Այս օրերին Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» աշխատակիցները կրկին հայտնվել են անելանելի վիճակում: Շուկայի առեւտրականների փոխանցմամբ` տնօրինության կարգադրությամբ մինչեւ եկող տարվա հունվարի 6-ն իրենք պետք է ազատեն շուկան:
«Մեկ ամիս առաջ շուկայի նոր դիրեկցիան հայտարարեց: Մարատ անունով մեկն էր, որը դիրեկցիայի կողմից նշանակովի մարդ էր, եկավ, հապճեպ հին աշխատողներից 10-15 հոգի ազատեց աշխատանքից: Նրանք ուզում են իրենց աշխատողներին բերել»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայի աշխատակիցներից Ջուլիետա Սարգսյանը, ում խոսքով`շուկայի վաճառասեղանների մեծ մասն արդեն տեղափոխել են Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շուկա: Շուկայի աշխատակիցների խոսքով` թեեւ իրենց առաջարկել են տեղափոխվել վերոնշյալ շուկա, բայց իրենք «Փակ շուկայից» հեռանալու որեւէ ցանկություն չունեն: Իսկ շուկան չլքելու համար իրենք, ինչպես ասացին, իրենց հիմքերն ունեն: «Լավ, ենթադրենք` տեղափոխեցին, բայց չէ՞ որ այս շրջապատում 50.000 բնակիչներ կան, իսկ նրանք որտեղի՞ց պետք է առեւտուր անեն»,- ասաց շուկայի աշխատակիցներից մեկը` ավելացնելով, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շուկայում աշխատատեղերը սահմանափակ են, եւ իրենց տեղեկություններով` այնտեղ «աշխատանքի տեղ չկա»: «Խնդիրն էն ա, որ շուկան օտարվում է, այլ ոչ թե ուզում են վերանորոգել: Սուպերմարկետ են ուզում բացել, իսկ էս շուկան մայրաքաղաքի եզակի շուկան է, որը չպետք է օտարվի»,- ասացին շուկայի աշխատակիցները: Ի դեպ, նշենք, որ աշխատակիցներից շատերը վախենում էին այս մասին խոսել, իսկ ոմանք էլ հավաքվում էին «բողոքող» աշխատակցի շուրջ եւ ուշադիր լսում նրան: «Մինչեւ հիմա ոչ մեկը ոչ մի բան չի ասել` մենակ ասել են, որ մինչեւ դեկտեմբերի վերջ պետք է ազատենք շուկան»,- ասաց աշխատակիցներից տիկին Կալիպսեն` ընդգծելով, որ շուկայի փակման հարցով նամակներով դիմել են ՀՀ Նախագահին, ԱԺ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին: Նամակներին կից ուղարկել են նաեւ շուկայի աշխատակիցների շրջանում արված ստորագրահավաքի արդյունքները` խնդրելով, որ շուկան չփակեն: Առ այսօր, սակայն, ըստ առեւտրականների` իրենց նամակներին պատասխան դեռ չեն ստացել:
Այսօր «Փակ շուկայում» աշխատում է շուրջ 200 մարդ: Շուկայի փակման դեպքում նրանցից ոչ մեկն այլեւս տեղ չունի գնալու, եւ ըստ վաճառականների` հարցն առավել քան լուրջ է: Շուկայի նոր տնօրինությունից նրանք պահանջում են` գոնե մինչեւ գարուն իրենց թույլատրեն աշխատել: «Մենք խոսել ենք տնօրինության հետ, բայց ասացին, որ չեն կարող ժամանակ տալ: Մեզ ասել են, որ մինչեւ հունվարի սկիզբ շուկան փակվելու է, քանի որ սկսելու են վերանորոգել: Բայց մեզ ոչ մեկն ի պաշտոնե չի ասել, որեւէ թուղթ չեն կպցրել պատին, չեն հայտարարել, որ շուկան վերանորոգվում է: Իսկ պատասխանատու մարդիկ գալիս ու հսկիչներին են ասում, որ` ձեւ չի, շուկան փակվելու ա, կանգնելու ա, թող վեշերը հավաքեն, մանրից ազատեն շուկան: Իսկ մեզ կոնկրետ պատասխանատու ոչ մի ղեկավար չի հավաքել ու պաշտոնապես չի հայտարարել այդ որոշման մասին: Մենակ ասում են` շուկան առել են, ու սեփականատերն էլ ինչ կուզի` կանի»: Իսկ սեփականատերը, նրանց լուրերով` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Դեռեւս անցյալ տարի կրկին լուրեր էին տարածվել, թե Ս. Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանից գնել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ շուկան», որը, սակայն, պաշտոնապես հերքել էր Ս. Ալեքսանյանը:
Ինչեւէ, մեզ հետ զրույցում «Փակ շուկայում» առեւտրով զբաղվողները եւս մեկ անգամ նշեցին, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ շուկայից, քանի որ առջեւում ձմեռ է, իսկ աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ` հատկապես Հայաստանի պես երկրում: «Եթե անգամ գան շուկան քանդեն` մենք դուրս չենք գալու»,- ավելացրեցին վաճառականները, ովքեր ամենաուշը հունվարի 6-ին պետք է հեռանան շուկայից: Մենք երեկ փորձեցինք այս մասին պարզաբանումներ ստանալ նաեւ շուկայի տնօրենից, ով, սակայն, այդ պահին աշխատանքի վայրում չէր: Շուկայի հաշվապահների փոխանցմամբ` տնօրենը «տեղում» չէ, իսկ շուկայի փակման մասին որեւէ պաշտոնական լուր չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին եւս լուրեր շրջանառվեցին այս շուկայի` վերանորոգման աշխատանքների պատճառով` փակման մասին: Վերանորոգման նպատակով անորոշ ժամանակով շուկայի հնարավոր փակման մասին լուրը ստանալուն պես առեւտրականները գործադուլ էին հայտարարել: Շուկայի սեփականատերերից նրանք կրկին խնդրում էին հետաձգել վերանորոգման աշխատանքները Ամանորյա տոներից հետո: Նրանք այն ժամանակ էլ ասում էին, որ վարկեր են վերցրել, պարտքեր կուտակել` ձմեռվա համար ապրանք գնել ու պահեստավորել, որպեսզի Ամանորի ընթացքում վաճառեն: Եվ շուկան անորոշ ժամանակով փակելու դեպքում նախապես գնած ապրանքը պահեստներում կփչանար, եւ իրենք չէին կարող վարկային պարտավորությունները կատարել: Այն ժամանակ շուկայի սեփականատերերը ընդառաջեցին առեւտրականներին: 2010թ. հոկտեմբերին շուկայի այն ժամանակվա տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ շուկայի նոր սեփականատերը պատրաստվում է շուկան տեսքի բերել: Այն ժամանակ նշվում էր, որ շուկայի սեփականատերը «Մովսես» ՍՊԸ-ն է, այնուհետեւ ասվեց, թե շուկայի նոր սեփականատերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Այդ լուրն այն ժամանակ հաստատել էր նաեւ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` նշելով, որ «Փակ շուկայի» 100%-անոց բաժնետերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն է, ով սեփականաշնորհման իրավունք ստացել էր տարիներ առաջ: Խ. Գալստյանը նաեւ նշել էր, թե շուկայի արտաքին տեսքը պահպանվելու է, եւ պետք է նաեւ ստորգետնյա կայանատեղի կառուցվի: Երեկ մենք կրկին փորձեցինք որոշ տեղեկություններ ճշտել ԲՀԿ նախագահի մամլո խոսնակից: Նա մեզ խորհուրդ տվեց զրուցել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի հետ. «Շուկայի հարցով զբաղվում է «Մուլտի գրուպը»: Զանգահարեցինք «Մուլտի գրուպի» նախագահ Ս. Առուստամյանին: Վերջինս ասաց, որ 2011թ. սեպտեմբերին իրենք շուկան վաճառել են ոմն Վահագն Մկրտչյանի: Հարցին, թե ո՞վ է Վ. Մկրտչյանը, ի՞նչ ընկերություն ունի, Ս. Առուստամյանը պատասխանեց, որ այդ հարցերին չի կարող պատասխանել, քանի որ տեղյակ չէ, իսկ ավելի հստակ` այսպես պատասխանեց. «Փող ունի, վաճառել ենք»:
Տվյալ դեպքում նույնիսկ կարեւոր չէ` ո՞վ է սեփականատերը. քաղաքի կենտրոնում գտնվող շուկայի ամբողջ շենքը եւ տանիքը, սանհանգույցը, ներքին հարդարանքը սարսափելի անմխիթար վիճակում են եւ լուրջ վերանորոգման կարիք ունեն: Մի կողմից, մարդիկ իսկապես Ամանորի վաճառքի համար մեծ գնումներ են կատարել, մեծ քանակությամբ ապրանք են պահեստավորել` սպասելով թեժ վաճառքի օրերին, մյուս կողմից` սեփականատերը ցանկանում է վերանորոգել, կարգի բերել շուկայի կիսաքանդ, անմխիթար վիճակը, ինչը բնական է, եւ դա սեփականատիրոջ իրավունքն է: Թերեւս, խնդրի լուծումը կլինի այն, որպեսզի սեփականատերերը եւ վարձակալ առեւտրականները բանակցեն եւ վերանորոգման աշխատանքները սկսելու համար փոխադարձ նպատակահարմար ժամկետներ սահմանեն: Այս պարագայում կարեւոր հանգամանք է այն, որ սեփականատերերը վաճառականներին որպես այլընտրանք առաջարկել են Երեւան քաղաքի մեկ այլ շուկա: