Ահա եւ եկավ: Տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար եկավ ամենադժվար հոդվածը բստրելու ժամանակը: Տարվա ընթացքում հեշտ է, չես նայում` տնտեսություն կա-չկա, մի բան գրում ես: Դժվարը տնտեսական տարվա ամփոփիչ հոդված գրելն է: Եթե բռնես ու մի նախադասություն ունեցող հոդված գրես` օրինակ. «2011 տնտեսական տարին ոչնչով աչքի չընկավ»` անկեղծ կլինի: Ավելին` ընթերցողների մեծ մասը հետդ կհամաձայնի: Բացի, իհարկե, ամենակարեւոր ընթերցողից` գլխավոր խմբագրից: Իսկ նա, հայտնի բան է` միայն ստույգ լրատվություն ու հետաքրքիր վերլուծություն չէ, որ ակնկալում է լրագրողներից: Նրա համար «Հոդվածի ծավալ» հասկացությունը նույնքան կարեւոր է, որքան «ստույգ, օպերատիվ լրատվությունը» եւ «հետաքրքիր վերլուծությունը»: Բայց սա շահերի բախում չես անվանի: Ցանկացած խմբագրությունում, ինչպես բոլոր հիմնարկներում, «Ղեկավարը միշտ ճիշտ է»: Հետեւաբար հարկավոր է հիշել 2011 տնտեսական տարվա կարեւորագույն իրադարձությունները: Եթե այդպիսիք կան, իհարկե: Կարելի է, օրինակ, գրել, որ 2011-ի տնտեսական սպասումներից ամենակարեւորը «Հրազդան 5» վերանվանված Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումն էր: Եթե հիշողությունս չի դավաճանում, եկող տարի կարելի է նշել այդ «դարի շինարարության» 30-ամյակը: Կարծեմ 1982 թվականին Դոնի Ռոստովի էներգետիկայի ինստիտուտում նախագծվեց 5-րդը: Բայց նույնիսկ ամենահիշաչար մասնագետները չեն կարող ստույգ ասել, թե քանի կառավարություն է խոստացել շահագործման հանձնել այդ էներգաբլոկը եւ յուրաքանչյուրը` քանի անգամ: Այս տարի, օրինակ, շահագործման հանձնելու երեք խոստում եղավ: Եղավ ու չիրագործվեց: Բայց չիրականացված տնտեսական խոստումը տարվա իրադարձություն չես համարի: Այլապես մենք ճոխ տնտեսական տարի կնշեինք Գյումրիի տեխնոպարկի կայացումից մինչեւ Դիլիջանի բիզնես կենտրոնի հիմնադրումը: Կնշեինք ու մանրամասն կպատմեինք յուրաքանչյուրի բացման արարողությունները: Դրանց հիմա «Պրեզենտացիա» են ասում: Մեր վարչապետը, կարծեմ, երկու անգամ այցելեց ու Դիլիջանի բիզնես կենտրոնի պրեզենտացիային մասնակցեց: Բայց չի կարելի գրել այն մասին, որ նա երկու անգամ էլ մեկական բաժակ շամպայն խմեց: Շամպայն խմելը պրեզենտացիոն հինավուրց սովորություն է: Բայց չարախնդացողները անմիջապես մեր վարչապետի պապի խորհուրդը կվերհիշեն: Իսկ դա ազնիվ չէ: Հատկապես, որ ամենեւին էլ տնտեսական բովանդակություն չունի: Իսկ մենք փորձում ենք հիշել 2011-ի տնտեսական արդյունքներն ու նշանակալի իրադարձությունները: Իհարկե կարելի է հիշել, որ մեր կառավարությունը «հաշվետու ժամանակաշրջանում մեկ կարեւոր քայլ եւս կատարեց մանր ու միջին ձեռներեցության խթանման գործում»: Խոսքը այդ նպատակով կառավարությունում ձեւավորված խորհրդի երկրորդ նիստի մասին է: Բայց այդ խորհրդի նիստում արտասանած ելույթը մեր վարչապետը կարող էր ունենալ ցանկացած այլ միջոցառման ժամանակ: Օրինակ, ասենք, Կոմպոզիտորների միությունում: Բովանդակային իմաստով այն այստեղ էլ օրվա միջոցառման ու թեմայի հետ նույնքան կապ չէր ունենա: Տարվա ամենահետաքրքիր տնտեսական իրադարձությունները կապված էին 2012թ. պետական բյուջեի հետ: Իհարկե, բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները հետաքրքիր չես համարի: Վերջին տարիների կայուն ավանդույթի նման` դրանք խորհրդարանական պարտադիր միջոցառումների նման անցկացվեցին: Հետաքրքիրը բյուջեի օրենքի ընդունման քվեարկությունն էր: Դրանց տեսաերիզները հայտնվեցին սոցիալական ցանցերում ու դարձան ծաղրուծանակի թեմա: Բայց նույնիսկ ուրիշների փոխարեն քվեարկող պատգամավորների նյարդերն այդքան ցնցող չէին, որքան քվեարկության արդյունքները: Պատմությունն արձանագրեց, որ «Բյուջե 2012»-ը ընդունվեց ընդամենը 66 ձայնով: Իշխող կուսակցությունը, որ խորհրդարանում ցանկացած որոշում անցկացնելու քանակի պատգամավորական խմբակցություն ունի, իր խորհրդարանական կոալիցիոն գործընկերների հետ միայն 66 ձայն կարողացավ ապահովել: Սա մի կողմից` կարելի է համարել կառավարող կոալիցիոն կուսակցությունների վերաբերմունք: Վերաբերմունք` առ մեր կառավարություն: Մյուս կողմից` կարելի է համարել երկրի իշխանական բուրգում սկսված քաղաքական ճգնաժամի հետեւանք, որի արդյունքում կառավարությանը չհաջողվեց խորհրդարան բերել անհրաժեշտ քանակի հավատարիմ պատգամավոր: Իսկ դա քննարկման առանձին ու ոչ տնտեսական թեմա է: Որպես տնտեսաքաղաքական փաստ` մեզ մնում է արձանագրել, որ «Բյուջե 2012»-ի ընդունման խորհրդարանական ցուցանիշը պատմականորեն ամենացածրն էր: 2011-ի տնտեսական միակ իսկապես հիշատակման արժանի փաստը երկրի հարկային օրենքների մեջ նոր` շքեղության հարկի ավելացումն էր: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե այս հարկատեսակը որքանով կապահովի կառավարության ակնկալած հարկային մուտքերը: Չնայած, որ փորձագիտական կարծիքների համաձայն` այդ ակնկալիքները ռիսկային են: Կարեւորն այն է, որ հայկական տնտեսական իրականություն մտավ «Շքեղության հարկ» հասկացությունը: Ճիշտ է` վեհերոտ քայլերով: Բայց սա հաջողություն է, որ կարելի է զարգացնել: Ի վերջո, հնարավոր չէ երկիրը հռչակել սոցիալական պետություն ու գույքահարկի համարյա նույնական սանդղակով հարկել թոշակառու ծերուկին ու օլիգարխին: Զուտ այն պատճառով, որ մեկին բաժին է ընկնում լավագույն դեպքում 20 քառ/մետր բնակմակերես, մյուսին, ասենք, 500: Բայց սա ապագայի խնդիր է: Մեր գործող կառավարությունը չգնաց շքեղության հարկատեսակի բյուջետային իրական ու լուրջ մուտքեր ապահովող տարբերակ առաջարկելու ճանապարհով: Գուցե նաեւ այն պատճառով, որ պատշաճ ազդեցություն չունի խորհրդարանի վրա: Ի վերջո, այդպես կարելի է ենթադրել բյուջեի քվեարկության պատճառով: Կարելի է ենթադրել, բայց միեւնույն է` «2011 տնտեսական տարին ոչնչով աչքի չընկավ»: