Ձուն կբավարարի

08/12/2011

«Ամանորի նախօրեին ձվի շուկայում խուճապն ու դեֆիցիտը բացառվում է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է փորձագետ, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը: Ըստ նրա, Հայաստանում արդեն պահուստավորված է 5 մլն հատ ձու, սպասվում է եւս 5 մլն հատ ձվի ներկրում, իսկ տեղական թռչնաֆաբրիկաները կարտադրեն մոտ 35 մլն հատ հավկիթ, ինչը Մ. Եփրեմյանի պնդմամբ ամբողջությամբ կարող է բավարարել պահանջարկը: Ուշագրավ է, որ անցյալ տարի եւս, այն ժամանակ` դեռեւս որպես Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն, Մ. Եփրեմյանը բացառում էր ձվի թանկացումը, սակայն Ամանորի նախօրեին ձուն թանկացավ գրեթե 3 անգամ: Այս անգամ, ըստ Մ. Եփրեմյանի, ձու արտադրողները եւ Գյուղնախարարությունը անհրաժեշտ դասեր են քաղել նախորդ տարվա ճգնաժամից, եւ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տանում: Ձվի ճգնաժամը Մ. Եփրեմյանը պայմանավորում է սպառողների վարքագծով, որոնք անհիմն ձու են կուտակում սառնարաններում: Ըստ Մ. Եփրեմյանի` հայերն աշխարհի «ամենաձվակեր» ազգերի թվում են` տարեկան յուրաքանչյուրը սպառում է 284 հատ ձու: Այդ ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: