Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի համոզմամբ, «Հայաստանն այլեւս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գիերմո Տոլոսան ասել է, թե ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանություններն արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրել է հերթական վարկը` 56.1 միլիոն դոլարի չափով: Սակայն վարկի հետ զուգահեռ` հիմնադրամը Հայաստանի կառավարությանն է հղել մի շարք խորհուրդներ, այդ թվում` «վճռական ճեղքում» գրանցել տնտեսությունում իրականացվող բարեփոխումներում: Երեկ Գիերմո Տոլոսայից «Ազատություն» ռ/կ թղթակիցը փորձել է հստակեցնել, թե «վճռական ճեղքում» ձեւակերպումն արդյո՞ք նշանակում է, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից: «Մենք կարծում ենք, որ բարեփոխումները կարեւոր են, եւ մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են [Հայաստանում] բիզնես միջավայրի որոշակի բարելավմանը: Բայց մենք նաեւ կարծում ենք, որ դեռ ավելին պետք է արվի: Հատկապես այն պայմանների առկայության պարագայում, որոնց բախվում է Հայաստանը` միջազգային տնտեսության հետ կապված աճող հոռետեսական գնահատականները եւ այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ: Ուստի Հայաստանն այլեւս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում»,- ասել է Տոլոսան: Նաեւ հավելել է. «Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին, մենք կողջունեինք [երկրում] բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների տեմպերի արագացումը»: Հիշեցնենք` անցած տարվա հունիսին ԱՄՀ-ն ու պաշտոնական Երեւանը պայմանավորվեցին, որ 2010-2013 թվականների ընթացքում հիմնադրամը Հայաստանին պետք է տրամադրի 413.4 միլիոն դոլարի վարկ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի նշված ժամանակահատվածում Հայաստանի պետբյուջեի կատարմանը, եւ ամրապնդվեն Կենտրոնական բանկի պահուստները: Հաշվի առնելով նաեւ նշված 56.1 միլիոն դոլար վարկի տրամադրումը` ԱՄՀ-ն անցած մոտ մեկ ու կես տարում Հայաստանին արդեն իսկ տրամադրել է 224.3 միլիոն դոլարի վարկ: Զրույցի ընթացքում Գիերմո Տոլոսան անդրադարձել է նաեւ Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական բարդ իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա` ասելով. «Ներկայում հնարավոր բացասական ազդեցությունը սահմանափակ է, որովհետեւ (Հայաստանի տնտեսության համար կարեւոր) երկու գործոնները` եվրոպական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար չեն ազդել Ռուսաստանի տնտեսությունում վիճակի եւ հումքի միջազգային գների վրա: Օրինակ, այս հոկտեմբերի տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճ ապրել, իսկ պղնձի եւ հումքի այլ տեսակների գները, չնայած որոշակի անկմանը, բայց շարունակում են բարձր մնալ` այդ առումով գտնվելով աննախադեպ բարձր մակարդակում: Սակայն հայացք նետելով առաջ` տեսնում ենք, որ ռիսկեր կան, որ եվրոպական զարգացումները կարող են բացասաբար ազդել նշված երկու գործոնների վրա, եւ ի վերջո Հայաստանը կարող է տուժել եվրոպական ճգնաժամից»: Ըստ նրա` ԱՄՀ-ի կանխատեսմամբ` գալիք տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 4 տոկոս, սակայն միեւնույն ժամանակ ավելացրել է, թե Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների պատճառով ռիսկերը մեծացել են, եւ, որ Հայաստանը չի կարողանա ապահովել նման աճ: Նրա խոսքով` եթե հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւի քաղաքական անկայունությունը, ապա այն նույնպես կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա: «Մենք կարծում ենք, որ ընտրություններից հետո քաղաքական անկայունությունը կարող է, մասնավորապես, բացասաբար ազդել ներդրումների վրա: Սակայն պետք է նշեմ, որ սա մեր կողմից դիտվող ամենահավանական սցենարի մեջ չի մտնում»,- ասել է նա: