Երեկ Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձեւ, որով կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին` չեղյալ հայտարարել դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, եւ նոր, ազատ ընտրություններ անցկացնել: Նույն բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները ՌԴ իշխանություններին կոչ են անում նաեւ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը գրանցել ընդդիմադիր կուսակցություններին եւ հետաքննել դեկտեմբերի 4-ի ընտրախախտումների մասին բոլոր հայտարարությունները: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵՄ ղեկավարությանը, նշված հարցերը բարձրացնել երեկ մեկնարկած ԵՄ-Ռուսաստան երկօրյա գագաթաժողովի ընթացքում: Բնականաբար, չափազանց փոքր կամ նույնիսկ զրոյական է հավանականությունը, որ ՌԴ իշխանությունները կհետեւեն այս հորդորներին եւ նոր ընտրություններ կանցկացնեն, առավել եւս, որ բանաձեւի ընդունումից կարճ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ-ն շտապել է հայտարարել, որ այդ հարցերը չեն քննարկվելու Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում, քանի որ դրանք ընդգրկված չեն օրակարգում: Նման բանաձեւի ընդունումն էլ ՌԴ իշխանական գործիչները գնահատել են որպես ոչ կոռեկտ եւ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Սակայն, անկախ դրանից, Եվրախորհրդարանի բանաձեւը, ավելի ճիշտ` կեղծված ընտրություններին նման կերպ արձագանքելու փաստը դրական շերտեր է պարունակում: Գուցե ոչ այնքան Ռուսաստանի, որքան առաջիկայում ընտրական գործընթացներ մուտք գործող հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Իհարկե, այս դեպքում, առաջին հերթին, շատերը կհիշեն ՀՀ-ում անցած վերջին ընտրություններն ու դրանց տրված եվրոպական «հանդուրժողական» գնահատականները, արձանագրելով հերթական անգամ երկակի չափանիշներ կիրառելու փաստը: Սակայն 2007 եւ 2008 թվականներից հետո աշխարհում շատ բան է փոխվել, փոխվել են նաեւ ժողովրդավարության ոտնահարման հանդեպ «եվրոպական հանդուրժողականության սահմանները»: Ակնհայտ է, որ եվրոպական կառույցների կողմից նմանատիպ վերաբերմունքի սպառնալիքը կարող է զսպող նշանակություն ունենալ ՀՀ իշխանությունների համար, քանի որ Հայաստանը Ռուսաստան չէ, որ իրեն թույլ տա «գրողի ծոցն» ուղարկել եվրոպաներին. «ԵԽ-ն պոլիտբյուրո չէ» քոչարյանական թեզը այլեւս չի կարող գործել այն պատճառով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անցած չորս տարիներին իր լեգիտիմության պակասը փնտրել (եւ գտել) է եվրոպաներում, եւ «ամենաարդար ընտրություններ անցկացնելու» մասին հայտարարություններն էլ ուղղված են նույն եվրոպական կառույցներին, որոնք հազիվ թե իրերի նման դրության պայմաններում Հայաստանին հանդուրժեն այն, ինչը չեն հանդուրժում Ռուսաստանին: Այսինքն` ՌԴ խորհրդարանական ընտրություններն ու դրա միջազգային, այդ թվում` եվրոպական արձագանքը որոշակիորեն բարձրացրեց նաեւ ապագա ընտրությունների լեգիտիմության գնահատման նշաձողը: Քանի որ, եթե այսքանից հետո, ասենք, Հայաստանում ընտրություններն անցնեն «ռուսական», այսինքն` ավանդական եղանակով եւ չարժանանան եվրոպացիների համարժեք գնահատականին, ՌԴ ղեկավարությունը հնարավորություն կստանա զարգացնելու «համաշխարհային իմպերիալիզմն` ընդդեմ Ռուսաստանի» քարոզչական թեզը, որը ՌԴ իշխանությունների համար ժողովրդավարության ոտնահարման հիմնական «գաղափարական զենքն է»: Կկարողանա՞ արդյոք ՀՀ իշխանությունը հրաժարվել ընտրությունների անցկացման ավանդական մեթոդներից, այսինքն` ընտրակեղծիքներից: Դրա հավանականությունն այնքան է, որքան այն, որ ռուսները կհետեւեն Եվրախորհրդարանի կոչին եւ նոր ընտրություններ կանցկացնեն: