Ղազարին հարցաքննել են

09/12/2011

Նախօրեին Ոստիկանության 6-րդ վարչության 7 աշխատակիցներ ներխուժել էին արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Օհանյանի բնակարան եւ նրան բռնի ուժով տեղափոխել ԱԱԾ: Ա. Օհանյանին որեւէ ծանուցագիր չի ներկայացվել, թե ինչու պետք է նա ներկայանար ԱԱԾ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արմեն Օհանյանին հարցաքննել էին կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում, որը որեւէ կապ չի ունեցել Արմեն Օհանյանի հետ, այլ կապ է ունեցել նրա ընկերոջ հետ: 1in.am-ի փոխանցմամբ` Արմեն Օհանյանին հարցաքննել են ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանի գործով: Վերջինիս երեկ նույնպես հրավիրել են ԱԱԾ, եւ հարցաքննելուց հետո նա ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Ղազար Ավետիսյանը Անժելա Սարգսյանի նախկին ամուսինն է: Վերջինս, ըստ կայքի` մեղադրվում է կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: epress.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը հաստատել է լուրերը, որ Օհանյանն ԱԱԾ Քննչական վարչություն է «հրավիրվել» հարցաքննության` կեղծ միջնակարգ կրթության վկայական տրամադրելու վերաբերյալ քննվող գործի շրջանակներում: Իսկ Ա. Օհանյանն ասել է, թե իրեն ցանկանում են ներգրավել որպես վկա: «Իմ մտերիմ ընկերներից մեկի անունը կա այդ գործում, եւ ենթադրում եմ, որ մտածել են, որ իմ մոտիկ ընկերն է, ես կարող եմ որեւէ բան իմանալ: Ենթադրում եմ, որ որպես վկա են ուզում ներգրավել»,- ասել է Արմեն Օհանյանը: