Պրոխորովը մտնում է «խաղի մեջ»

13/12/2011

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանում կայացած դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ երկրում անհրաժեշտ է նոր ազատական ուղղվածության կուսակցություն ստեղծել: «Ես պատրաստ եմ օժանդակել այդ գործընթացին: Կասկած չկա, որ մոտ ապագայում այն կմեկնարկի»,- ասել է Կուդրինը, ում, հիշեցնենք, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնանկ էր արել երեք ամիս առաջ: Կուդրինի այդ հայտարարությունից ժամեր անց ռուս միլիարդատեր, «Պրավոյե դելո» կուսակցության նախկին ղեկավար Միխայիլ Պրոխորովը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2012 թ.մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում: «Սա, հավանաբար, իմ կյանքի ամենալուրջ որոշումն է: Ես գնում եմ նախագահական ընտրությունների»,- հայտարարել է ռուսաստանցի միլիարդատերը` ավելացնելով, որ իր ընտրազանգվածը համարում է «միջին խավը` բառի ամենալայն իմաստով»: Միաժամանակ նա ասել է, թե չի պատրաստվում իր քարոզարշավը կառուցել Վլադիմիր Պուտինի քննադատության վրա: Պրոխորովը նաեւ շեշտել է, թե իր որոշումը չի քննարկել Կրեմլի կամ Սպիտակ տան հետ` հերքելով նաեւ այն տեղեկությունները, թե հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ Պրոխորովի` ընտրություններին մասնակցելու որոշումը բազմաթիվ ռուս փորձագետներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ համարում են «պուտինյան նախագիծ»` նշելով, որ այդպիսով գործարարը փորձելու է իր կողմը գրավել ընդդիմադիր ընտրազանգվածին` բնականաբար, Պուտինին պարտվելու պայմանով: Հենց այս համատեքստում են փորձագետները դիտարկում նաեւ Ալեքսեյ Կուդրինի` ազատական ուղղվածության կուսակցություն ստեղծելու հայտարարությունը: Կուդրինը, հիշեցնենք, համարվում է ազատական հայացքներ ունեցող, սակայն, միեւնույն ժամանակ, Պուտինի մերձավոր շրջապատին պատկանող գործիչ: Ի դեպ, երեկ Facebook-ի իր էջում անցած խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` բնականաբար, անհամաձայնություն հայտնելով նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջի կապակցությամբ: «Ես համաձայն չեմ հանրահավաքներում հնչած ո՛չ կոչերին, ո՛չ հայտարարություններին»,- գրել է Մեդվեդեւը` միաժամանակ ավելացնելով, թե իր կողմից հանձնարարություն է տրվել` «ստուգել ընտրական օրենսդրության պահպանման վերաբերյալ ընտրատեղամասերից եկած բոլոր հաղորդագրությունները»: