւ լրատվամիջոցներին «Ազդարար» մրցանակ շնորհելու ավանդույթը սկիզբ է առել 2003թ.-ից Հայաստանի լրագրողների միության նախաձեռնությամբ` ի պատիվ 1794-1796թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի»: Հոկտեմբերի 16-ին Մադրասում Հարություն Շմավոնյանի տպագրած հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի» ծնունդով ազդարարվեց հայկական մամուլի սկիզբը: Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի 16-ին` մամուլի աշխատողների մասնագիտական տոնի օրը: Մրցանակաբաշխությունն այս տարի տեխնիկական պատճառներով հետաձգվել էր եւ տեղիէ ունեցավ երեկ` Հայաստանի ժուռնալիստների միությունում:

Մրցանակը սահմանվում է հինգ անվանակարգերում` պարբերական մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, սփյուռքահայ մամուլ եւ ֆոտոլրագրություն: Եվ այսպես, 2011թ. առավել աչքի ընկած լրատվամիջոցներն ու «Ազդարար»-ի մրցանակակիրներն են «168 Ժամ» թերթը` որպես բազմակարծություն ապահովող, էթիկայի կանոնները պահպանող լրատվամիջոց, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանի «Հայոց հարց» հաղորդաշարը` Հ1` Հանրային հեռուստաընկերության, անկախ լրագրող Հրաչիկ Մաթեւոսյանը, Իրանի «Ալիք» թերթը, որն այս տարի նշեց իր 80-ամյա հոբելյանը, եւ «Ազգ» օրաթերթի արցախյան թղթակից, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«168 Ժամը» շնորհավորում է իր գործընկերներին: