Շտապ օգնություն է եկել դատարան

08/12/2011

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: news.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 6-ի նիստում մեղադրյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը բացարկ էր ներկայացրել դատախազ Հարություն Հարությունյանին, ով դատարանում հանդես է գալիս որպես մեղադրող: Ըստ պաշտպանի` նախաքննությունն իրականացվել է մի շարք խախտումներով: Եվ երեկվա նիստի հենց սկզբում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը մերժել է բացարկը` հայտարարելով, որ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Ըստ կայքի` երեկ նախատեսված էր առանցքային վկաներից մեկի` շարքային Արման Մնացականյանի ցուցմունքը: Սակայն դատական նիստի հենց սկզբում Արտակ Նազարյանի դասակի երեք շարքայինների կողմից ներգրավված փաստաբաններից Ալվարդ Մնացականյանը դատավորին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալ Մխիթար Մխիթարյանը վատառողջ է: Դատավորը խնդրել է շտապ օգնություն կանչել դատարան եւ ընդմիջում է հայտարարել: Հիվանդի զննումից հետո բժշկի խորհրդով դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրյալ Մխիթար Մխիթարյանը գլխապտույտ եւ սրտխառնոց է ունեցել: «Մեզ անհրաժեշտ է առողջ մեղադրյալ»,- ըստ կայքի` ասել է դատավոր Մարդանյանը: News.am-ի հաղորդմամբ` դատական նիստի հետաձգումը բողոքի ալիք է բարձրացրել դատարանում: Դատավորի որոշումից դժգոհ էին նաեւ անառողջ մեղադրյալի ծնողները: «Հեռվից ենք գալիս, ինչքան կարելի է հետաձգել: Առանց իրա շարունակեք նիստը»,- ասել է Մխիթար Մխիթարյանի մայրը: Սակայն դատավորը հայտարարել է, որ նիստը առանց նրա շարունակել չի կարելի: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ 14-ին:

Մեղադրյալների ծնողները խնդրել են դատավոր Մարդանյանին` թույլ տալ տեսնել իրենց երեխաներին, սակայն դատավորը մերժել է խնդրանքը: Ծնողները որոշել են դուրս գալ դատարանից եւ իրենց երեխաներին փորձել տեսնել դատարանից դուրս տանող մեքենաներում: Սակայն սա եւս ծնողներին թույլ չի տրվել: