Շարունակում է թանկանալ

08/12/2011

Դրամը շարունակում է արժեզրկվել, չնայած այն հանգամանքին, որ երեկ դոլարի նկատմամբ պահանջարկը նվազել է։ ՀՀ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել՝ դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկման պատճառով: Պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 373.5 դրամը, մինչդեռ առաջարկի գինը չի իջել 384.75 դրամից։ Եթե նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան արժույթի առքի գինը կայուն կերպով իջնում էր՝ 382-ից հասնելով 379 դրամի, ապա դեկտեմբերի առաջին շաբաթում փոխարժեքի շուկան սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ։ Դոլարը սկսեց անշեղորեն թանկանալ՝ առքի գինը հասցնելով մինչեւ 383 դրամի։