Եթե նկատել եք, մեր տնտեսական պաշտոնական վիճակագրությունը ահագին հոդաբաշխ է: Այսինքն` տնտեսության բավական ներկայանալի պատկեր է նկարագրում: Անկախ այն փաստից` որեւէ նախարարությո՞ւն է այն հրապարակում, Ազգային վիճծառայությո՞ւնը, թե՞ Կենտրոնական բանկը: Բազմաթիվ կետերով դրանք չեն համընկնում տնտեսության իրական վիճակի հետ, բայց կուռ են ու տրամաբանական: Զուտ այդ պատճառով մասնագետների մի մասը կորցրել է հետաքրքրությունը տնտեսական պաշտոնական վիճակագրության նկատմամբ: Հատկապես բանկային վիճակագրությամբ: Որովհետեւ այնտեղ ամեն ինչ չափած-ձեւած ու հարմարեցված է: Օրինակ, բանկերի կողմից տնտեսության վարկավորման տվյալները: Մեր կենտրոնական բանկը դրանք պարբերաբար հրապարակում է: Պուպուշ թվեր են այն մասին, թե վարկերի որ մասն է բաժին ընկնում արդյունաբերությանը, որքան` գյուղատնտեսությանը, առեւտրին, ծառայությունների ոլորտին, եւ այլն: Դրանք իրենց կառուցվածքով տնտեսագիտության որակյալ դասագրքից արտագրված աղյուսակ են հիշեցնում: Վերջին հրապարակումն էլ ոչնչով չէր տարբերվում նախորդներից: Նախ` նշվում էր, որ առեւտրային բանկերը մոտ 2.9 մլրդ դոլարի չափով վարկավորել են տնտեսությունը: Մեր տնտեսության համար բավական պատկառելի թիվ է: Բայց հաջորդ իսկ նախադասությունները փչացնում են պատկերը: Որովհետեւ պաշտոնապես արձանագրվում է, որ վերջին ամիսներին նկատվում է «վարկերի դոլարիզացիայի աճ»: Մեր առեւտրային բանկերի տրամադրած վարկերի 62 տոկոսը տրվել է տարադրամով: Սա ինչ-որ իմաստով կարելի է համարել ազգային դրամի նկատմամբ բանկային համակարգի վստահության ցուցանիշ: Ավելի ճիշտ, վստահության բացակայության ցուցանիշ: Նախ` այս գործընթացը միայն վերջին ամիսներին չէ, որ բնորոշ է: Բանկերը, արդեն մի քանի տարի է` գերադասում են պարտք տալ ավելի կանխատեսելի վճարամիջոցով: Ազգային դրամի 20 տոկոսանոց հանկարծակի ու միանգամից արձանագրված արժեզրկումը լուրջ դաս էր: Իսկ տնտեսության այն հատվածում, ուր օրենսդրությունն արգելում է տարադրամով վարկ տալ, բանկերը բարձր տոկոսադրույքներով են մեղմում ռիսկայնությունը: Հատկապես մանր ու միջին բիզնեսն է բողոքում վարկերի բարձր տոկոսադրույքներից: Ու այդ պատճառով էլ նրանք վարկային պորտֆելում իրենց բաժինը չունեն: Պաշտոնական տվյալներով` մեր բանկային կապիտալի վարկավորման մեջ արդյունաբերությանը բաժին է ընկնում մոտ 260մլրդ դրամ վարկ: Համարյա այդքան էլ ներգրավել է առեւտրի ոլորտը: Բանկային կապիտալի գյուղատնտեսության վարկավորումը ոչ մի կերպ համադրելի չէ ոչ առեւտրի ոլորտի, ոչ էլ սպառողական վարկերի ծավալի հետ: Բանկերից գյուղատնտեսությունը «ստացել է» ընդամենը 70 մլրդ դրամ: (Եվս 19 մլրդ դրամ գյուղատնտեսությունը պարտք է վերցրել վարկային տարբեր կազմակերպություններից): Համեմատական իմաստով չափազանց մեծ է սպառողական վարկերի չափաբաժինը՝ մոտ 200 մլրդ դրամ: Ավտոմեքենա, սառնարան, հեռուստացույց ու այլ կենցաղային իրեր գնելու համար բնակչությունը 500 մլն դոլարից ավելի պարտք է վերցրել: Դրամով տրված վարկերի ռիսկայնությունն էլ առեւտրային բանկերին ստիպում է բարձր տոկոսադրույքներ սահմանել: Օրինակ` հիպոթեքային վարկերի ծավալը մոտ 105 մլրդ դրամ է: Այդ գումարից 45 մլրդ-ը տրամադրվել է տարադրամով, իսկ 60 մլրդ-ը՝ ազգային դրամով: Այս թվերի համադրումից ակնհայտ է, որ բանկային համակարգը «ստիպված է» բարձր տոկոսադրույքներ սահմանել: Բայց բարձր տոկոսադրույքների պատճառով էլ բանկային վարկերը պակաս հրապուրիչ են տնտեսության իրական հատվածի համար: Հատկապես մանր ու միջին գործարարության համար: Իսկ դրանց աջակցման մասին խոսելը մեր կառավարության ամենասիրելի թեմաներից է: Խոսելը, բայց ոչ աջակցելը: Ազգային դրամով տրվող վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով հենց ավելի ազատականացվեց տարադրամով վարկ տալու պայմանները: Դա, իհարկե, հնարավորություն տվեց բանկերին այս կամ այն չափով ներգրավվել երկրի տնտեսական համակարգում: Բայց պաշտոնական վիճակագրության համաձայն` տնտեսության ոչ բոլոր ոլորտներն են վարկային միջոցների կարիք զգում: Հանքարդյունաբերության ոլորտը դրա դասական օրինակն է` իր ընդամենը 22 մլրդ դրամանոց վարկով: Այս թվից, իհարկե, պարզ է, որ մեր հանքարդյունաբերության սեփականատերերը չափազանց հարուստ են: Հետեւաբար, օտար՝ բանկային փողերի անհրաժեշտություն չունի: Առեւտրային բանկերի տրամադրած վարկերի կառուցվածքն ակնհայտ է դարձնում այն, որ սպառողական վարկերը չափազանց մեծ մասնաբաժին ունեն: Դրանք հիմնականում ազգային դրամով տրամադրված վարկեր են: Հետեւաբար, հենց դրանք էլ կրում են դրամի արժեզրկման սպասումների հիմնական բեռը: Փորձագետների գնահատմամբ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված վարկերի մի մասը տնտեսություն չի ուղղորդվում: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ սպառողական վարկերի պաշտոնապես հայտարարվող ծավալն իրականում ավելի մեծ է: Ուստի տրամադրվում են բարձր տոկոսադրույքով: Ու քանի դեռ բնակչությունը կարողանում է օգտվել սպառողական վարկերի համակարգից, այսինքն` քանի դեռ կարողանում է արտերկրից ֆինանսական միջոցներ ներկրել, այդ տոկոսադրույքները չեն նվազի: Հետեւաբար` վարկային միջոցների դերը տնտեսության զարգացման գործում կմնա խիստ սահմանափակ: Այլ կերպ ասած` գործարարությամբ կշարունակի զբաղվել միայն անհրաժեշտ միջոցների սեփականատերը: Ինչի արդյունքում տնտեսության նոր ու նոր ոլորտներ կհայտնվեն խոշոր սեփականատերերի ձեռքում՝ ձեւավորելով իր տեսակի մեջ եզակի մոնոպոլիստական տնտեսություն: