«Ինձ պետք ա, որ մի քիչ ինձ սիրեն»,- ասում է երեք երեխաներից Վիգենը

15/12/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

12-ամյա Վիգենն իր գլխից մի երկու չափ մեծ գլխարկն իսկույն իջեցնում է աչքերին` ուղիղ աչքերիս մեջ չնայելու բարդույթից: Ցրտից սփրթնած դեմքը, մի կետին նայող սառած աչքերն ու անտարբեր, անորոշ հայացքը Վիգենին հոգնած ծերունու կերպարանք են տվել: Տան միակ տղամարդն է` կաշկանդված, վիրավորված, նվաստացած ու չքավորությունից` սենյակի անկյունում ծվարած: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի հանրակացարանի Վիգենենց սենյակը, կարծես, այն դուռն է, որն ուղիղ ճանապարհով տանում է դեպի հոգեբուժարան: Ինձ ներս հրավիրելու համար բոլորը շարքով դուրս են գալիս միջանցք, այնուհետեւ կոտրված բազկաթոռին տեղավորելով` բոլորը շարքով առաջանում են: Երկու աղջիկները նստում են մեկ աթոռին, իսկ տանտիկինը` Հայկանուշը, կանգնած է մնում: Սենյակում աննկարագրելի ցուրտ է: Հինգերորդ հարկի տանիքից հոսող անձրեւաջրերը զավթել են սենյակի պատերն ու քարտեզի նման տարածվել են առաստաղով մեկ, անկողնու շուրջը, ամենուրեք: Սենյակի դուռը բացվելուն պես խոնավության հոտը բորոտի պես տարածվում է հանրակացարանի ամբողջ շենքով: Մարդկանց քիթ-մռութը ծռմռվում է գարշահոտից: Վիգենը ծվարել է այն կոտրված բազկաթոռին, որի վրա գիշերում է: Մայրը` Հայկանուշը, ասում է, որ մի բազմոց ունեն, որի վրա երկու աղջիկներն են քնում: «Ես ու Վիգենս էս բազկաթոռներին ենք քնում: Դիմացն էս փայտե աթոռներն եմ դնում, որ ոտքի տեղ լինի: Տակը քըրջ ու փալաս եմ գցում, որ մեջքներս շատ չցավի, ու մի կերպ լուսացնում ենք: Դե, ո՞նց ասեմ, ո՞նց նկարագրեմ, դա քնել չի` տառապանք ա»,- ասում է Հայկանուշը, ով որքան էլ բացատրում է, թե ինչպես է աթոռներից մահճակալ ստանում, միեւնույն է` չեմ պատկերացնում: Վիգենը զայրացած հայացք ունի, աչքերի մեջ կռիվ կա: Չի պատասխանում հարցերիս, փոխարենը` շփոթվում, կարկամում ու հայացքը թաքցնում է: Նյարդային վիճակից շրթունքներն է կծոտում: Հարցնում եմ` «Նոր տարուն սպասո՞ւմ ես»: Վիգենն էնպես է ատամներով շրթունքները սեղմում, որ բերանի վրա արյան բծեր են հայտնվում: «Չեմ սպասում»,- չարացած աչքերով ասում է ու կծկվում, «մի բուռ» է դառնում: Ձեռքերն ահավոր դողում են. հաստատ բարկությունից կուզենար ինձ «շանսատակ» անել: Հետո պայթում է` «Ամեն Նոր տարուն մեր շենքի մոտ գալիս են բարգավաճական կամ հանրապետական Ձմեռ պապիկներ: Նվերներ են բաժանում: Ինչ տարին սկսվել ա` տետր չեմ ունեցել: Ուղիղ հինգ հատ տետր ա պետք: Միշտ էլ պետք ա եղել: Ամեն տարի իջել եմ ներքեւ, տեսնեմ` էդ Ձմեռ պապ կոչվածն ինձ կշնորհավորի՞ գոնե: Չէ՛, չի շնորհավորել: Ես միշտ հեռվում եմ կանգնել, բոլորից հետո: Բոլորին շնորհավորել ա, նվերներ ա տվել, իսկ երբ հերթն ինձ ա հասել, նվերները վերջացել են: Բայց կարար, չէ՞, գոնե շնորհավորեր, մոտենար… Այ քեզ բարգավաճական կամ հանրապետական Ձմեռ պապ…»: Վիգենն այնքան վիրավորված է, որ բոլոր մարդկանց մեջ տեսնում է անարդար «բարգավաճական ու հանրապետական Ձմեռ պապերին»: «Շատ ջղային ես»,- ասում եմ:

Մայրն իրեն վատ զգալով` սկսում է արհեստական ծիծաղել: Ասում է` Վիգենը շատ զգացմունքային մարդ ա, ու… «Ինքը շատ շուտ հուզվում ա: Ինքն էլ, փոքր քույրն էլ` շատ լացկան են: Դպրոցում, գիտեք էլի, եթե մի երեխա վատ ա հագնվում` սկսում են ձեռք առնել: Գալիս են տուն ու սկսում են լացել»,- ասում է տիկին Հայկանուշը, ում խոսքերից երեխաներից ամենափոքրը` Սեդան, աչքերը լցնում է: Էս վերջերս Սեդան ամեն օր լաց է լինում: Ասում է` «Որովհետեւ ոտքերս ցրտից մրմռում են: Սապոգ չունեմ, չեմ կարում էդ ցրտին դիմանալ»: 11-ամյա Սեդան մեղադրական հայացքով նայում է մորը: Մայրը մեղայական հայացքով նայում է երեխաներին: Սենյակում թափառում է չքավորությունից ծնվող կենցաղային վիճաբանությունը: Հայկանուշ Ղուկասյանը 39 տարեկան է, բայց 50 տարեկանի տպավորություն է թողնում: Երեխաներին միայնակ մեծացնելու հոգսը նրան ծերացրել է: Ապրում են 31.500 դրամ աղքատության նպաստով, որից միայն 5000 դրամը վճարում են սպառած էլեկտրաէներգիայի գումարը: Առավոտյան եւ երեկոյան մեկ ժամ միացնում են էլեկտրական սալիկը, որի տաքությունը զգալու համար առնվազն պետք է գրկել այն: Չորս տարի առաջ շենքի մուտքի մոտ ընկել, ոտքը կոտրել է. «Ինչ-որ բան սխալ արեցին: Ճիշտ ա` կոտրվածքը կպավ, բայց ոսկորս դուրս ա ցցվել ու ծռվել ա: Ցավից չեմ կարողանում երկար կանգնեմ: Եթե մի հինգ րոպե ոտքի եմ լինում` պիտի նստեմ, որ ցավն անցնի»: Ոտքն այտուցված է, իսկ ոսկրը` ձեւախեղված: Հայկանուշն ասում է, որ չի կարող երկար կանգնել, դրա համար էլ հարմար աշխատանք չի կարողանում գտնել: «Շատ ծանր ենք ապրում: Հացը միշտ պարտքով եմ վերցնում ու «Փարոսը» ստանում, փակում եմ: Շատ ա լինում, որ երեխեքս ցամաք հացով յոլա են գնում, պատահում ա` դա էլ չի լինում: Նոր տարիներն էլ անցկացնում ենք ամեն օրվա պես: Եթե հաջողվում ա` մի կիլո քաղցր բան եմ առնում, երեխեքն ուտում են, ու դա մեր համար դառնում ա Նոր տարի»,- ասում է Հայկանուշը, ով երեխաների հոր մասին իմ հարցերին չի պատասխանում եւ խնդրում է իր անձնական կյանքը չփորփրել: Փոխարենը երեխաներն ականջները «սրում» են` իմ միջոցով իրենց հոր մասին մորից մի բան լսելու համար: «Չկա»,- արհամարհական շպրտում է Վիգենն ու մորից երեսը թեքում է: Մի քանի ոտնաչափ տարածքում երեք երեխաների տեղաշարժից Սեդան հայտնվում է Վիգենի շալակին, իսկ Վիգենի գրկում` Սեդայի ոտքերը: Սենյակը նկուղի նման է, որտեղ անփույթ դրված են հիմնականում անպետք իրեր: Երեխաներից յուրաքանչյուրը մեծանում է մյուսի հագուստով, ու հաճախ դպրոց են գնում հագուստներն իրար փոխանցելու հերթափոխով: Հայկանուշն ասում է` «Մեկ-մեկ ներվայնությունից սկսում են կռվել իրար հետ: Ինչի՞ իմ գրիչը վերցրիր, ինչի՞ ես իմ տետրը քեզ վերցրել: Երեխեքիս ներվային համակարգն էլ ա խախտվել: Ախր շատ նեղվածքով են ապրում, սովորում ու մեծանում: Երեքը` մի գրիչով, երկուսը` մի հագուստով… Տղես նեղացած ա ինձնից, չեմ կարում տետր առնեմ»: Հայկանուշը վիրավորվածությունը թաքցնելու համար սկսում է քմծիծաղել: Վիգենը կրկին հայացքով «չորում» է մորն ու շրթունքներն այնպես է կրծում, որ մաշկը կախվում է բերանից: «Հեշտ ա ասում, իրան չեն ծաղրում ու ստորացնում, իմ վրա են ծիծաղում»,- ասում է 12 տարեկան տղան, ով, թեեւ չի արտահայտվում, այդուհանդերձ ինչ-որ բանի համար չի ներում մորը: Չի ներում մորը, որ հայր չունի: Չի ներում մորը, որ հայր չունի, դրա համար էլ տետր չունի: Չի ներում մորը, որ հայր չունի, դրա համար էլ իրենց էլեկտրական սալիկը «հոգին» հանձնել է, բայց ինքը կապտած մատներով լարերն իրար կցմցելով, ամեն օր մի կերպ տաքության հարց է լուծում: Չի ներում մորը, որ 12 տարեկան հասակում ինքն իր ընտանիքի միակ տղամարդն է` լիքը հոգսերով: Չի ներում մորը, որ հայր չունի, դրա համար էլ բարգավաճական կամ հանրապետական Ձմեռ պապերի այցելությունների ժամանակ կանգնում է ամենածայրում, ու ոչ ոք իրեն չի նկատում: Ընդհանրապես Վիգենը չներելուց աննկարագրելի բարկացած է. «12 տարեկան եմ, բայց ոչ մի Նոր տարի չի հիշվել: Հասկանում ես, չէ՞, որ նվեր պետք չի: Մի քիչ ուշադրություն, մի քիչ, որ ինձ էլ սիրեն»:

 

Սոսկալի ցուրտ սենյակում լռությունը գամվում է ուղիղ մեր մեջտեղում: Մեջտեղում Վիգենի հարցերն են, որոնք պիտի տար մորը, բայց երբեք չի տվել: Վիգենի հարցերը դարձել են վերքեր ու ներսից ուտում են իրեն: Տան միակ տղամարդն ապրում է իր տան իսկական տղամարդուն փնտրելու ու չգտնելու զայրույթով: