Բրայզայի ճակատագիրն անորոշ է

15/12/2011

Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետագա դիվանագիտական ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ըստ «Ազատության»` նրա հետագա պաշտոնավարման մասին Վաշինգտոնից իրարամերժ տեղեկություններ են ստացվում: Մեկ տարի առաջ, երբ նոր գումարման Կոնգրեսը դեռ չէր սկսել իր աշխատանքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարողացավ հաղթահարել Բրայզայի նշանակման 18 ամիս տեւած արգելքն ու առանց Սենատի հաստատման` նրան նշանակեց դեսպանի պաշտոնում: Ամերիկյան օրենսդրության համաձայն, սակայն, նման պաշտոնավարման առավելագույն ժամկետը մեկ տարի է: Այդ մեկ տարվա ընթացքում նախագահի ուղղակի հրամանագրով նշանակված ցանկացած դեսպան պետք է հաստատման գործընթաց անցնի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել է. «Բրայզայի թեկնածությունը վերջնականապես մերժված չէ: Սենատը շարունակում է քննարկել նրա նշանակման հարցը»: Թոների պնդմանը հակառակ` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է. «Մեր տեղեկություններով` Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս պահին որեւէ ծրագիր չկա` քննարկելու Բրայզայի (նշանակման) հարցը: Եթե այդպես շարունակվի մինչեւ տարեվերջ, ապա պարոն Բրայզան կլքի զբաղեցրած պաշտոնը»: Նրա խոսքով` այն դժգոհությունները, որ կային Բրայզայի նշանակումից առաջ, այսօր էլ առկա են: «Պարոն Բրայզան չարեց այն քայլերը, որ պետք է ցույց տային, որ նա անկողմնակալ է: Նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում որեւէ քայլ չարեց` կապված Ջուղայի խաչքարերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Սա նշանակում է, որ այն մտահոգությունները, որ առկա էին սենատորների շրջանում, այսօր եւս չեն վերացել: Տարվա այս վերջին օրերին եթե Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չվերադառնա Բրայզայի նշանակման հարցին, ապա կարող ենք հստակ ասել, որ Մեթյու Բրայզայի տխրահռչակ նշանակումը որպես ԱՄՆ-ի դեսպան` Ադրբեջանում ավարտվել է»,- նշել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը: