Երեկ Նկարիչների միության ցուցասրահում կայացավ Հայաստանի ժամանակակից արվեստի թվով 36 արվեստագետների գործերի ցուցահանդեսը, ինչպես նաեւ «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը նվիրվել է ՀՀ անկախության 20-ամյակին, որն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ի դեպ, պատկերագրքի հեղինակն Իտալիայում բնակվող լրագրող եւ արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավան է: «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» պատկերագիրքը ներկայացնում է մոտ չորս սերունդներին պատկանող 36 ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործության ընտրանին, եւ հարկ է նշել, որ շատ մեծ տեղեկատվություն է պարունակում ժամանակակից արվեստի մասին թե վիզուալ իմաստով, թե բովանդակային: Սփռվելով աշխարհով մեկ` այն կարող է Հայաստանի ժամանակակից արվեստի պատմությունը տարածել բոլոր երկրներում: Պատկերագիրքը, եթե ոչ ամբողջապես, ապա` ընդհանուր ուրվագծով, արտացոլում է մեր երկրի ժամանակակից արվեստի զարգացումը վերջին 25 տարիների ընթացքում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան խոստացավ պատկերագիրքը տարածել Նյու Յորքում, Ժնեւում, Հռոմում, այլ կերպ ասած` այն քաղաքներում, որտեղ գտնվում են ՄԱԿ-ի գրասենյակները: «20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը նորովի վերագտավ իր անկախությունը եւ սկսեց բարեփոխումներ: Բայց անցումային շրջանը Հայաստանի համար երկարատեւ եւ ցավագին էր։ Ձեռքբերումների կողքին եղան նաեւ կորուստներ: Եվ հենց դա էր պատճառը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղան այս ծրագրի իրականացմանը: Պատկերագիրքը հնարավորություն է` աշխարհին ցույց տալ եւ ներկայացնել հայ ժամանակակից արվեստի ամենատաղանդավոր գործերը, մատույցներ տրամադրել այդ արվեստագետներին դեպի միջազգային արվեստի շուկա, եւ եւս մեկ անգամ ներկայացնել Հայաստանը աշխարհին` որպես հարուստ մշակույթի կրող»,- ասաց Դ. Գերչեւան` վստահեցնելով, որ ինքը մեծ պատրաստակամությամբ իր բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Հայաստանի ժամանակակից արվեստն ու հարուստ մշակույթն արտացոլող այդ գիրքը կներկայացնի տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Պատկերագրքի հեղինակ, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել ժամանակակից արվեստագետների գործերը: Նշենք, որ Նկարիչների միության ցուցասրահում տեղ գտած գործերը եւ առհասարակ էքսպոզիցիան ոճային իմաստով չափազանց բազմազան էր, ինչը դժվար ընկալելի էր դարձնում հեղինակներից ամեն մեկին առանձին-առանձին: «Արվեստագետների ընտրության հարցն այս ծրագրի ամենացավոտ հարցերից մեկն է. Եղել են պարտադիր պահանջներ` արվեստագետները պարտադիր պետք է լինեն հայաստանաբնակ, ներկայացնեն հետանկախության ժամանակաշրջանի Հայաստանը, ապակենտրոնացման առաջնահերթությունը ապահովելու համար պետք է ներգրավված լինեն արվեստագետներ Հայաստանի տարբեր շրջաններից: 1995թ.-ից հետո մենք այսպիսի ամփոփ գիրք չենք ունեցել, որտեղ ներկայացված է կերպարվեստը: Ելնելով տեխնիկական խնդիրներից` վիդեոարտը չի ներկայացվել պատկերագրքում»,- նշեց Լ. Սարգսյանը` նաեւ ավելացնելով, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, արվեստի ներկայացման պրակտիկայի միտումը նվազում է, ցուցահանդեսի պրակտիկան կորցնում է նշանակությունը հենց արվեստագետի համար, ինչը թելադրված է սոցիալական ծանր պայմաններով: Լ. Սարգսյանի կարծիքով` արվեստագետի պահանջներն այսօր այլ են: Արվեստաբանը համարում է, որ անհրաժեշտ է բարձրաձայնել մեր մշակութային դաշտի լրջագույն բարեփոխումների անհրաժեշտության մասին, որը կապված է անկատար օրենսդրության հետ: Ըստ նրա` կարեւոր է զարկ տալ մեկենասային ինստիտուտին, որն էլ կապված է հարկային դաշտի հետ: Այդուհանդերձ, Հայաստանն ունի չափազանց մրցունակ երիտասարդ արվեստագետներ, եւ նրանք կարիք ունեն ներկայացնելու իրենց արվեստը Հայաստանից դուրս: «Այս պատկերագիրքը հենց այդ հնարավորությունն է»,- կարծում է Լ. Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի ժամանակակից արվեստը, մասնավորապես, մեծ զարգացում ապրեց 1980-ականների 2-րդ կեսին ստեղծված «Երրորդ հարկ» ավանգարդային շարժման ժամանակահատվածում: Այն մի պլատֆորմ էր, որին կանգնած արվեստագետները ոչ միայն ձգտում էին ինքնարտահայտման եղանակները գտնել կերպարվեստի տեղային ավանդույթներից այն կողմ եւ գեղագիտական նոր արժեհամակարգ ներմուծել հայկական կերպարվեստ, այլեւ նորովի արժեւորել արվեստի հասարակական նշանակությունն արվեստագետին: Արվեստաբան Լ. Սարգսյանի մեկնաբանմամբ` Հայաստանի ժամանակակից արվեստի կայացումն անկախության ժամանակաշրջանում դիտարկելը նախ հղում է ամբողջատիրական մշակույթի հաղթահարմանը: «Սակայն իբրեւ հետեւանք` հետխորհրդային (հետգաղութային) իրավիճակում հայտնվելը նշանակում է գտնվել անընդմեջ անցումային գործընթացների հորձանուտում եւ դիմագրավել նոր մարտահրավերների, ոչ միայն պարզել սեփական տեղը գլոբալացվող աշխարհում, այլեւ գոյամարտ մղել սեփական երկրում: Ժամանակակից արվեստն իբրեւ աշխարհի առջեւ բացվելու, միեւնույն ժամանակ` այն իր մեջ ներառելու միջոց, այդ մարտահրավերներն ընդունող առաջամարտիկն է: Հետեւաբար` ժամանակակից արվեստագետների համար «անկախություն» հասկացությունն այժմ առավել լայն ու ընդհանրական իմաստների` ժողովրդավարության, մարդու իրավունքների, հանրային բարօրության եւ արդարության, արվեստի ինքնավարության, սեփական ինքնության վերաիմաստավորում է դարձել»,- մեկնաբանեց Լ. Սարգսյանը:
Գրիգոր Խաչատրյանը տառացիորեն ինքն իր արվեստի նյութն է: Նա չի ընդունում պիտակներ` «գրող», «նկարիչ», «արվեստագետ»գ Դեռեւս 1990թ. նա ֆոտոպերֆորմանս-մանիֆեստով հայտարարեց` «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ. Դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցն եք»:
Նա մերժում է միօրինակ առօրյան եւ տաղտուկը: Դրանց հակադրվելու համար վերջին տարիներին նա ստեղծել է «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոն» նախագիծը:
Նրա աշխատանքներից շատերը հայտնի իրադարձությունների, պաշտոնական լուսանկարների, մրցանակների հանձնման ծաղրապատճենումներն են:
Դավիթ Կարեյանը ժամանակակից արվեստի ամենապայծառ դեմքերից էր: Հիշեցնենք, որ 37-ամյա արվեստագետը մահացել է 2011թ. հունվարի 3-ին` Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դաժան ավտովթարի հետեւանքով: Նկարիչը վրաերթի էր ենթարկվել եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին: Դավիթն իր ստեղծագործություններով փաստում էր, որ նոր տեխնոլոգիաներն ազդում են ժամանակակից արվեստի վրա, եւ որ արվեստը քաղաքական եւ սոցիալական ակտիվություն հանդես բերելու միջոց է: Նա մի խումբ երիտասարդ արվեստագետների հետ 1995թ. ստեղծել էր «ԱԿՏ» խումբը: Իր վերջին` «Նոր տեղայնություն» նախագծում Դ. Կարեյանը մտադիր էր ցուցադրել ինքնության նորովի ընկալումը հետարդյունաբերական դարաշրջանում: Իր այդ տեսիլքները նա տեղավորել էր 23 վեցանկյուն կտավների վրա: «Այս նախագծում, ժամանակակից մշակութային տարրալուծման գործընթացները ցուցադրելու միջոցով, ես փորձում եմ հարց տալ, թե արդյոք արդյունաբերական առաջընթացը հանգեցրել է մարդու տարածքային գերիշխանությա՞նը, թե՞ մարդն ինքն է ենթարկվել իր իսկ կողմից ստեղծված աշխարհի բացարձակ գերիշխանությանը»,- ասել է նա:
Արա Պետրոսյանն էքսպրեսիվ արվեստագետ է, ով արվեստի միջոցով քաղաքական եւ սոցիալական ուղերձներ է հղում: Սոցիալական ուղերձներ փոխանցելու ամենաազդեցիկ միջոցը համարում է տեսանյութը: Գրաֆիկայի եւ գեղանկարի միջոցով նա արտահայտում է իր անձնական փոխհարաբերություններն իրեն շրջապատող աշխարհի հետ: Ա. Պետրոսյանի համար 21-րդ դարում «արվեստն արվեստի համար» փիլիսոփայությունն այլեւս չի աշխատում, քանի որ արվեստը կյանքի արտացոլումն է:
Դիանա Հակոբյանի վրա մեծ ազդեցություն է ունեցել ամերիկյան ֆեմինիստ արվեստագետ Բարբարա Կրյուգերը: Նա նույնպես փոխառում է գովազդի լեզուն եւ այն համադրում տեքստերի հետ` առավելապես հենվելով պատկերների վրա: Որպես նեո-պոպ արվեստագետ` նա խաղարկում է սպառողականության տարրերը, որոնք Հայաստան են ներխուժել Խորհրդային Միության փլուզումից հետո եւ ամեն օր ռմբակոծում են մարդկանց հոգեկան աշխարհը: Դ. Հակոբյանը համարում է, որ մտքի մի վերահսկիչին փոխարինելու է եկել մեկ ուրիշը` գովազդային գործակալը:
Նարեկ Ավետիսյանը թվանշային նկարչությանն անդրադարձած առաջին հայ արվեստագետներից է: Նա համակարգչային ծրագրերի միջոցով մշտապես վերլուծում եւ բացահայտում է ստեղծագործականության մեխանիզմները եւ հնարավոր կապեր է որոնում ավանդական եւ արդիական տեխնոլոգիաների միջեւ: «Լույսի եւ հետքի տարածություններ» իր խոշոր նախագիծ-իլյուստրացիաներից մեկում նա կտավի վրա դաջում է իր ձեռնահետքերը` սինթեզելով արհեստականն ու բնականը: Նրա մյուս խոշոր նախագիծը «Ֆրակտալ արվեստն» է: Հենվելով ֆրակտալների մաթեմատիկական տեսության վրա, նա համակարգչային ծրագրով հարափոփոխ բիոմորֆիկ պատկերներ է ստեղծում:
Այդուհանդերձ, Նարեկը կարծում է, որ նոր տեխնոլոգիաները պարզապես գործիք են, եւ սխալ գործածելու դեպքում` դրանք կարող են մեզանից խլել մարդկայնությունը:
Լեւոն Ֆլջյանի համար արվեստի իմաստը մարդու իրավունքների, խոսքի ազատության, բնապահպանական խնդիրների, ֆեմինիզմի շուրջ դիսկուրսներ բերելն է: Նրա կարծիքով` այս երկխոսությունն այժմ հնարավոր է։ «Անտեսանելիները» շարքում պատկերված անդեմ եւ անանուն կերպարները կարող են մարմնավորել խորհրդային տարիների գործակալներին կամ խորհրդանշել հասարակության վերահսկողությունն իրականացնող նոր տեխնոլոգիաները: Համարում է, որ արվեստագետները պետք է մեկուսացված ապրելու փոխարեն` հասարակության մաս կազմեն. «Նրանք պարտավոր են ակտիվորեն աջակցել ավելի արդար աշխարհի ստեղծմանը եւ կիսել շրջապատող խնդիրների վերաբերյալ մոտեցումները»: