Հասարակությունը նման է որբ երեխայի

09/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) կողմից բացասական տեղեկատվության հոսքը հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում հասարակության յուրաքանչյուր անդամի վրա՝ անկախ մասնագիտությունից, տարիքից եւ սեռից: Կարծես, ամեն օր «սրտատրոփ» սպասում ենք հերթական սպանության, ինքնասպանության, արտակարգ պատահարների, անչափահասների բռնաբարությունների դեպքերի, ընդ որում՝ օրեցօր դաժանություններն ավելի կատաղի ու աներեւակայելի դրսեւորումներ են ստանում, ինչի հետեւանքով մենք պարզապես կորցնում ենք մարդկային էության, բնորոշ զարմանքը՝ փոխարենը համակվելով ահագնացող վախով ու փոքր-ինչ դաժանությամբ: Իսկ որպես կանոն՝ մենք՝ լրագրողներս, երբեմն արձանագրելով փաստը, այդ պահին չենք էլ երեւակայում, թե հոգեկան ի՞նչ հույզեր ենք առաջացրել ընթերցողի կամ հեռուստադիտողի մոտ: Այս մասին մենք զրուցեցինք հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

– Պարոն Գասպարյան, ԶԼՄ-ների բացասական բնույթի տեղեկատվության հոսքն ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու հոգեբանության վրա:

– ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, կարծես թե, հայտնվում են բացասական երեւույթներն ու տպավորությունները, որոնք ավելի շատ են գայթակղում մեծ թվով մարդկանց: Համաձայն վերջին ուսումնասիրությունների` հնարավոր է մարդկանց հոգեբանական տրամվայի ենթարկել ԶԼՄ-ների միջոցով, եւ մենք կոնկրետ փաստեր ունենք: Հիշում եմ՝ տարիներ առաջ ՀՀ Խորհրդարանում տեղի ունեցած դեպքերից հետո (խոսքը հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին է.- Մ.Մ.) մեզ դիմեցին մարդիկ, ովքեր կամ որոնց ընտանիքները որեւէ առնչություն չունեին Խորհրդարանի հետ: Նրանց մոտ տանգապային վիճակներ էին առաջացել, երբ լուրերի թողարկմամբ տեսել էին մարդկանց սպանությունը: Մյուս հատկանշական օրինակը տեղի ունեցավ «Արմավիայի» դեպքերի ժամանակ (խոսքը Երեւան-Սոչի օդանավի դաժան ավիավթարի մասին է.- Մ.Մ). մենք ստեղծել էինք մեկամսյա հոգեբանական թեժ գիծ, որպեսզի օգնենք կորուստներ ունեցող ընտանիքներին: Որքան զարմանալի էր` առաջին օրը 4-5 հեռախոսազանգ ստացանք այդ ընտանիքներից, իսկ մնացած բոլոր հեռախոսազանգերը կատարել էին այն մարդիկ, ովքեր դիտել էին լուրերի թողարկումները, եւ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջացել:

– Մենք՝ լրագրողներս, մեր մասնագիտությունից ելնելով` ներկայացնում ենք այդ դեպքերը՝ հաճախ առանց հաշվի առնելու հոգեբանական բացասական ազդեցության գործոնը: Այդ դեպքերին չանդրադառնալ հնարավոր չէ: Իսկ ինչպես գրել այնպիսի զգայուն թեմաների մասին, ինչպիսի՞ք են ինքնասպանության, սպանության, անչափահասների բռնաբարության կամ ավտովթարների դեպքերը: Ի դեպ, մեր տեղեկություններով` վերջերս ամերիկահայերը այնտեղ հեռարձակվող հեռուստաընկերություններից պահանջել են ԱՄՆ-ում այլեւս չհեռարձակել «02» եւ այդ բնույթի հաղորդաշարերը: Հատկապես երեխաները տագնապային վիճակներում են հայտնվում նման հաղորդաշարեր նայելիս, որ հեռարձակվում են ամենաշատ դիտելիություն ունեցող` երեկոյան ժամերին:

– Հատկապես պետք է տարբերակել ինքնասպանության մասին լուրերը: Անգլիայում, ԱՄՆ-ում կատարված մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հնարավոր է մարդկանց մոտ առաջացնել նման խնդիրներ, եթե մենք շատ խոսենք այդ մասին: Այսինքն՝ այն մարդուն, որ գտնվում է անելանելի վիճակում եւ լսում է, որ եւս մեկ հոգի ինքնասպան եղավ, հնարավոր է` այդ լուրով առաջարկում ենք շաբլոն տարբերակ: Եթե մարդն անելանելի վիճակում է եւ մտածում է, որ չապրելն ավելի լավ է, մեռնելը` նախընտրելի, ապա ինքնասպանության մասին լուրը կարող է կյանքին հրաժեշտ տալու ցանկություն առաջացնել:

– Մեզանում այս օրերին ամենացավոտ թեմաներից մեկը բանակում կատարվող ինքնասպանությունների կամ սպանությունների դեպքերն են: Վերջերս ինձ ծանոթ զինվորներից մեկի մայրը հուզված նշեց, թե ամեն օր վախով եւ տագնապով է հետեւում լուրերին: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել՝ չգրե՞լ, թույլ տալ, որ հանցագործությունները շարունակեն ստվերո՞ւմ մնալ, թե՞ գրել՝ ցավ պատճառելով զինվորների ծնողներին:

– Կարծում եմ՝ մասնավոր հարցերի եւ երեկոյան ուշ թողարկումների ժամանակ օգտակար է խոսել այդ խնդիրների մասին, եւ խնդիրները չեն լուծվում հասարակությունից թաքցնելով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ընտանիքի անդամները միասին են ապրում, եւ երեխան հաճախ չի ունենում իր առանձին սենյակը, այդ լուրերի թափանցելիությունը դեպի նոր սերունդն ավելորդ տագնապայնություն է առաջացնում բանակի նկատմամբ: Ի վերջո, որքան էլ ձեւացնենք, թե 20-ամյա մեր անկախությունը պետք է պաշտպանենք բանակով, մեր բանակը 20 տարեկան է, դրանք գուցե հայրենասիրական գեղեցիկ պոստուլատներ են: Երբ հարցը վերաբերում է կոնկրետ ընտանիքին, որտեղից ինչ-որ մեկը պետք է ծառայության անցնի, տագնապային վախի դրսեւորումներ են առաջանում: Ինչպես դպրոցը, այնպես էլ բանակը հասարակության մեջ առկա արատավոր բոլոր երեւույթների խտացված տեսակն է: Եվ մեր բանակի մեջ տեսնում ենք, թե ինչպես են հրամանները վերեւից ներքեւ իջնում, իսկ հետադարձ կապ կարծես չկա, եւ կարեւոր չէ, թե ինչպես են իրենց զգում, այսպես ասած՝ «ներքեւում» ապրողները: Նույնը կատարվում է հասարակության մեջ: Իշխանությունը կազմակերպում է ձեռնարկներ, որոնք, թվում է՝ հօգուտ հասարակությանն են, մինչդեռ դրանք ուղղված են փոքր թվով մարդկանց: Ամփոփելով միտքս՝ կարող եմ նշել, որ հատուկ մամուլ կարելի է ստեղծել, ենթադրենք` զինվորական պարբերականներ կամ սոցիալական հարցերով զբաղվող հաղորդումներ, որոնց թողարկման ժամերը մատչելի չլինեն երեխաների համար: Այդ դեպքում միգուցե ավելի մեծ հաջողություններ արձանագրենք բանակում: Մի զորամասում տեղի ունեցած դժգոհությունը կարող է տպավորություն ստեղծել, որ ամեն օր բանակի բոլոր զորամասերում նման դեպքեր են կատարվում: Իսկ այդ ձեւով մենք դժվարացնում ենք նաեւ մեր կյանքը, հեղինակազրկում բանակը, եւ ի վերջո, խարխլում պետության հիմքերը:

– Բայցեւայնպես, այդ բոլոր բացասական երեւույթները կատարվում են մեր շուրջ: Դա մեր իրականությունն է:

– Հայաստանյան ԶԼՄ-ները, կարծես, չեն կենտրոնանում դրական երեւույթների վրա, լուրերը դարձնում են բացասական էմոցիաների աղբյուր, ինչը հետագայում մենք իրար ենք բաժանում հասարակության մեջ: Նույն խնդիրը նաեւ հեռուստասերիալների դեպքում է, որտեղ երբեմն այնպիսի գռեհիկ դրսեւորումներ կան: Մի կողմից` նախկին հասարակարգում մենք խուսափում էինք գրաքննությունից՝ գտնելով, որ այն սահմանափակում է ժողովրդավարությունը եւ այլն, այնինչ այսօր հոգեբանական գրաքննության ձեւավորման հարց է ծագում, որպեսզի հասարակությունը գոնե զերծ լինի բացասական հույզերից: Իսկ հեռուստաընկերությունները, կարծես, խնդիր են դրել իրար չխանգարելու՝ լուրերի թողարկման ժամերը հաջորդում են իրար: Ամերիկայում կամ եվրոպայում կան լուրերի հեռուստաալիքներ, եւ քաղաքականությամբ հետաքրքրվողները հետեւում են դրանց: Լրատվամիջոցները նաեւ որոշակի խարանի ստեղծողներ են: Խարանն այն ստիգման է, որն առաջանում է հոգեկան հիվանդությունների, բանակում կատարված դեպքերի, ինքնասպանությունների եւ այլ նյութերի հետեւանքով: Ամեն օր հիվանդանոցներում բազմաթիվ երեխաներ են բուժվում, որոնց մասին չեն գրում, այնինչ բժշկի սխալի հետեւանքով մահացած երեխայի մասին անմիջապես գրվում է: Ընդ որում՝ շատ հաճախ այդպես էլ չեն մեկնաբանում դեպքի դրդապատճառները:

– Այնուամենայնիվ, տպավորություն է, թե երկրում մի տեսակ պրկված, նյարդային վիճակ է: Հաճախ դա պայմանավորում են սոցիալական վատ պայմաններով: Ի՞նչ ազդեցություն ունի սոցիալական գործոնը մարդու հոգեկան վիճակի վրա:

– Սոցիալական գործոնը կարեւոր, բայց միակ գործոնը չէ, որպեսզի մարդն իրեն երջանիկ զգա: Շատ դեպքերում սոցիալապես ապահովված մարդիկ չեն գտնում հոգեկան ապահովություն, եւ հայտնվում են կասկածամտության ճիրաններում, անպաշտպանության զգացումներ են ունենում եւ այլն: Հասարակության մեջ առկա է ապագայի անորոշության խնդիրը: Տեւական ժամանակ է՝ ԶԼՄ-ները խոսում են արտագաղթի եւ հնարավոր նոր արտահոսքի մասին: Կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց ապագայի երաշխիքները չստանալով Հայաստանում` ապագայի հեռանկարները փնտրում են արտերկրում: Նաեւ նրանք, ովքեր հոգեբանորեն անպաշտպանության, ապագայի անկանխատեսելիության ապրումի մեջ են: Գիտեք՝ կոմունիզմի, թերեւս, ամենամեծ հաղթանակներից մեկը ապահովության իլյուզիայի, պատրանքի ստեղծումն էր: Իհարկե, ասածս չի նշանակում, թե կոմունիզմը լավագույն հասարակարգն էր աշխարհում, ավելին՝ ինքս դեմ եմ կոմունիզմի մի շարք դրույթների, բայց այսօր մենք՝ իբրեւ ազատական փիլիսոփայության հետեւորդներ, կորցնում ենք ազգային կարեւոր խնդիրներ, քանի որ համաշխարհայնացումը կլանում է նաեւ մեզ: Մյուս կողմից՝ մենք կորցնում ենք նաեւ հոգեբանական եւ սոցիալական պաշտպանվածության զգացումները, իսկ դրանք այնպիսի գործոններ են, որոնք կարող են մարդուն հասցնել վատթարագույնին՝ հոգեկան խանգարումների:

– Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս աշխատել, որպեսզի լրագրողը հնարավորին չափ նվազագույն բացասական հույզեր պատճառի նշյալ թեմաներին անդրադառնալիս:

– Հստակ բաժանել ոլորտները՝ մշակույթ, քաղաքականություն…

– Բայց ոլորտների այդ բաժանումն արդեն իսկ կա:

– Իհարկե, բայց մշակույթի մասին գրվում է թերթի վերջին էջում: Նույնն է նաեւ Ձեր թերթի պարագայում, այո՞: Մենք պետք է չկորցնենք համամասնությունը: Տարիներ առաջ մշտապես կարդում էի որոշակի թերթեր, բայց հետո հասկացա, որ դա պարզապես ավելորդ տեղեկատվություն է, որ կարող է ծանրաբեռնել մեզ: Այսօր ընդհանրապես թերթ չեմ կարդում: Սա էլ մյուս ծայրահեղությունն է (ժպտում է.- Մ.Մ.): Որպես կանոն՝ թերթերի պատվիրատուներն ունեն իրենց շահերը, որտեղ առաջանայինը կուսակցության, իշխանատենչության, նյութապաշտության հարցերն են, եւ, կարծես, չկա հասարակության շահը: Հասարակությունը նման է որբ երեխայի: Ամեն դեպքում պետությունը պետք է ստեղծի կոմունիստական կարգերի պաշտպանվածության պատրանքը:

– Իսկ ի՞նչ անի հասարակությունը` սպասի` մինչեւ այդ պատրանքը կստեղծե՞ն:

– Յուրաքանչյուր ոք պետք է գտնի իր դրական հույզերի լիցքավորման աղբյուրը: Դա կարող է լինել արվետը, սպորտը, ընտանիքը եւ այլն: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է չմոռանանք դա անել, այնպես, ինչպես չենք մոռանում հեռախոսը լիցքավորել: Մենք բոլորս դրական լիցքերի կարիք ունենք, իսկ հոգեկան առողջության համար իրական լավատեսությունն անհրաժեշտ է, այլապես վատատես մարդու բացասական սպասելիքներն արդարանում են: Հասարակությունը ոչ թե պետք է սպասի, թե նոր նախարարություն կբացվի, որտեղ իրենց խնդիրները լուծում կստանան եւ այլն, այլ հասցնի ստեղծել այն ամենը, ինչը կգեղեցկացնի իր կյանքը: Ի վերջո, կյանքը շատ արագ է անցնում: Իսկ լուրերը պետք է լինեն հավասարակշռված: Նկատի չունեմ, թե բացասական լուրերը պետք է չասել: Մեր լրատվական դաշտը հիմնականում կենտրոնացել է բացասական հույզեր առաջացնող լուրերի վրա: Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանի ԶԼՄ-ները վերանայեն դաշտը՝ հավասարապես լուսաբանելով բացասական եւ դրական հույզերով երեւույթները: Խնդիրը նաեւ մյուս ծայրահեղությանը չհանգելն է՝ ցույց տալով, թե երկրի գյուղատնտեսությունը կամ տնտեսությունն ինչպիսի արագ տեմպերով է զարգանում: Սա եւս ծայրահեղություն է: