Այդ հանդիպումները հիմնականում տեղի են ունենում այս կամ այն բուհում՝ տվյալ բուհի ուսանողության ու դասախոսական կազմի հետ: Սակայն զարմանալի զուգադիպությամբ ամեն անգամ ուսանողներին «իրազեկելու» են գալիս մարդիկ, որոնց դիրքորոշումը վերոնշյալ հարցում չեզոք անվանելը դժվար է: Ու հենց այդ պատճառով էլ նրանք բոլորն էլ, խոսքները մեկ արած, սկսում են հավաքվածներին «իրազեկել», թե առաջարկվող փոփոխությունների ընդունվելու դեպքում մեզ ինչ պայծառ ապագա է սպասվում, կարճ ասած՝ «այո»-ի քարոզչություն են իրականացնում: Եվ ահա նոյեմբերի 17-ին նման մի հանդիպում տեղի ունեցավ Վահան Թեքեյան կենտրոնում: Երիտասարդության ներկայացուցիչների հետ այս անգամ հանդիպում էին ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ու Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Հանդիպման սկզբում Ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Ավագյանը կարծիք հայտնեց, որ իրենց սերունդն առանձնահատուկ է նրանով, որ մեծացել է խնդիրներով լի ժամանակաշրջանում: Նրա խոսքերով՝ առանց նոր Սահմանադրության ընդունման հնարավոր չէ մտածել ապագա բարեփոխումների մասին: «Պետք է գիտակցված «այո» ասել»,- ասաց նա ու ավելացրեց, որ Սահմանադրությունը չպետք է դիտել որպես կախարդական փայտիկ: Մ. Բադալյանն էլ երիտասարդներին կոչ արեց` լինել ավելի ազատամիտ ու ունենալ քաղաքացիական «ճիշտ կեցվածք»: «Դուք մեր ծիծեռնակներն եք եւ պետք է հասարակությանն ակտիվության օրինակ ծառայեք»,- դիմելով երիտասարդներին՝ ասաց նա: Մ. Բադալյանը նաեւ դժգոհեց, որ մարդկանց մի որոշակի խավի մոտ «պաշտոնյա» հասկացությունը բացասական էմոցիաներ է առաջացնում, ու նրանք այդ մարդկանց հանդեպ վատ են տրամադրվում: Իսկ Գ. Իսագուլյանն էլ անդրադարձ կատարեց հին ու նոր սերունդների արած գործերին: Նրա խոսքերով՝ հին սերունդն իր պարտքը կատարել է ազգի ու Հայրենիքի առջեւ՝ սկսած Հայրենական պատերազմից` մինչեւ Ղարաբաղյան շարժում: «Այժմ հերթն այս սերնդինն է, ձեր հերոսական էջերինը»,- շարունակեց նա ու որպես սկիզբ՝ կոչ արեց պարտքը կատարել` հանրաքվեին մասնակցելով ու «այո» քվեարկելով: Հանդիպման ընթացքում Գ. Իսագուլյանը նաեւ կարծիք հայտնեց, թե երիտասարդությունն ի սկզբանե տրամադրվածություն ունի «այո»-ի նկատմամբ ու, մինչեւ իշխանություններից ճշմարտություն պահանջելը, նախ` պետք է պարզի, թե «որն է ճշմարտությունը»: Պետք է նշել, որ հանդիպմանը ներկա էին ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող երիտասարդներ: Հենց վերջիններիս հարցերին պատասխանելիս էլ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականը բավականին նյարդայնացավ: Ընդդիմադիր երիտասարդները կասկածում էին, որ հանրաքվեն արդար կանցնի, ինչին Գ. Իսագուլյանը զայրացած պատասխանեց. «Նախօրոք տրամադրված լինել, որ մեզնից բան կախված չէ… Տղա ջան, եթե քեզնից բան կախված չի, ինչո՞ւ ես այս դահլիճում: Ինչո՞ւ եք ասում՝ մեզնից բան կախված չի»: Իսկ որպեսզի համոզի, որ ներկաներից, այնուամենայնիվ, ինչ-որ բան կախված է, Գ. Իսագուլյանը շարունակեց. «Հիշեք՝ հանրաքվեի ժամանակ իշխանությունը ձերն է, մերը չի»: Սակայն Գ. Իսագուլյանի զայրույթն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ Երեւանի Պետական համալսարանի ուսանողներից մեկը, խոսելով առաջարկվող փոփոխություններում նախագահի անձեռնմխելիության դրույթի մասին, օրինակ բերեց «Հոկտեմբերի 27»-ն ու փորձեց համեմատություն անցկացնել: Գ. Իսագուլյանը նախ հայտարարեց, որ հարց տվողն անձնապես վիրավորում է (չմասնավորեցրեց, թե ում) ու հետո ավելացրեց. «Դուք հասկանո՞ւմ եք. «Հոկտեմբերի 27» եք հիշում, անուններ եք տալիս: Խոսում եք սպանությունից ու ասում եք՝ կարող է, ինքն է արել»: Սակայն երբ հարց տվողն ընդգծեց, թե ինքը զուտ տեսական տարբերակի մասին է խոսում, Գ. Իսագուլյանը շարունակեց. «Ես էլ եմ տեսականորեն ասում»: Նախագահի խորհրդականի խոսքերով՝ իր համար շատ կարեւոր է, որ համալսարանում սովորող, երիտասարդ, մտածող տղան փորձի լավ յուրացնել ու չփորձի կրկնել այն, ինչ ասում են որոշ մարդիկ: Իսկ համառ ուսանողն էլ պնդեց, թե ինքը որեւէ մեկին չի կրկնում: «Այդ դեպքում ես ասելիք չունեմ»,- իր ասելիքը եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: