Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դեկտեմբերի 9-ին երեկոյան հարվածներ հասցնող անձանցից մեկը` Արմեն Եղոյան ազգանունով, կալանավորված է, իսկ Արամ Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ խուլիգանության համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան Չարենցի եւ Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածում երեք հոգի հայհոյել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գագիկ Շամշյանը, սակայն, որեւէ ակնկալիք չունի դատական մարմիններից, թե դեկտեմբերի 9-ին իր վրա հարձակված անձինք արժանի պատիժ կկրեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գ. Շամշյանն ասել է, թե առաջին անգամ չէ, որ իր վրա հարձակում կատարող անձը կալանավորվում է: «Տարիներ առաջ էլ, երբ Նուբարաշենի թաղապետի եղբայրը հարձակվեց ինձ վրա, նա կալանավորվեց, երեք օր մնաց մեկուսարանում, որից հետո դատարանը նրան գրավով ազատ արձակեց, ապա քրեական գործը կարճվեց: Իսկ մնացած քրեական գործերով որեւէ անձ գոնե նախնական պատիժ չի ստացել,- նշել է Շամշյանը,- Սա առաջին դեպքն էր, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը, մյուսի նկատմամբ` 600.000 դրամ գրավը»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, առաջիկայում եւս երկու անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ քննիչը դիմելու է դատարան: Հարցին, թե ինչ ակնկալիք ունի գործի հետագա քննությունից, Գագիկ Շամշյանը պատասխանել է. «50/50: Ճիշտն ասած, հույս էլ չունեմ դատական համակարգից: Դատական մարմիններին չեմ հավատում: Ոստիկանությունը օպերատիվ արձագանքեց իմ ահազանգին, դեպքի վայր եկան Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները եւ կատարեցին ու կատարում են քննչական գործողություններ, բայց եթե գործն ուղարկեն դատարան, ես դատարանին չեմ հավատում»: